«Գեղարքունիքում թշնամու հարձակումն անխուսափելի է, մտավախություն կա, որ ապրիլին պատերազմ է լինելու». Հակոբ Ավետյան
Վաղ առավոտից համացանցում, մասնավորապես՝ տելեգրամյան տարբեր ալիքներում, տեղեկություններ են շրջանառվում, որ թշնամին փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին:
Այս տեղեկությունը հաստատեց Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ արդեն պատրաստ է Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին Շեն ճանապարհին՝ Բերձորի միջանցքին:
«Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է, և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Այդ ճանապարհը, ի դեպ, Արցախի Հանրապետության սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից»,- նշված էր Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Թշնամու այս գործողությունից հետո այժմ էլ տելեգրամյան բազմաթիվ ալիքներ գրում են Հայաստանի Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ թշնամու հնարավոր հարձակման մասին, սակայն իշխանությունները լուռ են:
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ համացանցից է տեղեկացել այս մասին.
«Ժողովրդի մոտ խուճապ չկա, շատերն անգամ տեղյակ էլ չեն, չենք էլ ուզում խուճապային տրամադրություն ստեղծվի, բայց, որ դա սպասվում է՝ միանշանակ է: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ Գեղարքունիքում թշնամու հարձակումն անխուսափելի է:
Ինքնախաբեությամբ զբաղվելն ամենավատ բանն է, որը եղավ նախորդ տարի սեպտեմբերին, դա ևս ինքնախաբեություն էր, որ ժողովրդին ասում էին՝ ոչ մի բան չկա, բայց ամբողջ գյուղը ռմբակոծվեց, բարեբախտաբար, քաղաքացիական զոհեր չեղան: Հիմա այդ ինքնախաբեությունը կարող է տանել նրան, որ մի օր քաղաքացիական շրջանում լուրջ կորուստներ ունենանք, այդ թվում՝ երեխաներ:
Միշտ էլ պետք է իրականությունը տեսնել, խուճապ պետք չի, բայց գոնե մարդիկ պետք է պատրաստ լինեն մի ձև պաշտպանվելու: Ես տեղյակ չեմ, որ այս պահին ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ տարվեն մարդկանց հետ, թե հարձակման դեպքում ինչ պետք է արվի:
Թե՛ ինձ մոտ, թե՛ ժողովրդի մոտ մտավախություն կա , որ ապրիլին պատերազմ է լինելու, դա կապում ենք սարերի ձյան հալվելու հետ, արդեն ճանապարհները բացվում են, դրա հետ կապված՝ այդ մտավախությունը կա, ոնց որ գարնանն այդ վտանգը ժողովրդի մոտ ավելի է մեծանում: Իսկ ապրիլը սարերի ետևում չէ, հենց հիմա էլ մտածում եմ, որ վտանգը մոտենում է:
Դրա հետ կապված՝ ժողովրդի մեծ մասը նույնիսկ չի ուզում հողերի վրա աշխատանքներ կատարել, ոչ մի բան: Օրինակ՝ Սոթքում կովերի համարյա 80 տոկոսը վերացրել են, մարդիկ այն վիճակում են, որ, երբ պետք լինի՝ առաջին անհրաժեշտության իրերը վերցնեն, երեխաների հետ փախչեն…»:
Մեր դիտարկմանը, որ մի կողմից՝ կարդում ենք թշնամու սադրիչ հայտարարություններն ու տեսնում նրա ագրեսիվ գործողությունները, մյուս կողմից էլ՝ տեսնում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների պնդումը, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին, սա ինչպե՞ս կարելի է մեկնաբանել, Հակոբ Ավետյանը պատասխանեց.
«Եթե այս դեպքում նորից խաղաղությունից են խոսում, ուրեմն նշանակում է, որ այս ամենը պլանավորված է, ոչ թե պատահական ագրեսիա կամ այլ բան: Նշանակում է, որ ժողովրդին նախապատրաստում են, որ մենք գնում ենք խաղաղության, որ մի բան էլ լինում է, հես ա շուտ դեմը կառնենք… Այսինքն՝ կա ծրագիր, որը շարունակվում է, ես վստահ եմ, որ ոչ մի բանն էլ պատահական չի: Եթե երկրի ղեկավարությունն այս իրավիճակի հետ կապված նիստ է անում, ու չեն խոսում այս իրավիճակի դեմն առնելու մասին, այլ խաղաղության պայմանագրի մասին են խոսում, ու այն դեպքում, որ այդ խաղաղության պայմանագիրն էլ այն նշանակությունն ունի, որ թելադրում են Թուրքիան և Ադրբեջանը, այսինքն՝ իրենք իրենց պայմաններն են դրել, մեր կողմից ներկայացված ոչ մի պայման իրենց կողմից չի ընդունվում, ուրեմն նշանակում է, որ այդ ամենը որոշված է, պայմանավորված է, ես այդպես եմ պատկերացնում…
Հենց հիմա, որ նայում եմ սարերին, ընդամենը 1 շաբաթ հետո ձյունը կհալվի, ու այդ վտանգը շատ մեծ է: Մինչև այս պահը հարձակումն իրենց համար լուրջ խնդիր կլիներ, չէին կարող որևէ գործողություն անել, հիմա այդ խոչընդոտն արդեն չունեն, նշանակում է, որ իրենց ճանապարհները բաց են, մնում է հասկանալ՝ իրենք այս պահին ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում… Մենք շատ վատ իրավիճակի առաջ ենք կանգնած»:
Իսկ այս ընթացքում իշխանանության ներկայացուցիչները՝ նախարարներ, պատգամավորներ, գալի՞ս են գյուղեր, բնակիչների հետ հանդիպեն, տեսնեն՝ ինչ պայմաններում են ապրում մարդիկ, հարցրեցինք Հակոբ Ավետյանին.
«Չէ՛, ոչ մեկն էլ չի գալիս, անգամ նախորդ տարի՝ սեպտեմբերյան դեպքերի հետ կապված, նույնիսկ իրենց պարտավորությունները, որ խոստացել էին, լիարժեք չեն կատարել, անգամ մարզպետը չի բարեհաճում գա, միայն նկարվելու համար են ստից գալիս, թողնում-գնում:
Շատ վատ է, որ այս իրավիճակում ենք ու այսպիսի հարցի շուրջ ենք զրուցում, հիմա ավելի շատ պետք է մտածեինք համախմբվելու մասին, բայց ժողովուրդը հիասթափված է, իսկ այդ հիասթափությունը գալիս է մեր Կառավարության պահվածքից»: