Իշխանության հաշվարկները սխալ են. Մհեր Սահակյանը փախնող տղա չէ. Հայկ Մամիջանյան

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով տեղի ունեցածին՝ ասաց, որ միջադեպի մանրամասների մասին տեղեկացել է գործընկերներից։ Միջադեպից անմիջապես հետո խոսել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի, ինչպես նաև խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։

«Եկեք մեկ արձանագրում անենք՝ երեկ ՀՀ սուվերեն տարածք մուտք են գործել Ադրբեջանի զինված ուժերը, արդեն որերորդ անգամ։ Ու երեկվա պատասխանը ուժայինների կողմից, ԱԱԾ-ի երեկվա անլուրջ հայտարարությունը և այսօրվա տեղի ունեցածի արձագանքը ոստիկանության կողմից։ Կարծում եմ՝ եթե այն պատրաստակամությունը, ֆանատիզմը, որով ՔՊ-ականներին փորձում է  պաշտպանել ուժայինը, նույն տրամաբանությամբ իրականացվեր ՀՀ սուվերեն տարածքների հանդեպ, ապա մենք այս իրավիճակում չէինք լինի»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Հարցին՝ այսինքն՝ այս աղմուկը նպատակ ունի ստվերե՞լ Սյունիքում տեղի ունեցած թշնամու առաջխաղացման փաստը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ եթե նմանօրինակ հաշվարկ ունի իշխող խմբակցությունը, ապա դա անհեթեթ հաշվարկ է, որովհետև չի լինի մի հայ, որն այս միջադեպին ավելի շատ ուշադրություն կդարձնի, քան երեկվա տեղի ունեցածին և Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին։

Ըստ իմ տեղեկությունների, պարոն Վարդանյանն առաջ է եկել Մհեր Սահակյանի ուղղությամբ, որից հետո տեղի է ունեցել միջադեպը, նաև ըստ այդ տեղեկությունների, նիստը վարողը բարձր ու անհարգալից է խոսել Մհեր Սահակյանի և ընդդիմադիր պատգամավորների հետ»,- փոխանցեց Հայկ Մամիջանյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իշխանական պատգամավորները, երբ ասում են, թե Մհեր Սահակյանը միջադեպից փախել է, իրականությանը չի համապատասխանում, նա բերման է ենթարկվել սենյակից։

«Մհեր Սահակյանին ճանաչում եմ վաղուց, նա փախնող տղա չէ»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս