Երեկ Արմեն Գրիգորյանի գործով նիստն էր, իսկ այսօր՝ ԱԱԾ բեմադրած կրկեսի մեկ տարին

168.amտեղեկացրել էր, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ մայիսի 17-ին, Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ հրապարակեց այն մասին, թե ինչպես էին մասկի-շոուի ժանրի բոլոր կանոնների սրբորեն պահպանմամբ ձերբակալում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին:

Այդ օրը՝ ավելի ուշ, ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց:

«Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը»,- մասնավորապես ասվում էր հաղորդագրության մեջ:

Արմեն Գրիգորյանին ձերբակալեցին անձը նվաստացնելու եղանակով, և սա այն դեպքում, երբ նրան օրեր առաջ հրավիրել էին իրավապահ մարմին, և ինքը պատշաճ կերպով ներկայացրել էր:

Կարդացեք նաև

Արմեն Գրիգորյանին տարան թևերը ոլորած, իր տված հարցազրույցից 1.5 տարի անց:

Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում, իր գործով հենց առաջին դատական նիստին:

Երեկ Արմեն Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն էր: Արմեն Գրիգորյանի որդին դատարանից պահանջում է արդարացնել հորը։
Դատական նիստի ընթացքում գործող վկա, շիրակցի Հունան Հակոբյանն ասել է՝ մարդը մահացել, գնացել է, փակեք գործը:

«Ես ուրախ կլինեի, եթե ինքը կենդանի լիներ, կուզեի մի երկու բառ ասել՝ թե, այ ախպեր ջան, Շիրակի մարզի ժողովուրդը որտե՞ղ ես տեսել թուրք։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, կրկնակի հպարտ եմ, որ շիրակցի եմ։ Մինչև սրտիս խորքը վիրավորվել եմ Արմեն Գրիգորյանի խոսքերից, երբ շիրակցիներին թուրք է անվանել։ Շիրակցի, կոտայքցի, գեղարքունիքցի, սյունիքցի․․․ պետք չէ էդպես»,- երեկ ասել էր վկան, ով չգիտեր, թե ինչպես է ստացվել, որ իրեն հրավիրել են դատարան՝ որպես վկա:

Վկայի հարցաքննության առնչությամբ երեկ գրառում էր կատարել Արմեն Գրիգորյանի պաշտպանը՝ Ռուբեն Մելիքյանը:

«Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստը ծանր մտորումների առիթ դարձավ։

Վկան ինձ վրա թողեց անմիջական ու պարզ մարդու տպավորություն։ Նա անկեղծ հարգանքով արտահայտվեց Արմեն Գրիգորյանի հարազատների զգացմունքների նկատմամբ, ցավ արտահայտեց Արմենի մահվան կապակցությամբ, մխիթարություն ցանկացավ դահլիճում նստած հարազատներին։

Երբ դժկամությամբ սկսեց պատասխանել կողմերի ու դատարանի հարցերին, ինձ համար պարզ դարձավ, որ այդ մարդը դարձել է իշխանությունների «մահացու քարոզչության» զոհը։ 22 թվի ապրիլին նրան «հրամցրել են» 21 թվի ապրիլի հարցազրույցը, ընդ որում՝ 40 րոպե տևողությամբ հարցազրույցի միայն 1 րոպեն՝ համատեքստից դուրս կտորը։

Ո՞վ ու ինչո՞ւ է այդ մարդուն հրամցրել այդ «կիսաճշմարտությունը»։ Պատասխանն ակնհայտ է. իշխանության քարոզչական թիմը, որը նպատակ ուներ և նպատակ ունի թշնամանք հրահրել իր ընդդիմախոսների նկատմամբ։ Որպեսզի մեկին չեզոքացնի, մյուսին լռեցնի, երրորդին բանտարկի, չորրորդին սպանի…

Ու 8-րդ դասարանի կրթությամբ այդ պարզ ու երևի շիտակ գյումրեցի մարդը թերևս այդպես էլ չի հասկացել, որ ակամա դարձել է նիկոլականների գեներացրած՝ ուղղորդված թշնամանքի տարածող։ Չի հասկացել, թե ի՛նչ է նկատի ունեցել Արմենը։ Չի հասկացել, որ իր գրած ցուցմունքը դեր է ունեցել Արմենի ողբերգական մահվան մեջ։ Չգիտեմ։

ՀԳ. Գյումրեցի վկան ափսոսանք հայտնեց, որ այդպես էլ չի կարողացել Արմենին անձամբ հանդիպել, հարցեր ուղղել ու պատասխաններ ստանալ։ Բա ե՛ս ինչքան եմ ափսոսում դրա համար։ Վստահ եմ՝ 10 րոպեյվա զրույցն ամեն ինչ տեղը կդներ. Արմենը բոլոր հարցերի պատասխաններն ուներ։ Ուղղակի վստահ եմ։ Բայց վստահ եմ նաև, որ Արմենը չէր ասի, թե երկրաշարժի բոթը լսելով՝ ինչպես է ամեն ինչ անմիջապես թողել ու մեկնել Լենինական՝ մարդկանց օգնելու։ Չէր ասի, թե ինչպես էր սուս ու փուս, առանց փիառվելու ու անգամ իր անունը հրապարակելու՝ օգնում գյումրեցի մի քանի կարիքավոր ընտանիքների։ Չէր ասի։ Ճիշտ էլ կաներ։

ՀԳ. Այսօր դահլիճում ազատ տեղեր գրեթե չկային։ Հաջորդ նիստը՝ հունիսի 19-ին ժամը 11:00-ին»,- գրել էր իրավապաշտպանը:

Ի դեպ, հատկանշական է, որ ԱԱԾ-ն, հակառակ իր խոստման, այնքան էլ հետևողական չէ ներազգային թշնամանք տարածողների նկատմամբ, եթե նրանք փաշինյանական քաղաքականության կրողներ կամ աջակիցներ են:

Արմեն Գրիգորյանը մնաց միակը, ում կալանավորեցին այս մեղադրանքով, մինչդեռ բազմաթիվ են այլ օրինակներ, երբ ոչ պակաս ահազարհուր ներազգային թշնամանքի օրինակներ են հնչում, տարածվում:

168.am-ը վերջերս ԱԱԾ ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ իր հարցազրույցներում, որոնք բավականին մեծ լսարան լինեն, քաղաքագետ Էդվարդ Անտինյանը գռեհիկ հակաարցախյան քարոզ է անում, ինչին, սակայն, բնականաբար, ԱԱԾ-ի կողմից որևէ արձագանք չեղավ:

Տեսանյութեր

Լրահոս