Ամբոխները համակերպված

Հայաստանում ու Հայաստանի շուրջ կատարվողի վերաբերյալ հանրային գրեթե բոլոր շերտերում լուռ, չբարձրաձայնվող կոնսենսուս կա՝ բոլորըսպասում են մեծ, ավելի մեծ աղետի։ Դա կլինի նոր պատերազմի՞, «խաղաղության պայմանագրի՞» ստորագրման տեսքով, թե՞ որևէ այլ դրսևորմամբ, այս պահին այնքան էլ հստակ չէ։ Բայց բոլորի համար միանշանակ է, որ աղետ լինելու է։

Նորմալ, ներքին դիմադրողականություն ունեցող հասարակություններում մոտալուտ աղետի վտանգը միավորող, կոնսոլիդացնող նշանակություն է ունենում, հանրությանը ստիպում է մոբիլիզացնել ներքին ռեսուրսներն ու պատրաստվել պայքարի։ Մեր դեպքում, սակայն, աղետի անխուսափելիության շուրջ կոնսենսուսն արտահայտվում է համընդհանուր թուլացմամբ ու պայքարի որևէ դրսևորման բացակայությամբ։

Կոնսենսուսը կարծես կայացել է նաև անպայքար հանձնվելու հարցի շուրջ։Հայաստանն ապրում է գործնականում հանձնված-հանձնած ռեժիմում։ Իշխանությունը՝ ամենավերևից մինչև ամենաստորին շերտը, գործում է ամեն ինչ թշնամուն և մնացյալին հանձնելու տրամաբանությամբ։ Հասարակության մնացյալ շերտերն էլ, այդ թվում՝ բոլոր նրանք, ովքեր քաղաքական պայքարի մանդատ ունեն, կարծես հանձնվել են իշխանությանը՝ բառի ոչ թե ուղիղ, այլ փոխաբերական իմաստով։ Հանձնվելու այս տոտալ պատրաստակամությունը պետությանը զրկել է պայքարի, իրական պայքարի, իր իրավունքները պաշտպանելու բոլոր ռեսուրսներից ու հնարավորություններից և գործնականում աշխարհում հանդես է գալիս՝ որպես ամեն ինչ հանձնելու պատրաստ կազմավորում։ Իսկ այդպիսինների հետ ոչ միայն նորմալ չեն հարաբերվում, այլ անգամ չեն վերաբերվում ամենասովորական հարգանքով։

Այս մթնոլորտը, իհարկե, մեկ օրում կամ մեկ տարում չի ձևավորվել, այն հետևողական ու մեթոդական աշխատանքի արդյունք է, որը վարվել է գործող իշխանության կողմից՝ հանրությունն ու պետությունը ներքին դիմադրողականությունից զրկելու նպատակով։ Այդ հարցում իշխանությունը թիվ մեկ շահառուն է, քանի որ դիմադրողականություն ու պայքարի ուժ ունեցող հասարակությունը վտանգ է ներկայացնում առաջին հերթին՝ այն իշխանության համար, որը երկիրը տանում է աղետաբեր ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանին, ահա, հաջողվել է հանրային դիմադրողականությունը թուլացնել այնպես ու այնքան, որ անարգել կարողանում է Հայաստանի հետ անել ամեն ինչ՝ յուրաքանչյուր աղետից հետո հաջորդի համար ավելի գոտեպնդվելով դիմադրության բացակայությունից։

Կարդացեք նաև

Հանրային այս մթնոլորտը, անտարբերությունն ինքնին արդեն աղետ է, քանի որ ամեն ինչ հանդուրժելու պատրաստ հասարակությունը վտանգավոր է առաջին հերթին՝ ինքն իր համար։ Այս իրավիճակից ելքը, իհարկե, հեշտ չէ և առաջին հերթին պահանջում է հանրային առողջացում, հասարակական դիմադրողականության վերականգնում ու իրական պայքարի ոգի։

Բայց դա տեղի չի ունենում, որովհետև այդպիսի հասարակություն ունենալու շահառուն հենց հասարակությունն ինքն է, մնացած բոլոր խմբերը, ովքեր աշխատում են հանրության հետ, նման փոփոխության շահառուներ չեն, որովհետև առողջացած հասարակությունը դառնալու է նաև պահանջատեր ու պահանջներ է ներկայացնելու, առաջին հերթին, իշխանությանը, բայց նաև բոլոր նրանց, ովքեր երկրի ճակատագրի համար առնվազն ֆորմալ պատասխանատվություն են կրում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս