
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հյուսիսատլանտյան պայմանագրին (ՆԱՏՕ) Ֆինլանդիայի միանալու արձանագրության հաստատման մասին օրենքի նախագիծը։
Քննարկման ժամանակ ելույթ են ունեցել Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները։
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն ընդգծել են, որ Ֆինլանդիան ձեռնարկել է անհրաժեշտ քայլերը, որոնք բխում են Մադրիդում Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ստորագրված եռակողմ հուշագրից։
Նշվում է, որ Հյուսիսատլանտյան պայմանագրին Ֆինլանդիայի միանալու արձանագրության հաստատման մասին օրինագիծը ստորագրել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը և այն ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ու Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։
Ըստ հաղորդագրության՝ Գլխավոր ասամբլեան ընդգծել է, որ Թուրքիան «աջակցում է բաց դռների քաղաքականությանը»։
Քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ։ Օրինագծին կողմ են քվեարկել նիստի բոլոր 276 մասնակիցները։ Ֆինլանդիան օրինական հիմքեր է ստացել դաշինքին լիարժեք անդամակցելու համար:
«Այսպիսով, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Գլխավոր ասամբլեան հավանություն է տալիս Հյուսիսատլանտյան պայմանագրին (ՆԱՏՕ) Ֆինլանդիայի միանալու Արձանագրության հաստատման մասին օրենքի նախագծին»,-ասվում է հաղորդագրության մեջ։