Արևմուտքը որոշակի հեռավորություն է պահպանում թե Երևան-Բաքու, թե Բաքու-Ղարաբաղ բանակցություններից. վերլուծաբան

«Երևան-Բաքու բանակցություններում, ամենայն հավանականությամբ, խնդիրներ կան արտաքին խաղացողի մասնակցության բացակայության պատճառով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով Երևան-Բաքու բանակցություններին։

Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ եղել է ռուսական տարբերակ, որին ՀՀ-ն համաձայնություն տվել է, ադրբեջանական կողմը՝ ոչ։ «Մնացածը ոչ մեկի տարբերակն է, այսինքն՝ հայ-ադրբեջանական տարբերակ ըստ էության։ Արևմուտքը մեզ որևէ փաստաթուղթ չի առաջարկել»,- ասել է Միրզոյանը։

Արձագանքելով տեսակետին, թե «Ռուսաստանն առաջարկում է Արցախի հարցը թողնել ապագային, պայմանական Արևմուտքն ասում է՝ Արցախի հարցը էս պահին լուծենք Արցախը Ադրբեջանի կազմում», նա ասել է՝ ռուսական տարբերակը ենթադրում է կարգավիճակի պարզաբանում հետագայում, այս փաստաթղթով և այս գործընթացում, որում ներգրավված են բանակցային, ենթադրում է Լեռնային Ղարաբաղին իրավունքների և անվտանգության հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծում։

Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ արևմտյան առաջարկ չկա, քանի որ Արևմուտքը ցանկանում է բանակցություն կողմերի միջև՝ միևնույն ժամանակ չցանկանալով անընդհատ մասնակցել բանակցություններին՝ ռեսուրս տրամադրել, ինչպես նաև չցանկանալով ՌԴ մասնակցություն, որն իր շահերն է առաջ մղում ռեգիոնում։

Ըստ նրա, դատելով այն տեղեկատվությունից, որ հայկական կողմն է դիմել ԱՄՆ պետքարտուղարին՝ աջակցելու գործընթացին, այդ ուղիղ ձևաչափում կան խնդիրներ, այսինքն՝ բնականոն բանակցություն չի հաջողվում, ուստի հարկավոր է միջնորդ, որպեսզի բանակցությունները հավասարակշռված լինեն։

«Այսինքն՝ այն, ինչ ներկայումս է տեղի ունենում կողմերի միջև, կառուցողական չէ, ժամանակի երկարաձգում է բանակցային վակուումից խուսափելու նպատակով, հաշվարկով, որ ինչ-որ փուլում գործընթացն ավելի հետաքրքիր կդառնա արտաքին խաղացողների համար։ Ներկայումս փաստն այն է, որ Արևմուտքը լիովին ներգրավված չէ, և դա ոչ բոլոր կողմերին է գոհացնում։ Այս հակամարտությունը մշտապես պահանջել է արտաքին մեծ ներգրավվածություն, որը փաստորեն այսօր ևս չի հաջողվում»,- ասաց նա։

Նույն թեման, վերլուծաբանի խոսքով, բարձրացվում է Բաքու-Ղարաբաղ բանակցությունների դեպքում։

«Սակայն դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք Արևմուտքը նախատեսում է մասնակցել նման ձևաչափի, որին Ադրբեջանը դեմ է։ Այսինքն, գնահատելով իրավիճակը, մենք արձանագրում ենք ռեգիոնում Արևմուտքի կողմից նոր մակարդակի ներգրավվածություն, սակայն փաստորեն դա ևս բավարար չէ կայունության համար, ինչն Արևմուտքում լիովին չեն հասկանում կամ ավել ջանք չեն պատրաստվում ներդնել»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս