Չեմ կարծում, թե Ադրբեջանն այնքան արկածախնդիր կգտնվի, որ Իսրայելի և Թուրքիայի ճնշմամբ պատերազմ սկսի Իրանի դեմ. Իրանագետ
Իրան-Ադրբեջան հարաբերությունները շարունակում են լարվել, սակայն իրանագետները բացառում են ռազմական սցենարի հավանականությունը:
Իրանագետ Գարիկ Միսակյանը 168.am-ի հետ զրույցում մասնավորապես նկատեց՝ թեև Ադրբեջանը բավականին լարում է իրավիճակը, բայց Իրանը ցանկություն չունի պատերազմական գործողությունների:
«Եթե նայենք դինամիկային, ապա բավականին դինամիկ լարվում են հարաբերությունները, և դժվար է կանխատեսել, թե ինչ է լինելու,- նշեց իրանագետը՝ այս համատեքստում հիշեցնելով վերջին օրերի մի քանի դրվագներ, որոնք առավել են մեծացրել Իրան-Ադրբեջան լարվածությունը՝ դիվանագիտական կասեցված հարաբերություններ, քանի որ Թեհրանում չի գործում Ադրբեջանի դեսպանությունը, Ադրբեջանում օրերս ձերբակալված 32 շիա գործիչներ, որոնք մեղադրվում են դիվերսիոն գործողությունների մեջ, և Բաքվում Իրանի դեսպանին փոխանցված բողոքի նոտան,- Դեսպանի հրավերը կապված էր իրանական՝ հավանաբար հետախուզական օդանավի թռիչքի հետ, որը նաև Նախիջևան-Հայաստան սահմանի հատվածն (Արցախից բռնազավթված հատվածները) էր դիտարկման ենթարկել՝ իսրայելական ազդեցության, կամ այլ խնդիրների պատճառով»:
Գարիկ Միսակյանը նկատեց, որ Իրանը մշտապես շեշտել է Ադրբեջանում ահաբեկիչների ներկայության մասին, իսկ իրանական աղբյուրները հետպատերազմական շրջանում հաճախ են խոսում Արցախի օկուպացված տարածքներում Իսրայելի կողմից զինուժի տեղակայման մասին:
«Հարաբերությունները կշարունակեն լարվել, բայց բացառում եմ ռազմական գործողությունները, քանի որ չեմ կարծում, թե Ադրբեջանն այնքան արկածախնդիր կգտնվի, որ Իսրայելի և Թուրքիայի ճնշմամբ պատերազմ սկսի Իրանի դեմ»,- շեշտեց նա՝ հիշեցնելով, որ Իսրայելը և Թուրքիան երկար տարիներ հովանավորել են Ադրբեջանին՝ հիմնականում հակաիրանական տրամաբանությամբ:
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Իրանի զինուժին մոտ կանգնած տելեգրամյան ալիքների կողմից տարածվող այն տեղեկություններին, թե Ադրբեջանը ծանր զինտեխնիկա է կուտակում Արցախի և Հայաստանի շփման գծում: Իրանագետը նկատեց, որ այս տեղեկություններին զուգահեռ՝ տարածվեցին հրապարակումներ Իրանի կարմիր գծերի վերաբերյալ, որոնք վերահաստատում էին այդ հարցում իրենց ուղենշային քաղաքականությունը:
«Իսկ Իրանի կարմիր գծերը ներկա պահին հիմնականում վերաբերում են հայ-իրանական սահմանային հատվածին և Սյունիքին»,- հավելեց Գարիկ Միսակյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին օրեր առաջ հրավիրվել էր Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա էր հանձնվել՝ իրանական ռազմական ինքնաթիռի սահմանին ընդհուպ մոտենալու պատճառով։