ԱՍՏՎԱԾՆ ԱՌԱՋ
Ես գրող չեմ, այլևս ողբասաց եմ՝ ով Դանիել Մարգարեի հանգույն ողբում է.
– Երանի գլուխս ջուր լիներ, աչքերս արտասուքի աղբյուր, և ես գիշեր ու զօր լաց կլինեի ազգիս մեղքերի համար…
Սիրտս սուփրա չի՝ ամեն մարդու առաջ բացեմ, բայց ցավը խորն է ու անպարփակ, և սուր ծակոցներից քրքրվում, պատռվում է կուրծքս. սա Հայաստանն է՝ տղամարդիկ գլուխները բռնել են, կանայք մորմոքվում են, երեխաները աղիողորմ մղկտում են, շները հաչում են, կատուները մլավում են ու բոլորին չանգռում, իսկ ագռավները կռռում են, կռռում ու չարագուշակ աղաղակում… Բարձր սարեր, խոր ձորեր, կապույտ լեռներ, կանաչ դաշտեր, սպիտակ ամպեր՝ թաշկինակի պես պստիկ, ճմրթված երկիր, որ կոչվում է Հայաստան… Ով ասես՝ քո վրայով չի անցել, ինչ ասես, որ հետդ չեն արել, դարձրել ոտքի կոխան, պղծել արյունդ, սրբություններդ, տաճարներդ… Սակայն էլի ու էլի սիրուն ես և գայթակղիչ, գորգի պես նախշուն ու բլրանախշ… Բոյդ, բուսաթդ, տարիքդ, քանքարդ… Ինչքան գրավիչ ես կորստյան երկյուղիս տագնապներում։ Ի՞նչ անեմ, չքնաղ իմ երկիր, թաշկինակի հանգույն պստլիկ աշխարհ՝ քեզ գրպանումս պահե՞մ, դնեմ սրտի՞ս, թե՞ աչքերիս… Ա՛խ, ոնց կուզեի վշտերս փարատեմ… Ո՞վ կյանքիդ հետ խաղաց, բալա ջան, ո՞ւմ ձեռքն ընկար, քեզ ո՞վ անդունդի եզրին հասցրեց… Մեղա, մեղա՝ բազմամեղա՝ հիմա թուրքն է «օգնության» ձեռք պարզել… Ձեռք, որ միշտ քեզ դեպի անդունդն է հրել… «Ամեն ոք իր բախտի արարիչն է»,- ամենուրեք ծածանվում, սփռվում էին հռոմեացու՝ Ապպիուսի երգերը: Ինչո՞ւ , ինչո՞ւ մենք կերտեցինք այս բախտը, ինչո՞ւ են սերմնացաններդ պակասել, ինչո՞ւ են ջրերդ բարակել, ինչո՞ւ քո ալյակ չեն խնդում հորդառատ… Չորս կողմդ փակ է, դագաղի պես քառակոփ, փոս ու անապատ։ Միայն երկինքն է, որ բաց աչքով քեզ է նայում։ Տե՛ր, հոգնած եմ, արյունաքամ։ Կատարյալ չեմ։ Խնդրում եմ, պաղատում՝ լեղու այս գավաթը հեռու տար ինձնից…
Արտասվում եմ. ում համար՝ լաց, ում համար՝ ողբ, ում համար՝ ծիծաղ, մի այլ մեկի համար անգամ էրոտիկա… Բանաստեղծ Հակոբ Մովսեսը, ով գրական լայն շրջանակներում հայտնի է Հակոբ Մողես անունով, դարակազմիկ բացահայտում է արել: Ասում է. «Էրոտիզմի տեսակ է հայ մարդու համար դարձել հայրենասիրությունը…»: Քանզի ինքը հակված է էրոտիզմին՝ մի էրոտիկ բացահայտում էլ ես անեմ. Հակոբը, չեմ կարող չասել, բեղերը սրած շարունակ նույն թելն է թելում, որն, ի դեպ, անցնում է օրվա իշխանության հետանցքի միջով…
Արդյոք նկատե՞լ եք, որ հայրենիք կամ հայրենասիրություն բառերը գործածելը պետականորեն չի խրախուսվում: Ահա, թե ինչո՞ւ բանակ է քանդվում և սեր թաքցվում: Նրանք հայրենիքը գերադասում են սիրել մկան ծակից, եթե, իհարկե, սիրում են:Մեղքս ի՞նչ թաքցնեմ, նախկինում այնպես էին շահարկում այդ բառերը, որ ես ոչ միայն խուսափում էի դրանց գործածումից, այլև զզվում այն բերանս առնել. ակնհայտ էր ֆալշը, կեղծիքը, սրբազան զգացումի սպեկուլյացիան… Հայրենիքը արտաբերում էին ոչ թե երկրի սիրուց, այլ անձնական շահի գիտակցումից: Հիմա, երբ երկիրը կործանման եզրին է՝ այլևս չեմ վարանում արտաբերել այս քաղցր բառը՝ Հայրենիք…
Տեր Աստված, ո՞վ եղա, որ այսպիսի սրբազան բեռի արժանացա: Մի՞թե իմ կողմից անհամեստություն չէ հայրենիքի սիրո ստանձնումը… Ինչո՞ւ այս սիրուն արժան եղա, բա մարդ էլ էսքան հավակնոտ ու մեծամի՞տ լինի… Միայն կորստյան տագնապների մեջ ես զգում նվիրականը… Մարդու սերն առ հայրենիք չափվում է իր սրտի ցավով: Ես այդ տագնապների կրողն եմ: Հայոց Պիղատոսը վաղուց ձեռքերը լվացել է: Հայրենյաց դարդի, ցավի ու տագնապների միջով կամաց-կամաց խաչ ենք բարձրանում:
«Միթե՞ վերջին պոետն եմ ես…»:
Տե՛ր, թող որ գոնե այս անգամ բարձրագոչ, ազատ ու անկաշկանդ արտաբերեմ անունդ, որ Սեր է ամենից առաջ, համապարփակ Սեր…
Ու թող նիկոլը Նաիրի Հոխիկյանին հեգնանքով չասի.
– Դեռ հայրենասե՞ր ես…
Այսինքը թե՝ ինքը «պրադվինուտի» ա, իսկ Հոխիկյանն ու նրա նմանները դեռ շատ պիտի խարխափեն ատտավիզմի քարանձավներում: Շեֆը շեֆ չի, եթե իր ստորադասների շրջանում դամքաշ չունի: Գիտության ու կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը վարչապետի «առաջադիմությանը» նոր թափ է հաղորդում. «Չկա հայրենասիրության կոնցեպցիա որպես էդպիսին,- ասում է նա,- հայրենասիրության կոնցեպցիան ինքը փուչիկ է: Հայրենասիրության կոնցեպցիան անհրաժեշտ է որպես մոբիլիզացիոն գաղափար, ասենք՝ պատերազմների ժամանակ, բնական աղետների ժամանակ և այլն, բայց որպես էդպիսին՝ հայրենասիրությունը շատ վտանգավոր գաղափար է…»:
Ի՞նչ խոսք, հայրենասիրությունը վտանգավոր է նրանց համար, ովքեր հայրենիքը տալու խնդիր ունեն, իսկ ինչ մնում է իսկական հայրենասերներին, ապա նրանք վտանգավոր են՝ թե հայրենիքում, և թե հայրենիքից դուրս: Մի վտանգավոր մարդու էլ ինքս գիտեմ, ես կասեի՝ պայթունավտանգ… Նրան Միկիչյան Համլետ կասեն, Մարդ, ով կապրի մինչև մեռնելը: Համոն մանկության ընկերս է, ով հազար տարուց ավել գտնվում է Տոլյատիում: Հիմա ինձ կասեք, Տոլյատին հազար տարեկան չկա՝ Համլետը ո՞նց ա էդքան ապրել… Համոն կասեր, իմ ապրած յուրաքանչյուր տարին թվերով չի հաշվվում… Լավ օրից չէր օտարական: Հայրենիքից դուրս իր ապրած ժամանակը վաղնջականորեն երկար է ու ձանձրալիորեն անվերջ: Ճարը կտրած, հեռախոսը դնում էր ականջին ու ուղևորվում Հայաստան, որ սրա-նրա բերանից, գոնե հեռվից հեռու մայրենիի կարոտն առներ: Դա էլ չէր օգնում: Աստծո մի օր էլ՝ խաշով, խորովածով, սուջուխով, բաստուրմայով, կարոտաբաղձ այլ խորտիկներով սեղան է բացում ու Տոլյատիում ինչքան հայ գիտեր՝ հրավիրում իր տուն: Բայց արի ու տես, որ հյուրերը լավ ուտում էին, լավ խմում, բայց հայերեն մի լավ բառն ինչ է՝ չէին ասում: Համոս բարեկրթության բոլոր կանոններով՝ հորդորում է հայերեն խոսել: Հայերեն մեկ-երկու հերթապահ բառ արտաբերելուց հետո հյուրերը կրկին անցնում էին ռուսերենին: Վիճակը դառնում էր կրիտիկական. բարկությունից կաս-կարմիր էր կտրել, երկթև թոքերը թիթեռի պես ուր որ է դուրս էին թռչելու: Որտեղ պողացած կարմիրը՝ էնտեղ էլ կատաղի պայթյունը:
– Դե, որ հայերենը ձեր համար խորթ ա,- ձայնալարերը պրկած գոռում է Համոն,- ուրեմը սիկտիր էղեք իմ տնից… Բոլորով, է՛ս պահին, սիկտի՛ր… Էնենց էլ ռուսերեն են խոսում,- չէր հանդարտվում ընկերս,- ոնց որ ծնված օրից պորտները ռուսաստաններում են կտրել…
Թեև Միկիչյան Համլետի նման մի փոքր ածու էլ ինքս եմ, բայց Խորենացու լեզվով ասած, հիշատակության արժանի որոշ գործեր էլ ես ունեմ արած: Որ ուրիշ բան արած չլինեմ՝ գրիչ եմ բարձրացրել թշնամու վրա, թե ներքին, և թե արտաքին: Համա ասի, հա՜… Համա՛ թե մարդ եմ… Յոթանասուն տարեկանը թշնամու վրա զենք է բարձրացնում, ձեն չի հանում, իսկ ես անհաղթ աքլորի նման ձենը գլուխս եմ գցել, թե՝ ծուղրուղու՝ գրիչ ունեմ, աշխարհը չունի… Տարեց էդ զինվորը չէր էլ մտածում, որ մեծ գործ է անում. իր համար անասուն էր պահում, հող մշակում, զավակներ մեծացնում, հանդն ու բաղչեն բեջարում, բայց մեկ էլ օտարը եկավ ու դրան խանգարող եղավ: Ասին, էս հողը մերն է, էս ջուրը մերն է, էս սարերն ու ձորերը մերն են, դուք տեղ չունեք գետնի երեսին: Դրանց առաջն առնելու համար էր զենք վերցրել: Անուն չուներ: Նրան Դեդ էին ասում: Ճիշտն ասած, Դեդը ավելի շատ մարդ էր փրկում, քան մարդ սպանում: Երևի Կամանդոսից լսած կլիներ, կամ ինչքան չլիներ, նույնանման մսից ու արյունից սերված կլինեին: Կամանդոսը իր դերն ավելի շատ գնահատում էր ոչ այնքան Շուշին գրավելու գործում, այլ անիմաստ գնդակից տղաներին ետ պահելու մեջ:
«Անձնվեր առաջ են նետվում,- ասում էր,- ես ավելի շատ նրանց ետ պահելով եմ զբաղված, քան առաջ տանելով»: Դեդն էլ էր նույն գործի վրա: Ասենք, նրա խոսքն էլ բավական էր: Երբ Դեդը խոսում էր՝ թուրքը մեր տղերքի համար դառնում էր հավի ճուտ: 1994 թվականի հունվարի 17-ն էր, Օմարի լեռնանցքի երկրորդ վերագրավման ժամանակը: Օմարը վեր էր խոյացել լերկ լանջերով, ձյունակատար քերծերով, երկնքին միտված սրածայր գագաթներով, ամպի ու մուժի մեջ բարուրված ահեղ զանգվածով: Ծովի մակերևույթից բարձր էր 3261 մետրով, և այնքան նման էր Ջոմոլունգմային, որ ասես երկրից ելած քարե երկինք լիներ: Սարերից քամի էր իջնում: Վերելքը ծանրաշունչ էր:
Դեդը լանջաբաց ըմբոշխնում էր պաղ հոսքը: Երա՜նի նրանց՝ ում սրտերում հայրենյաց լեռների քամին է երգում… Քամին երգ էր բերում, իսկ ձյունածածկ քարքարոտ լանջերը՝ տխուր մեղեդի: Աջ ու ահյակ դիակներ էին՝ անթաղ կամ ձյան մեջ կիսաթաղ, ձեռքերն ու ոտքերը անճոռնի տարածած, կիսահան հագուստով, երբեմն էլ բոբիկ, կորսված կոշիկներով… Ձյան փափուկ սավանին մի երիտասարդ էր պառկած: Դեմքը կապտած էր, աչքերի տակը՝ սևացած: Վերին շուրթի վրա բարակ բեղը անբնականորեն ծռված էր՝ աջ կողմից թաթախված լերդացող արյան մեջ: Արյունը կարմիր դրոշի նման ներկել էր ձյունը: Կարմիր շիթը քունքի անցքից բխել՝ բարակ առվակով իջել, ողողել էր այտը: Բերանը կիսաբաց էր, որի արանքից երևում էին ձիու ատամների պես բարձրասեպ ու երկարավուն, սպիտակ ատամնաշարերը: Դեդի ուշադրությունը գրավեց սև գանգուրներով բարձրադիր գլուխը: Կարծես մի հոգատար ձեռք այն խնամքով հարմարեցրել էր բարձին: Գևին մի այլ բան էր գրավել՝ բացված կրծքի վրա վզից ի կախ արծաթյա շղթայով ճերմակ կիսալուսինը: Այն ձյունածածկին միախառն, ձյունից էլ աշխույժ, ասեղնտում էր: Գևորգն ու Դեդը քայլերը արագացրին, ասես մրցույթ էր, թե ով առաջինը կհասնի… Դեդը ակնհայտորեն ետ էր մնում: Ուր որ է Գևի առաջ պարզած ձեռքը կհասներ լուսնի յաթաղանին: Մնում էր միայն գլուխը բարձրացնել ու հանել կախազարդով շղթան: Սակայն բոլորի համար անակնկալ՝ եղավ անսպասելին: Դեռ ավարին չհասած՝ ավտոմատի խզակոթը մի կողմ նետեց նրան: Հարվածը շեշտակի էր, ուսախառը, մեջքին: Դեդը, շնչահեղձ, կանգնել էր տապալված Գևորգի գլխավերևը: Համենայն դեպս, ավտոմատը մարտականորեն առաջ էր պարզել: «Մրցակիցը» հարվածից շանթահար՝ թավալվում էր: Բայց ամենևին էլ ոչ ցավից, նրա կատաղությունը մի այլ բանի համար էր:
– Իմն ա,- գոռում էր,- լուսինը ինձ ա հասնում…
– Յեշա՛ կլուխը… Յեշա՛ կլխան տական…,- ջղաձգվում էր Դեդը՝ ջանալով նրան բան հասկացնել:
Իսկ գլխի տակ անմահական խնձոր չէ, որ բարեկենդանը հարմարացրել էր, այլ խնձորի նման կլորավուն մի բան… Գևը ոչ մի կերպ չէր հանդարտվում.
-Ի՛մն ա, իմը՛…
Տղաները գրկել էին Գևորգին, ոչ մի կերպ չէին կարողանում հասկացնել բանի էությունը: Հաղթ ձեռքերի մեջ թփրտում էր… Միայն այն բանից հետո, երբ Դեդը պարանը ձեռքին մոտեցավ դիակին, Գևորգի աչքերը, ասես ինչ-որ բանից դրդված, սկսեցին ճպճպալ: Լռություն: Տղաները քար էին կտրել քարե արձանների պես: Շունչն անգամ ավելորդ էր: Դեդը անշունչ մատներով պարանի ծայրը զգույշ, զգույշ տարավ վզի տակով ու փաթաթելով պարանոցին, օղակ կազմեց, ապա ամուր հանգույցով կապեց: Իրավիճակը փխրուն էր, մի ակնթարթում կարող էր ամեն ինչ փլվել: Շնչասպառ սպասում էին: Գևորգը սփրթնել էր, դեմքը թվում էր դիակից էլ անկենդան: Դեդը պարանի ծայրից բռնած սկսեց բացազատվել: Անհրաժեշտ էր անվտանգ հեռավորություն ապահովել: Մի պահ, բոլորը պախկվեցին: Մնում էր ձգել պարանը… Եվ գլուխն օդ ելավ: Բացվել էին դժոխքի դարպասները: «Անմահական խնձորը» երկինք էր թռել: Անմահություն կար, որ մահից էլ մահ էր… Մա՛հ, խաղաղ երկնքում:
…Խաղաղությունն ամենուրեք է, բայց ոչ կռվի դաշտում: Մենք խաղաղության ենք ձգտում: Սակայն չի կարելի խաղաղությունը պետական ծրագրային դրույթ դարձնել: Խաղաղություն չեն մուրում: Խաղաղության հասնում են: Միակ երաշխիքը հզոր պետականության ստեղծումն է, որը հասկանում է նույնիսկ նիկոլ փաշինյանը: Պիտի երկիր կառուցել: Սակայն պետության կառուցման և վերակառուցման համար նախընտրելի շինանյութն էլի նույն շաղախն է՝ Սուտը: Նիկոլ փաշան, ով որպես ժողովրդի կողմից սիրված «ուղղադավան ճշմարտախոս», ժխտում էր ամեն տեսակի սուտը, վերջնականապես բռնկվեց սուտասանության խելահեղ բարդույթով: Ասում է, 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կհասցվի առնվազն 5 միլիոնի, պիտի 15-ապատկվի երկրի համախառն արտադրանքը, միջին աշխատավարձը կբարձրանա յոթնապատիկ, բանակն իր մարտունակությամբ տեղ կզբաղեցնի աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում, ֆուտբոլի հավաքականը կդառնա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության մեդալակիր, կնվաճվի 25 օլիմպիական մեդալ և շախմատի Աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը… Ա՛յ, քեզ Վագրենավոր, Վարդան Օսկանյանը կասեր՝ վագրի ցատկ… Բերան ա, էլի, ասում ա՝ էդպես կարելի է անգամ Լուսին թռչել… Ամենակարևորը, հավատացած է, որ մինչև 2050 թվականն ինքն է լինելու վարչապետը…
Վանոն էլ ասում էր, մինչև 2000 թվականը մեր դեմ խաղ չկա…
Առակս զինչ կուսուցանե.
– Աստծուց առաջ ընկնողը տեղ չի հասնի…
Պահն օրհասական է: Սերժն ասաց ու գնաց, մենք թարս ենք ասելու.
– Մենք ճիշտ էինք, նիկոլը՝ սխալ:
01.04. 2023թ.
Ապրիլի 1-ի դրությամբ կրկին հող է զիջվել, այս անգամ, Տեղ գյուղի հովիտներից: Դա սուտ չէ:
Լևոն Ջավախյան