Անկախ Մակրոն-Փաշինյան հրապարակային ջերմության կեղծ ցուցադրականությունից, Փաշինյանի նկատմամբ ոչ մի լուրջ ընկալում գոյություն չունի Ֆրանսիայում. Հրաչ Վարժապետյան
Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ֆրանսիացի պատմաբան և թուրքամետ հետազոտող Մաքսիմ Գաուինը խոսել է Դաշնակցության «տեռորիզմի» մասին, և այդ համատեքստում ակնարկել. «Մենք նույն բանը տեսնում ենք այսօր: Այդ մարդիկ ցանկանում են սպանել Նիկոլ Փաշինյանին: Եվ ոչ թե նախկին ԼՂԻՄ-ի կարգավիճակի համար, որը քննարկման ենթակա չէ: Ոչ, այդ մարդիկ չեն ցանկանում խոսել ո՛չ ինքնավարության, ո՛չ էլ Շուշին և Ստեփանակերտը տեսնում են Ադրբեջանի կազմում: Այդ նույն դաշնակները ժամանակին «սպանել» (չակերտները՝ Մ.Պ.-ի) են հայերի, որոնք լոյալ վերաբերմունք են ունեցել Օսմանյան կայսրության նկատմամբ»:
Նույն ժամանակում դաշնակցական տարբեր գործիչների դեմ տարաբնույթ սադրիչ իրավիճակներ են ստեղծվում իշխանությունների կողմից, և իշխող կուսակցության ներկայացուցիչներն ինչ-ինչ մեղադրանքներ են հնչեցնում նրանց հասցեին:
Հիշենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպը, և թե ինչ ձևով էր ոստիկանությունը տարել Սահակյանին խորհրդարանից, նրան նույնիսկ ձերբակալել էին, հետո ազատ արձակել:
Վերջին դեպքն արձանագրվել է ապրիլի 2-ին, երբ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը Կասկադում իրեն դավաճան անվանելու համար նախ հրահանգել էր բռնել սփյուռքահայ հայրենադարձ գործարար Կարեն Մկրտչյանի ձեռքերը, նրան ասել էր` դավաճանը մայրդ է, ապա թքել վերջինիս աչքին։ Սրան նույնիսկ արձագանքել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ «թքել բառը երբ հնչում է պետական բարձրագույն պաշտոնյաներից մեկի շուրթերից, առավելևս՝ երբ նրա կողմից վերածվում է կոնկրետ գործողության, ապա դա արդեն պետության վերջն է»։
Այս և այլ իրողությունների շուրջ 168.am-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի ներկայացուցիչ, Ֆրանսիայում հասարակական-քաղաքական գործիչ Հրաչ Վարժապետյանի հետ:
– Առաջին հերթին ասեմ, որ երբեք զարմանալի ու անակնկալ չէ Ալեն Սիմոնյանի փողոցային պահվածքը, որին մեր ժողովուրդը ծանոթ է վաղուց: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ արձագանք գտավ այն Սփյուռքում, մասնավորապես՝ ֆրանսահայերի շրջանում, նշեմ, որ ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում հավասարապես բարձրացավ դատապարտումի ալիք, արարքը որակվեց քաղաքական բարձրաստիճան գործչին ոչ հարիր, ինչպես նաև ժողովրդավարության հիմնական սկզբունքի՝ խոսքի ու մտքի ազատության ոտնահարում՝ օրն ի բուն ժողովրդավարությունից ճառող իշխանության կողմից թույլ տրված: Կարեն Մկրտչյանի նկատմամբ Սիմոնյանի պահվածքն ամբողջ ամփոփումն է ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ այս իշխանությունների վարած խտրական բացահայտ քաղաքականության: Հավելեմ՝ վստահ եմ, որ նմանօրինակ երևույթները, դժբախտաբար, շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ իր հայտնի վարքագծով այս կլանը իշխանության ղեկին է: Ես իրապես ցավում եմ և ամաչում, որ մեր Հայրենիքի համար այս դժնդակ օրերին, մեր պետությունը ղեկավարելու կոչված ամբողջ խմբակը զբաղված է նման հարցերով:
– Արդյո՞ք սա հենց ՀՅԴ-ի դեմ է՝ հաշվի առնելով նաև դաշնակցական գործիչների մուտքի արգելքը Հայաստան, օրինակ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը 2022թ. հուլիսի 14-ին ժամանել էր ՀՀ, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետում իրավասու աշխատակիցները չէին թույլատրել վերջինիս մուտքը Հայաստան՝ միայն պատճառաբանելով, թե ինքն ընդգրկված է Հայաստանի համար անցանկալի անձանց ցուցակում։
– Այո, հատկապես Դաշնակցության ու դաշնակցական գործիչների նկատմամբ է այս վարքագիծը, որը, ի դեպ, նոր չէ, այլ՝ այս կլանի իշխանության գալու առաջին իսկ օրից: Անձամբ ես չէի տարբերակի Սփյուռքի գործիչներ հասկացողությունը, այլ՝ դաշնակցական գործիչներն ընդհանրապես: Զուգադիպությո՞ւն էր, օրինակ, պատգամավոր Մհեր Սահակյանի հետ տեղի ունեցած միջադեպն ԱԺ-ում և Կարեն Մկրտչյանի հետ պատահարը նույն օրերին, կամ՝ սփյուռքահայ գործիչների՝ Հայաստան մուտքի արգելքը և նույն ժամանակ՝ ՀՀ-ում դաշնակցական գործիչների ձերբակալություններն ու նրանց բնակարանների խուզարկությունները: Բնականաբար՝ ոչ: Այս բոլորն ուղղված է Դաշնակցության դեմ: Ինչո՞ւ այս հալածանքը:
Պարզ է: Որովհետև Դաշնակցությունը հայ քաղաքական կյանքում կազմակերպված ազգային այն նկատառելի ուժն է, որն աշխարհով մեկ ունի իր կառույցները, որոնցով ընդդիմանում և, մանավանդ, կարող է արգելք հանդիսանալ այս իշխանությունների վարած ապազգային քաղաքականությանը: Հայ-թուրքական հարաբերությունների, արցախյան հիմնահարցի, Հայ Դատի, հայկական պահանջատիրությանը վերաբերող հարցերում՝ շրջանային թե միջազգային քաղաքականության մեջ, իշխանության հետ հակոտնյա դիրքերի վրա է գտնվում ու գործում Դաշնակցությունը, ուստի նրա դեմ պաշտոնական Երևանի տարբեր միջոցներով պայքարն ու հալածանքը՝ Հայրենիքից ներս թե դուրս, ունի միայն վերոհիշյալ բացատրությունը:
– Անկախ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հրապարակային ջերմ հարաբերություններից, Ֆրանսիայի իշխանությունների կողմից Նիկոլ Փաշինյանը լո՞ւրջ է ընդունվում, վստահո՞ւմ են նրան:
– Ինչպես նշեցիք արդեն՝ անկախ հրապարակային չակերտյալ ջերմության կեղծ ցուցադրականությունից, ոչ մի լուրջ ընկալում գոյություն չունի այսօր Փաշինյանի նկատմամբ ընդհանրապես ամեն տեղ, ու, հատկապես Ֆրանսիայի մեջ: Բոլորը լավ գիտեն նրա հարափոփոխ, լարախաղաց պահվածքը, որը ոչ մեկին վստահություն չի ներշնչում, բնականաբար, ո՛չ գործընկերներին, ո՛չ դաշնակիցներին, և ոչ էլ մանավանդ թշնամուն:
– Այս ամենը հաշվի առնելով, Հայաստան-Ֆրանսիա, Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում այսօր:
– Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն անցնող ամբողջ 30 տարիներին միշտ էլ եղել են բարեկամական, հետևաբար՝ այսօր ևս այն մնում է նույնը՝ ոչ ավելի, ոչ պակաս: Սակայն հայ-ադրբեջանական վերջին պատերազմին՝ 44-օրյային, դրա ֆոնին, Փարիզը, ցավոք, մնաց լուռ, գործնականորեն ձեռնածալ, թեև նախագահ Մակրոնը մի քանի անգամ հայանպաստ հայտարարություններով հանդես եկավ, որոնք, սակայն, երբեք էլ խոսքից գործի չվերածվեցին:
Ինչ վերաբերում է Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններին, ցավոք, այն այսօր սերտ է ավելի, քան երբեք:
Պատճառը հստակ է. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հետևանքով ստեղծված քարյուղի՝ նավթի տագնապը, որից կախյալ է ամբողջ Եվրոպան: Ռուսաստանից նավթ չներմուծելու համար Ֆրանսիան թեքվել է դեպի Ադրբեջան և սիրաբանության մեջ է այսօր Բաքվի հետ: Եվ սա պատճառներից մեկն է, որ արցախյան օրակարգով պաշտոնական Փարիզը վարում է, այսպես ասած, զգուշավոր և ոչ բավարար հայանպաստ դիվանագիտություն: Այս բոլորին զուգահեռ՝ առկա է նաև Ադրբեջանին արբանյակ ծախելու-տրամադրելու ֆրանսիական կողմի ռազմական օժանդակությունը՝ հակառակ ֆրանսահայ համայնքի լոբբիստական բուռն ընդդիմության ու դժգոհության:
Հ.Գ. Հավելենք, որ 2020 թվականին պատերազմի օրերին տեղեկություններ եղան, որ Ֆրանսիան դադարեցրել է ՀՕՊ միջոցների վաճառքն Ադրբեջանին, ինչը վերականգնվել է փաստորեն: Իսկ վերևում հիշատակված ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ֆրանսիացի պատմաբան և թուրքամետ հետազոտող Մաքսիմ Գաուինն ասել է նաև, որ 44-օրյա պատերազմի ընթացքում բոլոր փորձերը՝ խափանել Ֆրանսիայի՝ Ադրբեջանի հետ ռազմական պայմանագրերը, չեն պսակվել հաջողությամբ, և, որ սա ավելի կարևոր է, քան ցանկացած բանաձև, որքան էլ այն անընդունելի լինի Ադրբեջանի համար: