Այսքան շենքեր են կառուցում՝ ո՞ւմ համար. Արցախից տեղահանված բնակչությա՞ն, թե՞ ադրբեջանցիների, թուրքերի համար. Գառնիկ Դավթյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է:
Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.
- 2021 թվականի մայիսին, մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները, թշնամին ներթափանցեց Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածք, հիմա նույն իրավիճակն է, այս հակահայ իշխանությունները դասեր չեն քաղում իրենց սխալներից: Իմ համոզմամբ՝ դա ոչ թե սխալ էր իշխանությունների կողմից, այլ ավելի շուտ՝ դիտավորություն:
- Ադրբեջանն ակնհայտ ռազմական առավելություն ունի և սրանց վախերից օգտվելով՝ կարողանում է կոնկրետ առաջխաղացում իրականացնել:
- Ադրբեջանցիների համար մենք մատաղացու գառ ենք, որին կարող են կամ սպանել, կամ քշել… Արցախում բարձրախոսով նամազ միացնելով՝ ադրբեջանցիները հոգեբանական ահաբեկչության էին ենթարկում տեղի բնակիչներին, հիմա նույնն անում են Հայաստանի տարածքում առաջխաղացումներով:
- Ադրբեջանցիները մեզ դիտարկում են ոչ թե՝ որպես հակառակ կողմ, այլ՝ իրենց ենթարկվող կողմ, որը կկատարի իրենց կամքը:
- Ադրբեջանը պլանավորված քայլերի հաջորդականությամբ առաջ է գալիս:
- Մենք չենք կարողանում կամ չենք ուզում դիմադրություն ցույց տալ: Եվ անցյալ տարի թշնամու սադրիչ գործողությունները և դրանց ուղղված հայկական կողմի, ըստ էության, անգործությունները համադրելով՝ համոզված եմ, որ վերևից՝ ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից եղել է չկրակելու հրահանգ: Չկրակել, որպեսզի, իբրև թե, Ադրբեջանին չդրդենք կռվի:
- Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, բարելավում է դիրքերը առաջ գնալու համար, իսկ մենք նստած սպասում ենք ու արդարանում, թե նահանջ է եղել, չենք հասցրել դիրքերը բարելավել ու կարգավորել: Սա պարզապես անընդունելի է:
- Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո բանավոր պայմանավորվածությամբ հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը: Հիմա էլ ունեմ լուրջ կասկածներ, որ Ալիև-Փաշինյան-Պուտին եռակողմ պայմանավորվածություններից բացի, կա նաև Ալիև-Փաշինյան՝ Ռուսաստանի և հայ հանրության թիկունքում ձեռք բերված պայմանավորվածություն:
Հայկական կողմն ասում է՝ մենք չենք կարող դիմադրություն ցույց տալ, որպեսզի պատերազմի էսկալացիա չլինի, բանակ չունենք և այլն, կամ ասում են՝ պատերազմից հետո այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ դեռ չենք կարողանում ոտքի կանգնել:
- Հայկական կողմում այսօր առկա են այնպիսի դիրքեր, որոնք ավելի շուտ նման են գերեզմանափոսի:
- Ադրբեջանցիները Լաչինի միջանցքում անցակետ են դնելու այն հատվածում, որը միանում է այլընտրանքային ճանապարհին:
- Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում՝ սպասում են Ադրբեջանի քայլերին, Ադրբեջանն էլ քիչ-քիչ առաջ է գալիս:
- Ադրբեջանն իր դիվանագիտական ու լոբբիստական աշխատանքով համոզում է միջազգային հանրությանը, որ Արցախն Ադրբեջան է, իրենք վերադարձրել են օկուպացված տարածքները, և սրանում մեղավոր է այսօրվա հակահայ իշխանությունը՝ իր անգործությամբ, վախկոտությամբ:
- Այսօրվա իշխանությունները չկարողացան, իսկ ավելի շուտ՝ չցանկացան լոբբիստական ու դիվանագիտական աշխատանքներում օգտագործել մեր ամենահզոր զենքը՝ սփյուռքը: 2018 թվականից հետո սկսեցին կտրել կապը Սփյուռքի հետ, որն ի սկզբանե մշակված ծրագիր էր:
- Փաշինյանը և նրա թիմը համայնքները դիտավորյալ խոշորացրեցին, որպեսզի Հայաստանի սահմանամերձ հատվածում գյուղեր չմնան:
- Եթե Հայաստանը ստորագրի Խաղաղության պայմանագիրը՝ ընդունելով Ադրբեջանի պարտադրած պայմանները, Հայաստանի համար նոր խնդիրներ են առաջանալու, հատկապես փախստականների վերադարձի դեպքում: Դա ամենալուրջ խնդիրն է լինելու: Այսքան շենքեր են կառուցում՝ ո՞ւմ համար: Կասկածելի է, կամ դրանք Արցախից տեղահանված բնակչության, կամ Հայաստանից գնացած ադրբեջանցիների համար են՝ որպես փոխհատուցում: Ադրբեջանի համար Արևմտյան Ադրբեջանն ամբողջ Հայաստանն է:
- Հասարակությունը պետք է աղաղակի, դիմադրություն ցույց տա: Սրանց դուրս քշելու պրոցես պետք է սկսի:
- ՔՊ-ականները մեր պատմությունը հեքիաթ համարելով՝ Ադրբեջանի պատմություն են կերտում: