Էս ինչ գրում եմ` հայերեն չի, շնողերեն ա, որովհետև մեր գյուղում մարդիկ ապրում են շնողերեն, տները կառուցված են շնողերեն, սարերը բարձրանում են շնողերեն, անտառը ծավալվում է շնողերեն, ջրերը հոսում են շնողերեն, նույնիսկ կովերն են բառաչում շնողերեն…
Կար ժամանակ, երբ ժամանակը կանգ էր առել. ձին գնում էր, էշը գնում էր, նույնիսկ ես էի գնում, բայց ժամանակը լռվել, կանգ էր առել` այնպես, ինչպես Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում։
Արտասվում եմ. ում համար՝ լաց, ում համար՝ ողբ, ում համար՝ ծիծաղ, մի այլ մեկի համար անգամ էրոտիկա… Բանաստեղծ Հակոբ Մովսեսը, ով գրական լայն շրջանակներում հայտնի է Հակոբ Մողես անունով, դարակազմիկ բացահայտում է արել: Ասում է. «Էրոտիզմի տեսակ է հայ մարդու համար դարձել հայրենասիրությունը…»: Քանզի ինքը հակված է էրոտիզմին՝ մի էրոտիկ բացահայտում էլ ես անեմ. Հակոբը, չեմ կարող չասել, բեղերը սրած շարունակ նույն թելն է թելում, որն, ի դեպ, անցնում է օրվա իշխանության հետանցքի միջով…