
«Շատ ծիծաղելի է, որ անթասիբ երևանցին թասիբով գյումրեցու մասին ինչ-որ բան է ասում». Մխիթարյանը` ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին
Այսօր Գյումրիում Վարդան Ղուկասյանը պաշտոնապես ստանձնեց քաղաքապետի պաշտոնը։ Պաշտոնական արարողությունից հետո Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ ՀՀ-ում ընդդիմությունը կկարողանա ճանապարհ հարթել ապագա իշխանափոխության համար։ Իսկ թե ինչ ճանապարհով դա կլինի, արդեն այլ հարց է։
«Մենք հայտարարել ենք, որ մասնակցելու ենք ավագանու նիստերին և իրականացնելու ենք բոլոր այն գործառույթները, որոնք վերապահված են ավագանուն։ Չենք ստանձնում որևէ պաշտոն, որևէ նախապայման առաջ չենք բերում, այլ աշխատելու ենք՝ որպես ավագանի»,- նշեց Ռուբեն Մխիթարյանը։
Նա անդրադարձավ նաև Վարդան Ղուկասյանի արտահայտած այն մտքին, որ «կողմ է Միութենական պետությանը»։
Ռուբեն Մխիթարյանի խոսքով՝ սա Վարդան Ղուկասյանի անձնական կարծիքն է եղել, հետևաբար՝ ընդդիմության այլ ներկայացուցուցիչներ չեն կարող պատասխանատվություն կրել այդ կարծիքի համար։
«Ես կողմ եմ ՀՀ անվտանգ, խաղաղ զարգացող, ժպտացող ապագային և աշխարհաքաղաքական վեկտորների մասին այս պահին խոսելը ժամանակավրեպ է»,- հավելեց Ռ. Մխիթարյանը։
Ռուբեն Մխիթարյանն արձագանքեց նաև ՔՊ-ի հայտարարություններին, թե «Գյումրիում ընդդիմությունը քամի է ցանել, պետք է սպասեն փոթորիկների», ինչպես նաև ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի հայտարարությանը, հարցնելով՝ ո՞ւմ են վախեցնում։
«Ես չգիտեմ, իրենք վախեցնում են, թե ինչ են անում, վախեցող մարդ չկա։ Վերջին 7 տարիների իմ գործունեությունը դրա մասին է խոսում։ Վստահ եմ, որ Գյումրու ավագանիում վախեցող մարդ չկա։
Շատ ծիծաղելի է, որ անթասիբ երևանցին թասիբով գյումրեցուն ինչ-որ բան է ասում»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, թե «քանի իրենք իշխանության են, «յուբկաներով» աղջիկներն արխային կարող են պտտվել Գյումրիով», Ռուբեն Մխիթարյանն ասաց
«Ես առաջարկում եմ, որ Վահագն Ալեքսանյանը գա ու այստեղից ինքը հետևի։ Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի, որ մեր աղջիկներն ապահով ման գան»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում