ՀՀԿ-ի ջանքերով ԵԽ զեկույցում ներառվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ սկզբունքը
Մարտի 14-ին Եվրոպական խորհրդարանը՝ ԵԽ-ն, ընդունել է Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույցը, որը, բազմաթիվ հարցերից զատ՝ Ադրբեջանի ագրեսիա, Լաչինի միջանցքի փակում և այլն, ևս մեկ կարևոր արձանագրում է պարունակում, որի մասին, ի դեպ, իշխանական լրատվամիջոցներն այս ընթացքում այդպես էլ դիտավորյալ չխոսեցին։
Խոսքն այն մասին է, որ զեկույցի առաջին հոդվածում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի երեք հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա։
Այժմ հարց՝ ո՞րն է այն առեղծվածը, որով նման ձևակերպում է կրկին հայտնվում եվրոպական քաղաքական շրջանակների բառապաշարում։
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ այսպիսի ձևակերպում «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք», չի եղել զեկույցի նախնական՝ սևագիր տարբերակում։ Եվ այն հայտնվել է զեկույցի վերջնական տեքստում Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ-ի ջանքերով, երբ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող, զեկույցի հեղինակ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչևը 2022թ. հոկտեմբերին եկել էր Հայաստան և, մինչ իշխանությունների հետ շփվելը, հանդիպել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հենց այդ հանդիպման ժամանակ քննարկվել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Եվրոպական հերթական կարևոր փաստաթղթում արձանագրելու և ամրագրելու անհրաժեշտությունը։ Ավելին, դրանից հետո ՀՀԿ պատվիրակությունը՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ միասին, մեկնել էին Բրյուսել՝ այդ ուղղությամբ Եվրոպական խորհրդարանի շրջանակների հետ աշխատանքներ տանելու համար։ Եվ արդեն զեկույցի նախնական տարբերակից դեպի վերջնական տարբերակ նման փոփոխություն ու լրացում է առաջարկվել և համապատասխան քվեարկությամբ հաստատվել։
Հիշեցնենք՝ եվրապացիների կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարևորության մասին Սերժ Սարգսյանն օրեր առաջ խոսել է նաև «Բանակցությունների առաջնագծում» գրքի շնորհանդեսի ժամանակ։
Ստացվում է՝ գործող իշխանությունները ոչ միայն մատը մատին չեն տվել նման արձանագրում իրականացնելու համար՝ ո՛չ խորհրդարանում, ո՛չ ԱԳՆ-ում, այլև, ամեն կերպ խուսափում են դրա մասին հիշատակումից։ Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Գերմանիայի կանցլեր Շոլցն անձամբ դա շեշտեց իր հայտարարության մեջ, իսկ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում կրկին խուսափեց խոսել այդ մասին։
Սա ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխավորման բանակցային գործընթացում կա առաջխաղացման հնարավորություն, որից հրաժարվում է անձամբ Նիկոլ Փաշինյանը։