Բրյուսովը՝ լակմուսի թուղթ

Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի շուրջ զարգացումներն ապացուցում են ևս մեկ իրողություն ՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի օրոք «ընտրություններ» հասկացությունն այլասերված, նրա հիվանդագին գերակայություններին ծառայող մեխանիզմ է, քանզի բոլոր այն վայրերում, հիմնարկներում, որտեղ Նիկոլ Փաշինյանի ցանկալի թեկնածուն չի ընտրվում, ժողովրդավարական ընտրությունների փուչիկը տեղում պայթում է:

Բրյուսովը դարձավ հերթական «Վանաձորը», որտեղ հաղթել էր մի թեկնածու, ով Փաշինյանի սրտով չէր և ամբողջ ռեպրեսիվ ապարատի գործադրմամբ վերջինս փորձում էր նշանակել մեկ այլ, չընտրված թեկնածուի:

Ի՞նչ սպասել մի կուսակցության ղեկավարից, որի կուսակցության ղեկավարության ընտրություններն են անգամ կեղծվում: 168.am-ը փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին նշել էր, որ Արսեն Թորոսյանին Փաշինյանը չի ներում հենց ՔՊ-ի վարչության ընտրությունների կեղծիքի՝ նրա կողմից բարձրաձայնումը:

Երկու կարևոր դիտարկում՝

Կարդացեք նաև

Բյուսովի համալսարանը բարձրագույն ուսումնական հաստատություն է, և այնտեղ կատարվող իրադարձություններն ակնհայտ ակադեմիական ազատությունների, բուհական ինքնակառավարման կոպիտ խախտում են, այն է ՝ ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում են, քանզի Սահմանադրությունն է երաշխավորում բուհական ինքնավարությունն ու ինքնակառավարումը:

Այդպիսի դրածոներով կառավարել ակադեմիական կրթական հիմնարկ, նշանակում է կոպիտ ձևով ոտնահարել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի սկզբունքները, իսկ Հայաստանն այդ տարածքի, այն է՝ Բոլոնիայի գործընթացի մաս է: Թերևս իրենց հարգող ակադեմիական և կրթական շրջանակների ներկայացուցիչները պարտավոր են այս ամենի մասին աղմուկ բարձրացնել նաև Բոլոնիայի քարտուղարությունում, Բոլոնիայում համանախագահ երկրների նախարարություններում և ԵԽ համապատասխան կրթական դեպարտամենտում:

Բացի դրանից, հետևելով, թե ինչպես են ժամանակին ինտելիգենտ, մտավորական, հայրենասեր, քաղաքացիական ակտիվ կեցվածք դրսևորող մարդիկ ինչ-որ պաշտոնների, ինչ-ինչ չբավարարված ամբիցիաների համար վայրկենապես դառնում Նիկոլ Փաշինյանի ձեռքում բութ գործիքներ, խամաճիկներ, որոնց օգնությամբ ոտնահարվում է ամեն ինչ, նաև այն արժեհամակարգը, որին իբրև թեայդ մարդիկ ծառայել են, կարող ենք արձանագրել ևս մեկ իրողություն ՝ Հայաստանում մտավորականության մի զգալի մասը կա՛մ մահացած է, կա՛մ մետաստազվել է՝ վերածվելով նիկոլական չարորակ գոյացությունների:

Եվ վերջում՝ ժամանակին առաջադեմ, Համաշխարհային բանկում աշխատած, միջազգային կրթական փորձին ծանոթ, Կրթության և գիտության նախարարության երբեմնի աշխատակից, իսկ այսօր նախարարուհի դարձած Ժաննա Անդրեասյանի ձեռքերով նման կացնային ապօրինություն իրականացնելը ևս մեկ ապացույց է այն բանի, որ արժեքները որպես գերակայություն հռչակած Փաշինյանն ու իր թիմը որևէ կապ չունեն արժեքների հետ, և այն համակարգը, որը ներդրել է նա, խժռում է անգամ մտավորականներին, լիբերալ փորձագետներին, ոլորտի մասնագետներին, որոնք շատ արագ կերպարանափոխվում են Փաշինյանի մատների արանքում հայտնված հերթական անարժեք խաղաքարտերի:

Տեսանյութեր

Լրահոս