«Սպասելի է, որ այս իրավիճակին պետք է ուժի կիրառում հաջորդի Ադրբեջանի կողմից…». Մետաքսե Հակոբյան

Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը մարտի 18-ին օկուպացված Թալիշ գյուղից սպառնաց Հայաստանին՝ ընդունել խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս:

«Հայերը պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները: Միայն այս դեպքում նրանք կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում»,- հայտարարել էր թշնամի պետության ղեկավարը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ալիևի այս հայտարարությանը՝ ասաց.

«Ալիևի հայտարարություններում և պահվածքում որևէ բան չի փոխվել, իրենք այն պլան-մաքսիմումը, որ ունեին ի սկզբանե, առավել ևս՝ 2018 թվականից սկսած, երբ Հայաստանում իրենց հետ համագործակցող իշխանություն ունեցան, իրենք որևէ կերպ չեն շեղվել իրենց օրակարգից և դրան էլ համահունչ հայտարարություններ են անում:

Կարդացեք նաև

Ալիևը չի թաքցնում, որ որևէ պայմանավորվածություն իր համար առոչինչ է, նույնը վերաբերում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Փաստացի 100 օր Արցախը շրջափակման մեջ պահելով, ըստ էության, Ալիևը չեղարկելով այդ եռակողմ հայտարարությունը՝  շարունակում է պնդել, որ պատերազմով բոլոր հարցերը լուծվել են:

Ինչքան էլ տարօրինակ է, միջազգային ողջ հանրությունը՝ Արևմուտք, Ռուսաստան, բոլորը պնդում են, որ պետք է լինի բանակցային գործընթաց, որ պատերազմը որևէ բան չի որոշում, բայց միևնույն է, Ալիևն ունի իր օրակարգը, իր հայտարարությունները, ըստ որոնց՝ Արցախի հարցն ինքը պատերազմով փակել է, և մնացած բոլոր գործողությունները բխում են դրանից:

Միանշանակ է այն, որ բռնապետը կարողանում է նաև հաջողել՝ ունենալով գործընկերներ Հայաստանի Հանրապետությունում՝ ի դեմս իշխանությունների, որովհետև ՀՀ իշխանությունները ոչ թե չեն հակազդում կամ հակառակ հայտարարություն չեն անում, այլ ՀՀ իշխանությունները համագործակցում են և այդ նույն օրակարգի մեջ են, որովհետև փաստ է, որ գոնե վերջին 1 տարին ՀՀ իշխանությունների խոսույթը նույնն է, Արցախի հարցն իրենց համար փակված է, Արցախից իրենց ձեռքերը լվացել են և արդեն իսկ Արցախը դիտարկում են՝ որպես մի տարածք, չեն թաքցնում, որպես Ադրբեջանի տարածք, որտեղ ուղղակի հայերի փոքրամասնություն է ապրում, խոսում են միայն այնտեղ ապրող հայերի իրավունքների և անվտանգության մասին:

Եթե Ալիևը դրանք անում է կոշտ, կոպիտ հայտարարություններով, ՀՀ իշխանությունները՝ նուրբ: Միևնույն է, նույն օրակարգն է, նույն խոսույթն է, նույն նպատակն է, որովհետև այլևս չխոսել Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ըստ էության չեղարկել 1992 թվականի Գերագույն խորհրդի որոշումը, ինչն անում է ՀՀ իշխանությունը, նույն բանն է, որ այսօր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչն իրենք անում են: Արցախի կարգավիճակի համար որևէ բանակցային գործընթաց չկա, ինչն ըստ էության էլի չեղարկել են ՀՀ իշխանությունները, և եթե մինչ այդ կարգավիճակից բխել է Արցախի Հանրապետությունում բնակվող հայերի անվտանգությունը, իրավունքները, հիմա իրենք հակառակն են անում:

Պետք է չզարմանալ Ալիևի այս հայտարարություններից, որովհետև սա համագործակցության արդյունք է, Ադրբեջանն ունի այն բոլոր պայմանները, որ այսպես խոսի, իսկ այդ պայմաններն ու հնարավորությունները, ցավոք սրտի, իրենց տվել է Հայաստանի իշխանությունը»:

Վերջերս ավելի են ակտիվացել տեղեկությունները, որ թշնամին ռազմատեխնիկա է կուտակում՝ ինչպես Հայաստանի՝ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանին, այնպես էլ՝ Արցախի Հանրապետության շփման գծով: Այս համատեքստում Արցախի ԱԺ պատգամավորին հարցրեցինք, թե ի՞նչ իրավիճակ է Արցախում.

«Բոլորս էլ հասկանում ենք թշնամու գործողությունները, առավել ևս, 100 օր շրջափակման մեջ ապրելով՝ գիտակցում ենք  և մեզ համար սպասելի է, որ, բնականաբար, այս իրավիճակին պետք է ուժի կիրառում հաջորդել Ադրբեջանի իշխանությունների կողմից, հնարավոր են ցանկացած տեսակի պատերազմական գործողություններ, այլ հարց է, թե մենք ինչքանո՞վ ենք պատրաստվում դրան, ինչքանո՞վ են լուրջ վերաբերվում դրան ՀՀ իշխանությունները, որովհետև անվտանգային համակարգն Արցախում մենք դիտարկում ենք Հայաստան-Արցախ անվտանգային ընդհանուր համակարգ, մենք դա առանձին չենք դիտարկում, եթե վտանգված է Արցախը, բնականաբար, առավել քան վտանգված է Հայաստանը, և՝ հակառակը: Ճանաչելով թշնամուն՝ մենք գիտակցում ենք, որ անպայման ինքը գնալու է կոշտ ուժի կիրառմանը, որովհետև 100 օր ինքը դա անում է Արցախում: Եթե սա կարելի է դիտարկել փափուկ ուժի կիրառում, ապա ճանաչելով թշնամուն՝ դրան, բնականաբար, հետևելու է հաջորդ քայլը, կամ ինքը պետք է կորզի մաքսիմում իր զիջումները, ինչը որ ուզում է:

Իսկ վերջերս ադրբեջանական կողմից շատ է ակտիվացել «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ պահանջը: Ինչքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն հակառակվել, ասել, որ նման բան օրակարգում չկա, փաստ է, որ կա, համենայն դեպս, Ադրբեջանի իշխանության կողմից այդ պահանջը դրված է: Բնական է, որ իրենք ճնշումների են գնալու՝ կորզելու մաքսիմում բոլոր զիջումները, թե ինչքանով են այսօր ՀՀ իշխանությունները պատրաստ գնալու այդ զիջումներին, կարծում եմ՝ 2-րդ կարծիք լինել չի կարող»:

Արցախի Ազգային ժողովը մարտի 15-ին առաջին ընթերցմամբ ընդունեց փոփոխություն, համաձայն որի՝ ռազմական դրության դեպքում նախագահ ընտրելու իրավունքը կվերապահվի Ազգային ժողովին: Հարցին՝ եթե ԱԺ-ն փոփոխությունը 2-րդ ընթերցմամբ էլ ընդունի, ի՞նչ գործընթաց է հաջորդելու դրան, և արդյոք ԱՀ նախագահի փոփոխություն կլինի՞, և դա ինչ-որ բան կփոխի՞ Արցախի հարցի գործընթացում.

«Նախագահի փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ, հրաժարական կլինի՞, թե՞ ոչ, ես չեմ կարող պատասխանել, դրան պետք է պատասխանի հենց Արայիկ Հարությունյանը, որը մի քանի անգամ իր խորհրդականների կամ մամուլի խոսնակի միջոցով տեղեկացրել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, որ սա զուտ մարտահրավերներին դիմակայելու համար է,  եթե ինչ-որ խնդիր լինի՝ պետականության սյուները չխարխլվեն:

Այո, առաջին ընթերցմամբ ընդունվեց փոփոխությունը, քանի որ քաղաքական առումով կար այդ գիտակցումը, որ ցանկացած ճգնաժամային խնդիր պետք է կանխավ արդեն որոշակիություն ստանա, սակայն մենք տեսանք բավականին իրավական խնդիրներ այդ հոդվածն առանձին ԱԺ բերելու՝ անցումային դրույթների, Սահմանադրական իրավունքի մասով խնդիր: Պետք է լինի 2-րդ ընթերցումը, և բերող կողմը խնդրեց, որպեսզի դա արագացված լինի, եթե ըստ ընթացակարգի՝ 2 շաբաթում պետք է լիներ, ապա 1 շաբաթում պետք է լինի, որից հետո պետք է գնա Գերագույն դատարան, որտեղ էլ Գերագույն դատարանն իր որոշումը կկայացնի՝ կա՞ այդտեղ Սահմանադրական իրավունքի խախտում, թե՞ ոչ: Հուսանք, որ անաչառ կլինի դատարանը և որևէ ճնշման չի ենթարկվի այդ առումով: Դրանից հետո, ըստ ընթացակարգի, մի քանի ամիս դեռ ժամանակ է ունենալու մինչև 3-րդ ընթերցումը, այսինքն՝ մինչև ուժի մեջ մտնելը կամ չմտնելը: Այստեղ տարակուսելին այն է, որ Սահմանադրական բարեփոխումների փաթեթը ևս շրջանառության մեջ է, և մենք հորդորել ենք, կոչ ենք արել, որ ոչ թե այսպիսի պահվածք դրսևորեն իշխանությունները, այլ ամբողջ փաթեթով մենք գնանք, և անպայման տեղի ունենա հանրաքվե, որովհետև հենց հանրաքվեն է երկրի սուբյեկտայնության, պետականության ցուցադրությունը, եթե դու դա չես անում, դու հրաժարվում ես քո սուբյեկտ լինելուց, այսինքն՝ առավել քան անհրաժեշտություն է գնալ Սահմանադրական բարեփոխումների հենց հանրաքվեի միջոցով, ինչից կարծես թե խուսափում են ներկայիս իշխանությունները»:

Մեկ ամիս առաջ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ Արցախ վերադառնալու և քաղաքական հավակնությունների մասին բավականին ակտիվ հայտարարություններից հետո, տարօրինակ պասիվություն է ցուցաբերում, ուստի Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք տեղյա՞կ է՝ Սամվել Բաբայանն ինչ գործունեություն է ծավալում Արցախում.

«Անկեղծ ասած, տեղյակ չեմ, որովհետև բացարձակ հետաքրքրված չեմ, որովհետև այն հայացքները կամ այն առաջարկները, որոնք հանրային ենք լսել, մեզ որևէ կերպ հետաքրքիր չէ, դրանք մեր օրակարգում չեն կարող ընդհանրապես լինել, քանի որ մեր պատկերացումները լրիվ հակառակն են: Վերջերս մենք՝ ԱԺ ընդդիմադիր 3 խմբակցությունների կուսակցություններով, ստեղծեցինք միջկուսակցական մարմին, որը հանրային տիրույթում շատ բուռն գործունեությամբ է զբաղված, որը բավականին հաջողել է: Ամեն դեպքում ժողովուրդն իմաստուն է, ժողովուրդը տեսնում է, թե որն է իր շահերից բխող օրակարգը, ասեմ, որ մեր դեպքում հաջողվել է, բավականին լայն հանրային աջակցություն կա այդ առումով և գիտակցում ու ոգևորություն կա, դրա համար մենք բացարձակ հետաքրքրված չենք այդ տեսական քաղաքականություն տանող կուսակցությունով, խմբակցությունով և, առավել ևս, այդ օրակարգով»:

 Վաղը լրանում է Արցախի շրջափակման 100 օրը: 100 օր Արցախը պատերազմի մեջ է, պատերազմի մեջ է, որովհետև այս ընթացքում մարդիկ են մահանում, որոնք չէին մահանա, եթե չլիներ այս շրջափակումը, և սա հետևանքն է դրա: 100 օր Արցախի մանուկները վիտամիններից զուրկ են ապրում, 100 օր սոցիալական ծանր վիճակում են մարդիկ:  Որպես ԱԺ պատգամավոր՝ տասնյակներով ինձ դիմում են, որոնք մնացել են առանց աշխատանք, առանց ապրուստի միջոցի, գումարած մարդիկ, որոնք ունեին կայուն աշխատանք և վարկային պարտավորվածություն, հիմա հայտնվել են ծանր կացության մեջ և չեն կարողանում պարտավորությունները կատարել բանկերի նկատմամբ, չեն կարողանում իրենց ընտանիքը պահել: Կարծում եմ՝ Արցախն այսօր իրականում հումանիտար աղետի շեմն անցնում է, այնպես չէ, որ ուղղակի հումանիտար ճգնաժամ է, աղետ է այսօր Արցախում: Արցախի և Հայաստանի իշխանությունների ոչ բավարար, ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով՝ այդպես էլ այս խնդիրը չհանգուցալուծվեց, այլ հակառակը, կարծես թե հենց իրենց ձեռամբ փակուղի մտցվեց այս լրջագույն խնդիրը:

Եթե առաջ մենք ասում էինք՝ ամեն վայրկյան սպասում ենք ճանապարհի բացմանը, և կան դրա բոլոր նախապայմանները, հիմա այլևս չենք ասում դա, քանի որ տեսնում ենք, թե ինչպես են Արցախի և Հայաստանի իշխանություններն ամեն բան մտցրել փակուղի:

Արցախում քաոսային իրավիճակ է նկատվում նաև աշխատանքները ճգնաժամային իրավիճակում կազմակերպելու ուղղությամբ, եթե քիչ թե շատ կարգավորվել էր, և բավարար ձևով այլևս սոցիալական շերտերը չէին զգացվում, և բավարար ձևով մարդիկ կարողանում էին օգտվել, հիմա դա այլևս չկա, քաոս է, անհնար է ունեցած կտրոններով որևէ բան գնել, որովհետև Կառավարության կողմից ամբողջովին բարձիթողի վիճակ է, և տնտեսվարողները՝ ով ինչպես պատկերացնում, այնպես էլ վերաբերվում է ժողովրդի հետ: Գումարած դրան՝ իշխանության թողտվությամբ մեծացել է զարտուղի ճանապարհներով ապրանքների ներկրումն Արցախ, ընդ որում, անհայտ երկրների ապրանքների, որովհետև շատ տարօրինակ տեսքի են այդ ապրանքները՝ մեզ անծանոթ, որոնք ներկրվում են Արցախ աստղաբաշխական գներով: Ընդհանրապես հնարավոր չէ պատկերացնել, որ կարող են այդպիսի գներով ապրանքներ լինել Արցախում:

Օրինակ՝ կարտոֆիլ եմ տեսել, որի կիլոգրամն արժեր 6000 դրամ, բերվում է լոլիկ, որի ծագումը չգիտես՝ որտեղից է, վաճառում են կիլոգրամը 3000 դրամով: Արկղերի արտաքին տեսքը շատ տարօրինակ է… Չեմ կարող ասել, թե որ երկրից է բերվում, ինչ կերպ է բերվում, բայց ամեն դեպքում, սա այն չէ, ինչ ես՝ որպես սպառող, գնում էի մինչև շրջափակումը: Վստահ եմ, որ Կառավարությունը տեղյակ է, թե ինչ ձևով են դրանք հայտնվում Արցախում, արդեն ըստ օդում կախված լուրերի՝ դրանք իշխանություններին մոտ մարդիկ են, անմիջական աջակցություն ունեն իշխանություններից: Մի խոսքով՝ այս իրավիճակը եզակի մարդկանց համար, ովքեր իշխանությունների կողմից ունեն աջակցություն,  հարստանալու միջոց է, պատերազմի ժամանակ ևս, ցավոք սրտի, նման դեպքերի ականատես եղանք…

Ռուբեն Վարդանյանի ժամանակ նման բան չկար, իրոք ամոթի գործոնն աշխատում էր, միգուցե կային մարդիկ, որոնք փորձում էին թաքուն բաներ անել, բայց դա մենք չէինք տեսնում, կամ, եթե կար, շատ քիչ էր: Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնից ազատվելուց հետո, ես՝ որպես սպառող, միանգամից այդ փոփոխությունը զգացի: Ես նույն սպառողն եմ, որը 2 անգամ կտրոն է ստացել, առաջին անգամ շատ հանգիստ միրգ-բանջարեղեն եմ գնել, իսկ հիմա, երբ 2-րդ կտրոնը վաղուց տրվել է, որևէ բան անհնար է գնել, որովհետև տնտեսվարողներն ուղղակի առանց կտրոն իրենց ծանոթներին են վաճառում, կամ թանկ գնով, առանց կտրոնի վաճառում են, և որևէ մեկը չի վերահսկում»:

Արցախի ԱԺ պատգամավորը ստեղծված իրավիճակից միակ ելքը տեսնում է Արցախի և Հայաստանի ղեկավարների հեռանալը, դրանից հետո նոր միայն հնարավոր կլինի խնդիրը լուծել.

«Ամենաառաջին ելքն այս իշխանություններին չունենալն է, որովհետև պատկերացնել որևէ ելք այս իշխանությունների միջոցով, դա պարզապես չկա: Սա ուղղակի փակուղի է, որ մենք իրենց ձեռամբ հայտնվել ենք: Ամենասկզբում պատկերն այլ էր՝ միջազգային հանրության աղմուկը, ճնշումը, որը չօգտագործեցին ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի իշխանությունները, ինչը, կարծում եմ՝ դիտավորյալ էր: Հիմա միակ տարբերակն այս իշխանություններից ազատվելն է, որպեսզի այն ելքերը, որոնք մենք  ենք տեսնում, կարողանան արդյունք տալ, իսկ ելքերը շատ-շատ են, այնպես չէ, որ մեկը կամ երկուսն են, ուղղակի այդ ուղղությունը պահողը պետք է լինի՝ Արցախի ու Հայաստանի շահերից աշխատող:

Երբ մենք ամենասկզբում ասում էինք՝ սա հումանիտար խնդիր չէ, այլ քաղաքական խնդիր է, որևէ մեկն այդ քաղաքական խնդրի լուծման ճանապարհով չգնաց, ի սկզբանե պետք էր գնալ այդ ուղղությամբ, նույնիսկ վերջին հանդիպումը, երբ եղավ հումանիտար հարցերի շուրջ քննարկման, մենք այն ժամանակ էլ դեմ էինք նման հանդիպումներին, որովհետև քաղաքական խնդիրը տանել հումանիտար դաշտ, բերելու էր հումանիտար ճգնաժամ, բերելու էր փակուղի և Ադրբեջանի ախորժակի մեծացման, ինչի ականատեսը մենք եղանք, որ, ցավոք սրտի, նաև 3 զոհ ունեցանք:

Այսինքն՝ ի սկզբանե մենք մեր նպատակներից պետք է չշեղվեինք, ամենաառաջին կետում պետք է լիներ աշխատանքը ճանաչման ուղղությամբ, ոչ թե հումանիտար խնդիրների լուծման:

Մենք չհստակեցրեցինք մեր կարմիր գծերը և, ցավոք սրտի, ՀՀ իշխանությունների համար, Արցախի իշխանությունների համար բոլոր կարմիր գծերը լրիվ տարբեր են, առավել ևս՝ ժողովրդի կարմիր գծերը լրիվ այլ են: Իսկ կարմիր գծերն իրականում պետք է լիներ ամենաառաջինը՝ ինքնիշխանությունը, եռամակարդակ անվտանգային համակարգի պահպանումը՝ Արցախ-Հայաստան-ՌԴ խաղաղապահ ուժեր, պետք է աշխատանք տարվեր Արցախ-Հայաստան անխափան ցամաքային ճանապարհի ուղղությամբ, որը, ցավոք, տեսանք, որ Կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ինչպես ներկայացրեց դա, սա արդեն լրիվ նոր մեկնաբանություն էր, որ փակ է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ասֆալտապատ ճանապարհը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ կարող են լինել լիքը այլ ճանապարհներ, որոնք կարող են կապել Արցախը Հայաստանին: Այսինքն՝ ինքը ևս հակասող խոսք ասաց եռակողմ հայտարարությանը: Ըստ էության խափանվեց Արցախ-Հայաստան միասնական տնտեսական համակարգը, որից հետո, իհարկե, Ադրբեջանը խոսեց ինտեգրման մասին, և Արցախից էլ եղավ քաղաքական ուժ, որը խոսեց տնտեսական ինտեգրման մասին: Այս ամենն  ուղղակի պետք է բացառե՛լ, անել սրա հակառակը, սրանք բոլորը քաղաքական խնդիրներ են, որոնք պետք է լուծեն իշխանությունները, որի լուծմամբ չե՛ն զբաղվում իշխանությունները, եթե իրենք չլինեն, լինի ազգանվեր իշխանություն, կկարողանա սա անել:

Մենք պետք է հասկանանք, որ այս իշխանությունները չեն կարող, որովհետև բավականին շատ են պատճառները՝ քաղաքական հեզությունը, սեփական պարտությունների դասերի անտեսումը, նաև հարցերի դիտարկման մակերեսայնությունը՝ խորքային հարցերը շոուի վերածելը, ամենակարևորներից մեկը՝ սեփական շահը գերադասում են հանրային շահից, սպասողական և լավատեսական ինքնախաբեություն, որի մեջ պահում են նաև ողջ ժողովրդին, խոսքն  ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի իշխանությունների մասին է: Ի վերջո, այս իշխանությունները նստած սպասում են ինչ-որ փրկչի, որովհետև իրենք հանձնված են, իրենք պարտված են և դա իրենք շատ լավ են գիտակցում և նստած սպասում են փրկչի»:

Ճշտող հարցին՝ փրկիչ ներսի՞ց, թե՞ դրսից, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ դա այդքան էլ կարևոր չէ, բայց իրենք դրսից են սպասում.

«Իրենց դեպքում՝ դրսից, յուրաքանչյուրն իր փրկչին է սպասում…  Իսկ ի՞նչ պետք է անել, ոչ թե դնել ու անընդհատ մտածել ու միայն քննադատել, այլ պետք է ունենալ այլընտրանքային ծրագրեր և մեխանիզմներ»:

Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի շրջանառության մեջ դրեց Հայաստանի Հանրապետության 29.800 քառակուսի կիլոմետր տարածք ունենալու մասին թեզը, և այդ հայտարարությունից հետո իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները սկսեցին ամենօրյա ռեժիմով կրկնել, որ Հայաստանի տարածքը 29.800 քառակուսի կիլոմետր է: Թշնամի երկրի ղեկավարը 2 օր առաջ հայերին ուղղված իր հայտարարության մեջ նշեց՝ 29.000 քառակուսի կիլոմետր, այսինքն՝ 800 կիլոմետրով պակաս, քան Փաշինյանն էր հայտարարում: Մետաքսե Հակոբյանին հացրեցինք, թե արդյոք պատահակա՞ն էր Ալիևի հայտարարած թիվը, թե՞ հստակ միտում և նպատակ, հատկապես՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ Բաքվի բռնապետը մշտապես խոսել է Հայաստանի որոշ գյուղերի՝ ադրբեջանական լինելու մասին.

«Որոշ ժամանակ առաջ Ալիևը մի հայտարարություն արեց, որով ասում էր, որ ամբողջ ստրատեգիան իր վերահսկողության տակ է և, ըստ էության, ամեն բան իր բռի մեջ: Ինքը չթաքցրեց, որ դա ամբողջ Սյունիքն է, Ջերմուկը, իր ասած՝ «Զանգեզուրի միջանցք»-ը, Գեղարքունիքի մարզը, հիմնականում՝ Վարդենիս, Սևան, այդ տարածքները: Ի սկզբանե ինքը նկատի ունի հենց դրանք՝ 8 գյուղերը և «Զանգեզուրի միջանցքը», ես ասում եմ այն, ինչի մասին Ալիևը բացահայտ է խոսել:

Այնպես որ, այո՛, կարծում եմ՝ հենց դա են դիտարկում՝  իբրև  անկլավ: Հիմա ըստ ձեզ՝ Տիգրանաշենն անկլա՞վ է, թե՞ ոչ, որտեղ մեր հայրենակիցներն են ապրում, որը մեր հայրենիքի մասն է, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը դա դիտարկում է՝ որպես անկլավ, Ալիևը, բնականաբար, դիտարկում է՝ որպես իր տարածք: Հիմա ստացվում է այնպես, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների մեջ, ավելի կոնկրետ՝ Փաշինյանի և Ալիևի մեջ կա այդ պայմանավորվածությունը, և իրենք մինչև վերջ գնալու են այդ ուղղությամբ, և եթե ուշադիր լինենք Ալիևի հայտարարությանը, այո՛, ինքը խոսում է հենց այդ տարածքների մասին, այսինքն՝ դրանք պլանավորած քայլեր են եղել»:

Տեսանյութեր

Լրահոս