KFOR և Saber Junction զորավարժություններին Հայաստանն էլի է մասնակցել. նախկինների հավասարակշիռ քաղաքականությունն ու Փաշինյանի անկարողությունը
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը մասնակցելու է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների, և ոչ թե Defender-23 («Պաշտպան 23») զորավարժություններին, որոնք սկսվելու են ապրիլի 22-ին։
«ՀՀ պաշտպանության նախարարությունն ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին»,- 168.am-ին ասել էր ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Հայաստանը, որը միջազգային խաղաղապահ առաքելությանն անմիջական մասնակցություն է ապահովել 2004թ. փետրվարից, երբ հայ խաղաղապահ զորախումբը մեկնել էր Կոսովո` սկզբում հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու, իսկ 2012թ. հուլիսից՝ արդեն ամերիկյան հրամանատարության ներքո, նշված զորավարժություններին առաջին անգամ չէ, որ մասնակցելու է:
Մասնավորապես, 2014 թվականի հունվարի 13-ից փետրվարի 2-ը ՀՀ զինված ուժերի 75 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը ԳԴՀ-ում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում մասնակցել էր «Կոսովոյի ուժեր» հերթական բազմազգ զորավարժությանը:
Զորավարժության նպատակն էր Կոսովոյին նմանեցված պայմաններում իրականացնել մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղարար, կայունացման գործողությունների, ամբոխի կառավարման, պարեկային ծառայության իրականացման և այլ վարժանքներ ու բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի խաղաղապահ կարողությունների և փոխգործակցելիության մակարդակը: Առաջին անգամ նշված զորավարժության շրջանակներում անցկացվել էր նաև կրակի հաղթահարման վարժանք:
«Կոսովոյի ուժեր» զորավարժությանը ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները մասնակցել են նաև 2020-ին՝ Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում: Հայ խաղաղապահներն այստեղ աչքի էին ընկել հմուտ և կազմակերպված գործողություններով և արժանացել զորավարժության կազմակերպիչների բարձր գնահատականներին: Այս զորավարժության շրջանակում տարբեր միջոցառումներին ՀՀ մասնակցության մասին կարելի է շարունակել:
Ինչ վերաբերում է Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին, ապա դրան ևս Հայաստանը տարբեր տարիների մասնակցել է: Մասնավորապես, 2015-ի ապրիլին այս նպատակով Գերմանիա էր մեկնել Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի՝ 36 հոգուց բաղկացած ստորաբաժանումը: Ավելին, այդ օրերին նախագահ Սերժ Սարգսյանը Russia Today-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ Ծիծեռնակաբերդում ասել էր, որ ՆԱՏՕ-ի կազմակերպած այս զորավարժությանը ՀՀ ԶՈւ խաղաղապահների մասնակցությունը չի խանգարում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելուն:
2016-ին ևս ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը գերմանական Հոհենֆելսում տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում մասնակցել է «Միաձուլված սուր-2016» (Saber Junction 2016) բազմազգ զորավարժությանը:
Նշված զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովել էր ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն: Գործարկվել էր ՀՀ զինված ուժերի ամերիկյան EMEDS համակարգի շարժական դաշտային հոսպիտալը:
Հավելենք, որ 2015թ. սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել էր ՀՀ ԶՈւ խաղաղապահների առաջիկա ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանը ստանձնել է նոր հանձնառություններ:
«Բոլորովին վերջերս ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մեր ապագա մասնակցության և համապատասխան կարողությունների զարգացման ու տրամադրման առումով մենք ստանձնել ենք նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստումը և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը:
Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման պարագայում առանցքային է եղել ԱՄՆ-ի, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցների և մյուս անդամ պետությունների դերակատարությունը, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում:
Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի՝ թե՛ մեծ, թե՛ փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահությունը՝ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը: Այսօր մեզ դեռևս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր` այն առավել ամրապնդելու համար: Ակնհայտ է, որ միայն համապարփակ, համադրված ու կշռադատված մոտեցմամբ է հնարավոր ունենալ խաղաղ և ապահով աշխարհ»,- հայտարարել էր ՀՀ երրորդ նախագահը:
ՀՀ ՊՆ առաջարկած առաջին ստորաբաժանումը կամ միջազգային չափորոշիչներով ԴԵՐ-2 (Role 2) մակարդակի դաշտային հոսպիտալն իրենից ներկայացնում էր շարժական արագ տեղափոխվող հոսպիտալային համակարգ, որը տեղակայվելու էր վտանգավոր գոտու անմիջական հարևանությամբ, ունենալու էր առաջին մասնագիտական բժշկական օժանդակություն տրամադրելու կարողություն:
Այսինքն, խնդիր էր դրված հիվանդ կամ մարտի դաշտից դուրս բերված վիրավոր անձնակազմի վիճակը կայունացնել` անհրաժեշտության դեպքում իրականացնել անհետաձգելի վիրահատական միջամտություն, և ապահովել նրա ապահով էվակուացիան դեպի հոսպիտալներ` հետագա բուժումն անցնելու նպատակով:
Համակարգն ունենալու էր վիրահատական և կարճատև հոսպիտալացման հնարավորություններ:
«Մեր այս ստորաբաժանումը ստեղծվելու է ԱՄՆ-ի կողմից 2007 թվականին տրամադրված ԻՄԵԴՍ դաշտային հոսպիտալի հիման վրա: Երկրորդ ստորաբաժանումը դա ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորական գումարտակն է, որը այժմ Հայաստանի տարածքում իրականացնում է հումանիտար ականազերծում: Գումարտակը համալրվելու է վերջին տարիներին ահաբեկչական խմբավորումների կողմից լայնորեն կիրառվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման տեխնիկայով, անձնակազմն անցնելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրաստում և տեղակայման դեպքում ապահովելու է միջազգային ուժերի կամ տարածաշրջանի բնակչության անվտանգ տեղաշարժը:
Ստորաբաժանումների պատրաստման համար մենք պլանավորել ենք բավականին հավակնոտ ծրագիր, նախատեսում ենք աշխատանքներն ավարտել 2-3 տարվա ընթացքում: Սակայն ոչ բոլոր հարցերն են կախված հայկական կողմից:
Անձնակազմի պատրաստումը պետք է իրականացվի մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, ունենք նաև տեխնիկական վերազինման խնդիր, որի լուծման հարցում նույնպես ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը:
Առաջին փուլում նախատեսում ենք վերապատրաստել գնահատող անձնակազմին, այնուհետև մինչև հիմնական գնահատման զորավարժությունը, ստորաբաժանումները կմասնակցեն մի քանի միջազգային զորավարժությունների:
Նշված երկու ստորաբաժանումներն էլ զուգահեռ հավաստագրում են անցնելու թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՄԱԿ-ի կողմից: Ստորաբաժանումների պատրաստումից և հավաստագրումից հետո դրանք կհամալրեն ՄԱԿ-ի, այսպես կոչված, «Խաղաղապահ կարողությունների պահեստային ուժերը», այսինքն` ՄԱԿ-ը նման ստորաբաժանումների անհրաժեշտության դեպքում կդիմի Հայաստանին՝ դրանք այս կամ այն առաքելության շրջանակներում տեղակայելու խնդրանքով, ինչին Հայաստանը կարձագանքի համաձայն ներպետական ընթացակարգերի: Ստորաբաժանումները կլինեն ճկուն և պատրաստ կլինեն տարածաշրջանային յուրահատկությունների առկայության դեպքում հատուկ նախատեղակայման վարժանք անցնելուց հետո` տեղակայվել ցանկացած տարածաշրջանում»,- 2015-ին Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնել էր այդ ժամանակ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Ի դեպ, նախկին իշխանությունների օրոք ՀՀ խաղաղապահները մասնակցել են նաև Saber Guardian զորավարժություններին, օրինակ՝ 2013-ին, 2014-ին:
Այս զորավարժության նպատակը՝ բարձրացնել զինվորական ստորաբաժանումների համատեղելիությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում, ամրապնդել ռազմավարական տարածաշրջանային գործընկերությունը, ընդլայնել և ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության ոլորտում:
Մենք մասնակցություն ենք ապահովել նաև Noble Partner զորավարժություններին, օրինակ՝ 2017-ին:
Այսինքն, նախկին իշխանությունների օրոք ՆԱՏՕ-ի հետ այս տեսակ փոխգործակցությունը բավականին ակտիվ էր, և դա չէր արվում ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հաշվին, կամ այնպես էր արվում, որ կողմերն ընդունեին այդ հավասարակշռված քաղաքականության փաստը:
Ժամանակին ՊՆ առաջին տեղակալի պաշտոնում Դավիթ Տոնոյանը բազմիցս հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն և ՆԱՏՕ-ն անվտանգության խնդիրների լուծման համար միանգամայն տարբեր մոտեցումներ ունեն, բայց Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ հաշվի առնելով՝ ինչպես իր, այնպես էլ՝ գործընկերների ու դաշնակիցների շահերը։
Այսինքն, ՆԱՏՕ–ի շրջանակներում համագործակցությունը փոխլրացնող գործընթաց է:
Սա ավելի ուշ հաստատել էր պաշտպանության այսօր արդեն նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
Մասնավորապես, 2017-ին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում նախարար Վիգեն Սարգսյանն ասել էր.
«ՆԱՏՕ-ն իրականացնում է ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղարար գործողությունների մի ամբողջ շարք: Հայաստանի համար շատ կարևոր և օգտակար է նման բազմազգ խաղաղարար գործողություններին առնչվող գիտելիքներ և փորձ ձեռք բերելը:
Դա, մի կողմից, մեզ կօգնի ձևավորել սեփական խաղաղարար ունակություններ, ունենալ զորակազմ, որն անցել է մարտական պատրաստություն տարբեր իրական պայմաններում և, միաժամանակ, ձևավորել միջազգային խաղաղասիրության առավել լիարժեք պատկեր և ընկալում, այդ թվում` հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա հակամարտությունները: Հետևաբար, կարծում եմ, այստեղ գաղտնիքներ և անակնկալներ ոչ ոքի համար չպետք է լինեն:
Բացի այդ, մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերության անհատական ծրագիր: Այն ուղղված է առաջին հերթին զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության զարգացմանը, այն բաղադրիչի ամրապնդմանը, որը հիմնված է կառավարման խորհրդարանական ձևերի վրա` ինչպես ՆԱՏՕ-ի շատ անդամ երկրներում: Մենք իրականացնում ենք նախագծերի մի ամբողջ շարք, որոնք նպաստում են մեր զինված ուժերի ամրապնդմանը, և ես համոզված եմ, որ մեր գործընկերների շահերին դրանք ոչ մի կերպ չեն վնասի»:
Այսինքն, այն, ինչ հաջողվում էր նախկին իշխանություններին, չի հաջողվում Նիկոլ Փաշինյանին, կամ ցանկություն չկա:
Արդյունքում՝ Հայաստանը մասնակցելու է ամերիկյան խաղաղապահ զորավարժություններին, բայց մերժել է ՀԱՊԿ-ին՝ ՀՀ-ում անցկացնել խաղաղապահ զորավարժություն: Ավելին, երբ վայրը որոշվեց՝ Ղրղըզստան, մինչև հիմա «Անխախտ եղբայրությանը» մասնակցության քաղաքական հրապարակային որոշում ՀՀ իշխանությունները չեն հայտնել: Չի բացառվում՝ հակառակ որոշումը կայացվի:
Ի դեպ, նախկին իշխանությունների օրոք, բացի հավասարակշռված քաղաքականությունից, և՛ ՀԱՊԿ-ին, և՛ ՆԱՏՕ-ին ժամանակ առ ժամանակ ասվում էին անվտանգային հարցերի հետ կապված ՀՀ մտահոգություններն ու մոտեցումները: ՀԱՊԿ-ի դեպքում ադրբեջանական սադրանքներին վերաբերող հասցեական հայտարարությունների պահանջի մասին էր, իսկ ՌԴ-ի դեպքում Ադրբեջանին զենքի վաճառքին էր վերաբերում, ՆԱՏՕ-ից ևս Հայաստանը տարբերակված մոտեցում էր ակնկալում:
«Ժամանակն է, որպեսզի մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի քաղաքականությունն ավելի հասցեական լինի: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները ոչ թե քաղաքական նկրտումներ են հետապնդում, այլ միտված են մեր երկրի անվտանգության միջավայրի բարելավմանը: 21-րդ դարում անվտանգության մասին խոսելիս չի կարելի առաջնորդվել քարացած մոտեցումներով»,- մասնավորապես, 2015-ին Երևանում «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ և հեռանկարներ» թեմայով համաժողովի ժամանակ ասել էր ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արա Մեսրոբյանը՝ հավելելով, որ 2012-ից ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկասում իրականացվող տարածաշրջանային ծրագրերը մատնվել են անհաջողության Ադրբեջանի ապակառուցողական և հայատյաց քաղաքականության հետևանքով, իսկ դաշինքի կողմից տարբերակված մոտեցման արտահայտումը թույլ կտա կյանքի կոչել մի շարք ծրագրեր և կնպաստի տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատմանը: