Խուժանապետության վերջին հանգրվանը
Հայաստանի պետականության ողբերգական վիճակի արտացոլումներից մեկը հանրային դիսկուրսում առաջնային դարձած հարցադրումն է՝ արդյոք խուժաննե՞րն են եկել իշխանության, թե՞ փողոցից իշխանության եկածները վերածվել են խուժանների։ Այս հարցադրման այս կամ այն պատասխանը չի փոխում երևույթի էությունը՝ Հայաստանը վերածվել է խուժանապետության, և պետությունն ամեն օրվա հետ գլորվում է այն նույն անդունդը, դեպի ուր հասցնում է խուժանն իր ձեռքն ընկած ավարը։ Եվ ինչպես ամենաիսկական խուժանն է թաքնվում՝ որևէ «սրբություն» դրոշակ դարձնելով, այնպես էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած խուժանամուժն է ցանկացած լկտիություն արդարացնում «ժողովրդի տված քվեով»։
Իրականում, սակայն, ժողովուրդը, այդ թվում՝ նրանց ընտրած 680 հազար քաղաքացիները, ձայն չեն տվել մարդկանց վրա թքելու կամ խորհրդարանում փողոցային թափթփուկի նման պահելու համար։
Այդ ժողովուրդը չի իմացել նաև, որ այս իշխանությունն իր տված քվեի վրա թքած է ունենալու ճիշտ այնպես, ինչպես թքում է քաղաքացու երեսին։ Չի իմացել, որովհետև Նիկոլ Փաշինյանը սովորության համաձայն՝ խորամանկ է գտնվել ու չի ասել, որ այդ քվեն իրեն ու իր խուժանամուժին անհրաժեշտ է ընդամենը ուժային կառույցներին ու հրոսակախմբերի վերածված անվտանգության գումարտակներին բտելու համար, որպեսզի վերջիններս ապահովեն ալենների անարգել թքումը քաղաքացու ուղղությամբ։
Նման եղկելի միջոցով իշխանությունը պահպանելով՝ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ խուժանությունը սեփական իշխանությունից տարածում է նաև պետության, պետական ինստիտուտների վրա։ Որովհետև սեփական իշխանության խուժանության անվտանգությունն ապահովում են պետական կառույցների աշխատակիցները, զանազան կոչումներ ունեցող անվտանգության ծառայողներն ու ոստիկանները։
Բոլոր այս խմբերը՝ գիտակցաբար կամ օբյեկտիվ պատճառներով գիտակցություն դրսևորելու անկարողության բերումով, պետությունը վերածել են խուժանասպասարկ կազմավորման, որովհետև խուժանին ծառայողը նույնքան կամ ավելի խուժան է, եթե ու առավել ևս կրում է, ասենք, գնդապետի կամ գեներալի ուսադիրներ։ Եվ իրականում խուժանի խարանը կրում են իշխանության, պետական կառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչները՝ սկսած լռությամբ իշխանության հերթական լկտիությունից տարանջատվել փորձող «ուսյալ» պատգամավորներից, մինչև աշխարհի տարբեր երկրներում էթիկետի բոլոր նորմերը պահպանող դիվանագետներ ու պետական կառավարման համակարգի այլ անդամներ։
Նրանք բոլորը մասնակից ու մեղսակից են երկիրը խուժանապետության վերածելու նողկալի գործընթացին և դրա համար պատասխանատու են՝ անկախ նրանից, անձամբ մասնակցե՞լ են թքելու սպարտակիադաներին, կամ խուլիգանի վարքագիծ դրսևորե՞լ են տեսախցիկների առաջ։
Հայաստանը խուժանապետություն դարձնելու վտանգները չեն սահմանափակվում միայն ներքին ռիսկերով։ Հայաստանը այսպիսին՝ որպես խուժանապետություն, ներկայանում է նաև աշխարհի, դաշնակիցների ու թշնամիների հետ հարաբերություններում և արժանանում է այնպիսի վերաբերմունքի, որով բոլոր իրենց հարգող պետությունները վերաբերվում են խուժանին՝ լավագույն դեպքում օգտագործում են կեղտոտ գործարքների համար, որպես կանոն՝ վերջում նետելով որևէ աղբանոց։ Նիկոլ Փաշինյանն ու նրա խուժանամուժը պետք է աղոթեն, որ այդ աղբանոցը լինի գոնե քաղաքական։
Հարություն Ավետիսյան