Արարատ Միրզոյանը Մոսկվա է մեկնում պարզաբանումներ տալո՞ւ

«Մարտի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նա նշել էր, որ բանակցություններում նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը և ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ինտեգրացիոն ձևաչափերում փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը։

«Քննարկումը կկենտրոնանա տարածաշրջանային խնդիրների վրա, ներառյալ՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը և, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի իրականացումը։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կնպաստի Երևանի հետ երկխոսության որակի բարելավմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- հավելել էր ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ 2022թ. դեկտեմբերին Մոսկվայում չկայացած եռակողմ՝ Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումը ՀՀ–ն չի բոյկոտել, չի չեղարկել, այլ պարզապես հետաձգել է։ Նա նույնիսկ նշել էր, որ այդ հանդիպման մասին խոսել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում։

«Այդ հանդիպման չկայանալը սուր ճգնաժամի հետ էր կապված, մենք ոչ թե բոյկոտել ենք հանդիպումը, այլ այդ իրավիճակում պետք էր, որ ՀՀ ԱԳ նախարարը լինի Երևանում»,– հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա այս հարցը քննարկելու համար։ Իսկ նախօրեին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ մարտի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպմանը կքննարկվի նաև Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը։ «Բոլորս տեղյակ ենք, որ Ռուսաստանը զգայուն վերաբերմունք ունի ԵՄ առաքելության հետ կապված։ Հարցը քննարկում ենք այդ գործընկերների հետ։ Շուտով նախատեսվում է ԱԳ նախարարի այցը Մոսկվա, և այդ հարցը, վստահաբար, կքննարկվի»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

168.am-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ դատելով վերոնշյալ հայտարարություններից ու պարզաբանումներից՝ կարելի է ենթադրել, որ հայկական կողմը որոշել է մի փոքր մեղմել այն լարվածությունը, որը վերջին ամիսներին կուտակվել է հայ-ռուսական հարաբերություններում՝ պայմանավորված պաշտոնական Երևանի մի շարք քայլերով, որոնցից էին ՀԱՊԿ զորավարժությունների, ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի պաշտոնի, դեկտեմբերյան եռակողմ հանդիպման մերժումը, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայումը։

«Փաստորեն այս հարցերը քննարկվել են ամենաբարձր մակարդակով, և չի բացառվում, որ հենց այս խոսակցությունից հետո է որոշում կայացվել կազմակերպել այս այցը։ Բացի այդ, կցանկանայի հիշեցնել, որ Փաշինյան-Պուտին զրույցին հաջորդեց Պուտին-Ալիև հեռախոսազրույց։ Սա նշանակում է, որ գուցե Մոսկվան փորձի այնուամենայնիվ կազմակերպել նախարարական հանդիպումը հստակ օրակարգով»,- ասաց նա։

Ըստ Սկակովի, առաջիկա Միրզոյան-Լավրով հանդիպումը փաթեթավորվում է այնպես, որ ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա այս բոլոր հարցերի ուղղությամբ բանակցություններ վարելու և Մոսկվայի մտավախությունները փարատելու նպատակով։

«Թե ինչով է սա պայմանավորված՝ բարդ է ասել, քանի որ ակնհայտորեն պրոցեսներն ինտենսիվ ու արագ են, փակ են, սակայն կարելի է ենթադրել, որ այս ամենը պայմանավորված է ՀՀ-Արևմուտք հարաբերություններում առկա խնդիրներով և նրանով, որ ՀՀ-ն Արևմուտքից՝ այս դեպքում կարևոր էլ չէ հստակեցնել՝ ԵՄ, ԱՄՆ, թե Ֆրանսիա, չի ստանում այն աշխարհաքաղաքական աջակցությունը, ինչ ցանկանում է, և վստահությունը, որը դրսևորվում է ժամանակ առ ժամանակ Մոսկվայի հանդեպ քայլերով, կոտրվում է Արևմուտքի ոչ բավարար աջակցությամբ։ Անսպասելի՞ էր արդյոք սա։ Իհարկե, ոչ, մենք մշտապես հենց այդ մասին ենք խոսում։

Բացի այդ, Երևանում չպետք է լինեն պատրանքներ, բոլոր խաղացողների համար այս ռեգիոնում կարևոր են թե Ադրբեջանը, և թե Հայաստանը, շատ դեպքերում՝ Ադրբեջանը նույնիսկ առավել՝ պայմանավորված շատ հանգամանքներով։

Ռուսաստանի քաղաքականության շրջանակում ևս տասնյակ տարիներ այս գիծը եղել է, ՌԴ-ն փորձել է բալանսավորել Երևանի ու Բաքվի միջև, և դա երբեք չի գոհացրել Երևանին։ Սակայն ներկայումս նույն պատկերը ստեղծվում է ռեգիոնի երկրների ու Արևմուտքի հարաբերություններում, և դժգոհությունները պայմանավորված են պարզապես սխալ քաղաքական հաշվարկներով։ Արևմուտքի դեպքում բազմաթիվ այլ խնդիրներ ևս առաջանալու են, որը ցույց է տալու, որ Հարավային Կովկասում Ռուսաստանին այլընտրանք չկա։

Ռուսաստանում ևս այս ամենը հասկանում են, ամենայն հավանականությամբ, հենց սրանով էլ պայմանավորված է որոշում կայացնող շրջանակների հանգստությունը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս