Բաժիններ՝

Մրցակցություն որ լինի՝ լավ կլինի, որովհետև հիմա շատ տխուր վիճակ է. Վարորդները սպասում են ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ի վճարման կարգի փոփոխություններին

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ի վճարման կարգի փոփոխություն կլինի: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2023 թվականի մարտի 21-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի հաստատած «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի ապրիլի 1-ին, բացառությամբ կանոններում կատարված որոշ փոփոխությունների և լրացումների, որոնք ուժի մեջ կմտնեն ԱՄՄՊ համակարգում համապատասխան ծրագրային հնարավորությունները ներդրվելուց հետո։

Ապահովագրական պատահարի վերաբերյալ տեղեկացման պարտավորության կատարումը դյուրինացնելու և ձևական պարտավորություններով ապահովադիրներին չծանրաբեռնելու նպատակով սահմանվել է՝ եթե պատահարում ներգրավված երկու կամ ավելի ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագրերը կնքված են եղել միևնույն ապահովագրական ընկերությունում, ապա դրանցից մեկի վարորդի կողմից ապահովագրական պատահարի վերաբերյալ տեղեկացման պարտավորությունը պատշաճ կատարվելու դեպքում մյուս ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից նույնպես այդ պարտավորությունը համարվում է պատշաճ կատարված՝ անկախ տվյալ ապահովագրական ընկերությանն անմիջականորեն իրենց կողմից տեղեկացնելու հանգամանքից։

Սահմանվել է, որ այսուհետև ԱՊՊԱ վկայագրի սերիաները տրամադրվելու են ԱՄՄՊ համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով. մինչ օրս դրանք տրամադրվում էին Բյուրոյի կողմից (ոչ ինքնաշխատ եղանակով), ինչը համահունչ չէ ԱՄՄՊ համակարգի պայմաններում գործընթացների ներկա ավտոմատացման մակարդակին։ Միաժամանակ, փոփոխվել է ԱՊՊԱ վկայագրի ծածկագրի սահմանման տրամաբանությունը՝ հնարավոր համակցությունների սպառման դեպքերից խուսափելու համար։

Սահմանվել է հիվանդանոցային բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում մետաղական կոնստրուկցիաների կամ իմպլանտների օգտագործման դեպքում հավելյալ՝ մինչև երեք հարյուր հազար ՀՀ դրամի կանխավճարի հնարավորություն։

Կարդացեք նաև

Վարորդները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ սպասում են՝ տեսնեն, թե ե՞րբ են ԱՊՊԱ ընկերությունները հրապարակելու իրենց գնային քաղաքականությունը:

Ե՞րբ վարորդները կիմանան, թե ինչ փոփոխություններ են սպասվում։ Չնայած, նրանց փոխանցմամբ, ապահովագրական 1-2 ընկերություն արդեն օնլայն հաշվիչ տեղադրել են, որով կարող են իմանալ, թե ապրիլի 1-ից ինչ գին կլինի կոնկրետ մեքենայի դեպքում: Այս հարցերի պատասխանները 168.am-ը փորձեց ստանալ հենց վարորդներից:

«Մրցակցություն որ լինի՝ լավ կլինի, որովհետև հիմա շատ տխուր վիճակ է: Եթե նախկինում մեքենային հարվածում էին, նորմալ գին էին վճարում: Իմ մեքենան Volkswagen էր, վթարը եղավ 2017թ., հարվածեցին հետնամասին և այդ ժամանակ ինձ վճարեցին 260.000 դրամ, բայց ծախսեցի 60.000 դրամ՝ մեքենան կարգի բերելու համար: Այսինքն, այնպես էին վճարում, որ մեքենադ չօգտագործելիս հաշվի էին առնում, որ տաքսիներից ես օգտվելու: Իսկ հիմա նույն վթարի դեպքում տալիս են 30.000 դրամ: Ծանոթներիցս մեկի մեքենային օրեր առաջ խփել էին, 120.000 դրամ էր ուզել, վճարել էին 80.000 դրամ, ու այդ գնով մեքենան ոչ մեկը չէր սարքում: Ընկավ դռնեդուռ, հազիվ մեկին գտավ: Հիմա, եթե շատ վճարեն, լավ կլինի, բայց եթե ԱՊՊԱ-ն թանկանա, ապա լավ չէ: Չգիտեմ, սպասենք՝ գները հրապարակվեն, նոր հասկանանք»,- նշեց վարորդ Արմենը:

Մեկ այլ վարորդ էլ իր հարցերն ուղղեց, նրան հետաքրքրում էր, թե կարգապահ, խախտումներ չկատարող վարորդներին, որոնք նաև պարտաճանաչորեն վճարում են ապահովագրության համար սահմանված գումարը, ինչ է սպասվում. «Իմ ԱՊՊԱ-ն 46000 դրամ է, արդեն 5 տարի եղավ՝ առանց վթարի ու տուգանքի՝ մինչև այսօր, հետաքրքիր է՝ ի՞նչ է ինձ սպասվում»:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի պատասխանատու ակտուար Զառա Հակոբյանն էլ Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է. «Հիմա վճարմանն ենք անցնում ու տեսնում, որ բոլոր ընկերություններն առաջարկում են տարբեր գներ, այսինքն՝ գոյություն ունեցող 10 դասի համար՝ 20 հազարից մինչև 50 հազար գին տվյալ տրանսպորտային միջոցի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս