
«Մամ, մենք Քրիստինե Պեպելյանի «Մայրիկ» տեսահոլովակի երեխեքի նման չենք լինի, չէ՞. պառկած վիճակում մի ձեռքով սկսեցի աշխատել, որ աղջիկներիս աչքերի փայլը չմարի»

Մեր շրջապատում հաճախ ենք հանդիպում ուժեղ կանանց, ովքեր հաղթահարում են ճանապարհին հայտնված խոչընդոտները, պայքարում ամեն ինչի, այդ թվում՝ վրա հասած հիվանդության դեմ ու հաղթող դուրս գալիս: Այդպիսին է Լուսինե Միքայելյանը, ով 12տարի առաջ ինսուլտի հետևանքով քայլել չի կարողացել, սակայն գտել է ուժ՝ երեք երեխաներին պահելու, նրանց չկոտրելու համար:
«Դպրոցն ավարտել եմ գերազանցությամբ, սովորել եմ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի, գրականագիտություն ֆակուլտետներում, այնուհետև անցել հեռուստառադիո մենեջմենթի կուրսեր և աշխատել «Շանթ», «Արմենիա» հեռուստաընկերություններում՝ որպես կոմերցիոն բաժնի մասնագետ:Առաջին անգամ 12 տարի առաջ ինսուլտի հետևանքով 2 տարի չքայլեցի, երկրորդ ինսուլտը ստացա` ևս 6 ամիս չքայլեցի, իսկ վերջինը՝ նախանցյալ տարի դեկտեմբերին ոտքս ուղղակի սկսեց ցավել ու ծնկոսկրի կաթված ախտորոշեցին:
Ոսկորս փշրվում էր: Երկար փնտրտուքից հետո «Նաիրի»բժշկական կենտրոնից մի պրոֆեսոր ստանձնեց բուժումը. ցավերը մեղմացան, բայց քայլում էի ձեռնափայտերով. մնացին աղոթքները…»,- մեզ հետ զրույցում պատմեց Լուսինեն և ուրախությամբ հայտնեց, որ արդեն 20 օր է՝ քայլում է՝ հստակ ու ինքնավստահ:
Ամուսնալուծությունն ու ունեցվածքի կորուստը կոտրեցին, ասաց Լուսինեն, բայց ուժ են տվել դուստրերը:
«Մեծ աղջիկս 9 տարեկան էր, ասաց՝ մամ, մենք Քրիստինե Պեպելյանի «Մայրիկ» տեսահոլովակի երեխեքի նման չենք լինի, չէ՞: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ էր ինձ մնում անել: Պառկած վիճակում, մի ձեռքով սկսեցի ձեռքիս աշխատանքները: Շրջապատում ով ինչ ուլունք, զարդ քար ուներ՝ բերում էր:
Մեր մոտ մի հեռախոսի խանութ կար, տնօրենը՝ Առնակը, ամեն օր մի մեքենայի խաչ էր պատվիրում, որ մենք օրվա հաց ունենանք: Հետո պարզվեց, որ ստիպելով ընկերներին է վաճառում՝ մեզ օգնելու համար:
Շատ բանի միջով անցանք՝ անլույս ու նեղ օրեր, բայց աղջիկներիս աչքերի փայլը չմարեց, որն էլ ինձ ուժ տվեց ու լուսավորեց: Մենք հիմա ապրում ենք վարձով՝ շատ անբարվոք տան մեջ, չունենք առաջնային անհրաժեշտության շատ բաներ՝ աթոռներ, սառնարան, հեռուստացույց, բայց հավատացեք, դա ոչինչ չի փոխում: Մեր տան մթնոլորտը կայուն է ու դրական»,-նշեց մեր զրուցակիցը:
Լուսինեն այժմ արդեն աշխատում է պատվերով, ուլունքներից բացի, օգտագործում է այլ քարեր:
«Ձեռքիս տակ չունենալով այն, ինչ ուզում եմ անել՝ փորձեցի ստանալ ուլունքներով, և ստացվեց: Տարիների ընթացքում սկսեցի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր օգտագործել: Այդպես զարգացավ աշխատանքների մակարդակը: Աշխատում եմ միայն պատվերով, չնայած առաջարկում եմ իմ մտահղացումները: Երազում եմ Նժդեհին «հավաքել», բայց դեռ պատվեր չունեմ: Գիտեք, ինչքան էլ մարմինդ հիվանդ լինի՝ հոգիդ պետք է հիվանդ չլինի: Առողջ հոգին լույս ու հույս է բերում, ինչպես նաև նպատակ և դրան հասնելու ուժ: Առողջ պահենք մեր ներսը, չապականենք մեր արժանիքները, մնացած ամեն ինչ ձեռքբերովի է»,-եզրափակեց Լուսինե Միքայելյանը: