«Ալիևի հայտարարությունների հիմքում տեսնում եմ մեկ պատճառահետևանքային կապ՝ Հայաստանի թույլ ու պարտված ղեկավարին». Գառնիկ Դավթյան
Մարտի 18-ին Ադրբեջանի նախագահն Արցախի Հանրապետության օկուպացված Թալիշ գյուղից հերթական անգամ սպառնացել է Հայաստանին՝ «եթե Հայաստանն ուզում է ապրել 29.000 քկմ տարածքում, պետք է Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։ Հայաստանը և դրա հետևում կանգնած կեղծավոր երկրները պետք է լավ գիտակցեն, որ մեր դեմ ուղղված ոչ մի կեղտոտ ծրագիր չի հաջողվի։ Ադրբեջանն ունի և՛ ուժ, և՛ բարեկամներ, և՛ ամուր դիրքեր աշխարհում, և՛ ամուր կամք։ Մենք դա ցույց տվեցինք՝ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ՝ հետպատերազմյան շրջանում»։
44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ չէ, որ Ալիևը սպառնում է Հայաստանին, մեկ անգամ չէ, որ հայտարարում է՝ եթե Հայաստանը չճանաչի Արցախն Ադրբեջանի մաս, ապա հերթական անգամ կցուցադրի իր «երկաթյա բռունցքը»։ Այդ հայտարարություններից հետո Ադրբեջանը դիմել է բազմաթիվ սադրանքների, ինչպես 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք, կամ էլ նույն թվականի նոյեմբերին զինված հարձակում գործեց ՀՀ բնակավայրերի վրա։ Իսկ արդեն նախորդ տարի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա՝ մի քանի ուղղությունով։
Ի՞նչ սպասել Ադրբեջանի ղեկավարի այդ հայտարարությունից, ինչպե՞ս է ստացվում, որ Ալիևը ՀՀ տարածքի մասին խոսում է այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը՝ միայն մեկ տարբերությամբ, եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է 29.800 քկմ տարածքի մասին, Ալիևը՝ 29.000 քկմ-ի մասին։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը պատասխանելով այս հարցերին՝ նշեց, որ Ալիևի բոլոր հայտարարությունները, սկսած 2003 թվականից, այսինքն՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնը ստանձնելու տարվանից, պետք է բաժանել երեք մասի՝ 2003-2018, 2018-2020 թվականներ և 2020 թվականից հետո։
«Հստակ ակնհայտ է, որ մինչև 2018 թվականն Ալիևի հայտարարություններն էապես տարբերվում են 2018 թվականից հետո արված հայտարարություններից, դրանք այժմ ավելի ագրեսիվ են դարձել, գործադրում են Հայաստանը որպես չպետություն ճանաչելու ջանքեր։ Թեպետ սա նախկինում էլ է եղել, բայց 2018 թվականից հետո ամեն ինչ ընդգծված է։ Այս հայտարարությունների հիմքում ես տեսնում եմ մեկ պատճառահետևանքային կապ՝ Հայաստանի անողնաշար, թույլ ու պարտված ղեկավարին։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները նպաստեցին, որպեսզի Ալիևն այսօր խոսի Հայաստանի լինել-չլինելուց։
Ընդգծում եմ՝ Ադրբեջանը երբեք Հայաստանի հետ չի ունենալու խաղաղության ձգտելու օրակարգ, սրա վառ ապացույցն Ադրբեջանի կողմից Հայաստանի համար նոր մարտահրավերների առաջքաշումն է, մասնավորապես՝ «անկլավների, փախստականների վերադարձի, Սյունիքը ադրբեջանական հող անվանելու» և այլնի հետ կապված»,- նշեց Գառնիկ Դավթյանը։
Փորձագետի խոսքով՝ 2018 թվականից հետո Ալիևը հասկացել է, որ Հայաստանում, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ունի գործընկեր, որը պատրաստակամորեն կատարում է Ադրբեջանի պահանջները։ Հետևաբար՝ Ալիևը հնարավորինս փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից և «քաղաքական շագանակներից»։
«Ալիևի հայտարարություններից զարմանալ պետք չէ, որովհետև ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Ալիևը բոլորովին էլ նպատակ չունեն տեսնել ամուր և իր կամքը թելադրող Հայաստանի Հանրապետություն։
Այդուհանդերձ, Ալիևը չի որոշում, թե ինչ սահմանների վրա պետք է գոյություն ունենա Հայաստանը, դրա որոշողը հայ ժողովուրդն է՝ նա է որոշում, թե ինչ սահմաններում է սկսվելու և ավարտվելու Հայաստանի տարածքը։
Հետևաբար, բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչում են թշնամի պետության կողմից, համաձայնեցված են ու ունեն հստակ քաղաքական օրակարգ ՀՀ իշխանության հետ։
Ալիևը խոսում է 29.000 քկմ-ի մասին, իսկ ի՞նչ եղավ այն 800 քկմ տարածքը։ Կարծում եմ՝ այստեղ կա «անկլավների» հարցը, երևի Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվել է դրանք հանձնելու համար, որովհետև կա հստակ գծված ՀՀ սահման, որն ավարտվում է ոչ թե 29.000 քկմ-ով, այլ ավելիով։ Ըստ իս, բացի ստորագրված փաստաթղթերից, կան նաև բանավոր խոստումներ, և դրանց շուրջ արվում են հստակ քայլեր։ Այս ամենը հաշվի առնելով՝ այլ բան չկա ասելու, քան այն, որ այս իշխանությունը եկել է Հայաստանը դեպի թրքացման տանելու համար»,- հավելեց Գառնիկ Դավթյանը։
Շարունակելով միտքը, մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ Ալիևը միշտ է ձգտել, իսկ 2020-ի պատերազմից հետո՝ առավել ևս, իր հարցերը լուծել ռազմական ագրեսիայի միջոցով, և քանի որ 44-օրյա պատերազմի հանցագործությունները և ագրեսիան մարսեց, այդ թվում՝ 2022 թվականի ռազմական ագրեսիան, հետևաբար՝ կրկին նման քայլի դիմելու համար նրան ոչինչ հետ չի պահում։
«Ալիևի նպատակը հենց դա է եղել՝ բանակցությունները հասցնել այնպիսի մի փուլի, որ Հայաստանը «խաղաղության պայմանագիրը» ստորագրելիս ավելի շատ է կորցնելու, քան հնարավոր պատերազմի դեպքում։ Սակայն հաշվի առնելով, որ այսօր Հայաստանը գտնվում է թուրքահպատակ իշխանությունների ձեռքում, ՀՀ սահմանները պաշտպանելու հույս անձամբ չունեմ։
Այս իշխանությունների շնորհիվ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգն այնպիսի պիկի է հասել, որ ամբողջ իր պատմության ընթացքում գուցե Հայաստանը չի ունեցել։ Ալիևն իր բոլոր հայտարարություններով ամեն ինչ պատերազմի է տանում և այդ պատերազմը լեգալիզացնելու տեսակետից անում է հնարավորն ու անհնարինը։ Մինչև իր պայմանները բարելավվի, Ադրբեջանը դեռևս մի քանի անգամ իր առաջարկները կանի Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի համար, որից հետո միջազգային հանրությանը կներկայացնի, որ «Ադրբեջանը ձգտել է խաղաղության, իսկ հայերը մերժել են, ուստի իրեն այլ ելք չի մնում, քան ուժ կիրառելը»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։