«Թուրքիայում ով էլ գա իշխանության՝ Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը չի փոխվելու. Հայաստանից գին են պահանջելու». Ռուբեն Սաֆրաստյան
Մայիսի 14-ին Թուրքիայում սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ նախագահի երկու թեկնածուներից ով էլ ընտրվի՝ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվելու։
«Իմ համոզմամբ, ով էլ գա իշխանության՝ գործող իշխանությունը մնա, թե ընդդիմությունը գա՝ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ սկզբունքորեն չի փոխվի։ Կարծում եմ՝ թուրքական վերնախավը, որ հանդես է գալիս կա՛մ իշխանություն, կա՛մ ընդդիմություն, դա նույն թուրքական վերնախավն է։ Նա Հայաստանի նկատմամբ ունի իր մոտեցումը, որը մշակել է դեռ այն ժամանակ, երբ Հայաստանը նոր էր անկախացել։ Մոտեցումը հետևյալն է՝ Հայաստանն ավելի շատ է շահագրգռված Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալ, քան Թուրքիան։ Թեպետ այս ամենը մի քիչ էլ բխում է Հայաստանի աշխարհագրական դիրքից։ Ելնելով այս ամենից՝ Թուրքիան մտածում է, որ Հայաստանը հարաբերություններ հաստատելու համար ավելի շատ է շահագրգռված, դրա համար պետք է գին վճարի, որպեսզի սահմանը բացվի։
Հետևաբար՝ ըստ իս, եթե Թուրքիայում իշխանությունն անցնի ընդդիմությանը, ապա նա այդ գինը վճարելու գաղափարից չի հրաժարվի, գուցե գինը մի քիչ ավելի պակաս լինի»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, ընդդիմության մոտեցումը Հայաստանի նկատմամբ կարող է մի փոքր ավելի մեղմ լինել, քանի որ այն գտնվում է Միացյալ Նահանգների ազդեցության տակ։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ընդդիմությունն արդեն հանդիպում է ամերիկացիների հետ, իսկ Միացյալ Նահանգները հակված է, որպեսզի Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարգավորվեն։
«Այդ պատճառով էլ կարծում եմ, որ ԱՄՆ-ի հանգամանքը հաշվի առնելով, ընդդիմությունն ընտրվելու դեպքում՝ կարող է Հայաստանի նկատմամբ մի քիչ ավելի ճկուն քաղաքականություն վարի, բայց որևէ բան սկզբունքորեն չի փոխվելու»,- հավելեց մեր զրուցակիցը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այն գործողությունները, որոնք այսօր Ադրբեջանն իրականացնում է Հայաստանի դեմ՝ թուրք-ադրբեջանական համատեղ ծրագիր է։
Այս համատեքստում, թուրքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանը գործիք է Թուրքիայի քաղաքականության համար։ Ռազմավարական առումով այդ քաղաքականության նպատակն այն է, որ Հարավային Կովկասը Թուրքիան վերցնի իր հսկողության տակ։
«Կրկնում եմ՝ եթե իշխանությունն անցնի ընդդիմությանը, այդ ռազմավարությունը չի փոխվելու։ Սակայն այստեղ պետք է հաշվի առնել Էրդողանի գործոնը, որն ագրեսիվ քաղաքականություն է վարում, ռիսկի է դիմում ու արկածախնդիր մարդ է։ Այդ պատճառով էլ նրա կառավարման շրջանում, մասնավորապես՝ վերջին շրջանում, Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ագրեսիվ էր։ Ընդդիմության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն ավելի փափուկ մարդ է, նա էլ չի փոխի Թուրքիայի ռազմավարությունը, սակայն միջոցները գուցե մի քիչ մեղմացնի»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։