Ի՞նչ չեն ներում Արսեն Թորոսյանին. Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատում են՝ իրենք են խուզարկել Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ խուզարկություն է իրականացվել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում:

168.amը  Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից փորձեց ճշտել, թե արդյոք խուզարկության մասին մամուլի շրջանառած տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Մեր հարցերին ի պատասխան՝ հաստատեցին,  որ խուզարկություն  կատարվում է, իսկ  թե ի՞նչ նպատակով, փոխանցեցին, թե իրենք տեղեկություն չունեն:

Ի դեպ,  «Հրապարակ» օրաթերթի տարածած տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում քննչական գործողություններ է իրականացնում առողջապահության համակարգի չարաշահումների հետ կապված քրեական գործի շրջանակներում։ Խոսքը  Հայաստանում քովիդի պանդեմիայի ժամանակահատվածում պետական միջոցների ծախսերին է վերաբերում։ Ստուգումներն իրականացրել էր Հաշվեքննիչ պալատը և  արդյունքներն ուղարկել դատախազություն, որտեղ էլ ընթացք է տրվել դրան։

Հակակոռուպցիոն կոմիտեից 168.am-ի հետ զրույցում հաստատեցին՝ խուզարկությունն իրենք են իրականացրել Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում: Այլ մանրամասներ չհայտնեցին, սակայն նշեցին, որ առաջիկայում այլ մանրամասներ կհաղորդեն:

Կարդացեք նաև

Ի դեպ, Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրեցին՝ Գևորգ Սիմոնյանին դեռ չեն ձերբակալել:

Հիշեցնենք, որ Գևորգ Սիմոնյանը մինչև Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնելը՝ 2020թ. դեկտեմբերից 2022թ. փետրվար, զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ փոխքաղաքապետի պաշտոնում նրա նշանակումը, ըստ «Փաստինֆո»-ի՝  եղել է Տիգրան Ավինյանի և Արսեն Թորոսյանի կոնսենսուսի արդյունքում։

«Ի դեպ, Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկություններից զատ, մեր ունեցած տեղեկություններով, վաղ առավոտից հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննության են հրավիրվել նաև առողջապահության համակարգի տարբեր աշխատակիցներ։ Նույն քրեական վարույթի շրջանակներում իրավապահները հետաքրքրվել էին նաև Արսեն Թորոսյանով և ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանով, ուստի, չի բացառվում, որ հետագայում բարձրացվի նաև Արսեն Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու անհրաժեշտության հարց, իսկ ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ միջնորդագիր ներկայացնի՝ նախկին նախարարին, այսօր արդեն՝ «ՔՊ»-ական պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով»,- գրել էր կայքը:

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի վերաբերյալ ավելի քան մեկ տարի առաջ ՀՀ Հաշվեքննիչ պալատը մի շարք չարաշահումներ էր արձանագրել ՀՀ առողջապահության ոլորտում՝ թե գնումների գործընթացում, թե գործուղումների, թե կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարների ծախսման ոլորտում։

Եվ թեպետ այս առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնվել էր, այն ըստ էության արդյունքներ չէր արձանագրել, մինչ այն պահը, երբ Արսեն Թորոսյանը որոշեց բացահայտել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրության կեղծիքները:

ՔՊ-ամերձ շրջանակներում համառ շշուկներ են պտտվում, որ հենց սա չեն ներել Արսեն Թորոսյանին: Վերջինս ըստ էության կոտրել է Նիկոլ Փաշինյանի՝ որպես արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնողի ու ընտրություններ չկեղծողի մասին միֆը: Ու հենց  սա է պատճառը, որ սկսել են նրա մերձավորներից, ու չի բացառվում, որ կհասնեն նաև Արսեն Թորոսյանին:

Մյուս կողմից, Գևորգ Սիմոնյանը նաև Տիգրան Ավինյանի թիմի անդամ է համարվում, ու անշուշտ, այն պարագայում, երբ քթի տակ Երևանի քաղաքապետի ընտրություններն են, չի բացառվում նաև՝ արտահերթ, Տիգրան Ավինյանի շուրջ այս աղմուկը կարող է նաև նրան ուղղված մեսիջ լինել: Նկատենք, որ քովիդի ժամանակաշրջանում պարետն էր, և հիմնական որոշումները կայացնում էին Նիկոլ Փաշինյանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանն ու Անահիտ Ավանեսյանը:

Ի դեպ, հիշեցնենք, որ 168.am-ը ժամանակին անդրադարձել էր Հաշվեքննիչ պալատի բացահայտումներին՝ միլիոնավոր դոլարներ էին մսխվել, սակայն Թորոսյանը միայնակ չէ դա արել, Նիկոլ Փաշինյանը լավագույնս տեղյակ է եղել «Մսխել են պետության փողերը՝ միլիոնավոր դոլարներ. Ահա թե ինչպես են Նիկոլ Փաշինյանը և Արսեն Թորոսյանը պայքարել Քովիդի դեմ»: Հիմա, թե հատկապես ինչ սև կատու է նրանց միջով անցել, որ որոշել է պատժել՝ վերջնականապես դեռ հայտնի չէ: Պարզապես մեր այդ հրապարակումից հիշեցնենք ընդամենը որոշ թվեր՝ պատկերն ավելի ամբողջական ներկայացնելու համար.

  • Մասնավորապես՝ 974,018.8 հազար դրամի (շուրջ 2 մլն դոլար,- հեղ.) չափով աշխատավարձ և պարգևավճար է հատկացվել ԱՆ ենթակայության կազմակերպությունների, որոնք որևէ իրավական ակտով ներառված չեն եղել Նոր կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունների ցանկում։ Պարգևավճար է հատկացվել փաստացի դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ներին՝ 58,562.0 հազար դրամի չափով (շուրջ 121 հազար դոլար,- հեղ.)։ Թվով 7 բժշկական կառույցների հատկացվել է 148,248.0 հազ. դրամ (շուրջ 308 հազար դոլար,- հեղ) պարգևավճար, այն դեպքում, երբ վերջիններս որևէ իրավական ակտով չեն համարվել համապատասխան ծառայություններ իրականացնողներ։ 
  • Շինարարության և գույքի ձեռքբերման նպատակով 1,826,135.2 հազար դրամ (շուրջ 3,8 մլն դոլար,- հեղ.) միջոցներ են հատկացվել կազմակերպությունների, որոնք ոչ պահպանման, ոչ էլ առանձին դեպքերով ֆինանսավորվող կազմակերպությունների ցանկում ընդգրկված չեն եղել։ 
  • Միջոցներ են հատկացվել նաև ԱՆ համակարգից դուրս այլ կազմակերպությունների՝ 448,472.9 հազ. դրամի չափով (ավելի քան 933 հազար դոլար,- հեղ.) և այլն։ 
  • Հատկացված միջոցներից 3,455,436.9 հազար դրամ (շուրջ 7,2 մլն դոլար,- հեղ.) օգտագործվել է ոչ թե հիվանդության կանխարգելման ու բուժման, այլ՝ Նախարարության ու նրա ենթակայության ԲԿ-ներին, ՊՈԱԿ-ներին, ՓԲԸ-ներին աշխատավարձ ու պարգևավճար վճարելու, այդ կազմակերպություններում շինարարություն իրականացնելու, դրանց նյութատեխնիկական բազան համալրելու նպատակով»,- արձանագրել է Հաշվեքննիչ պալատը։ 
  • Հաջորդ արձանագրումն այն է, որ վերապրոֆիլավորված ԲԿ-ներին հատկացվել է փաստացի կատարված աշխատավարձի ծախսերից շուրջ 152,2 մլն դրամով կամ 316 հազար դոլարով ավելի փոխհատուցում։ Եղել են մեկ պացիենտի մեկ համակարգչային տոմոգրաֆիայի դիմաց բազմակի վճարման դեպքեր։

 

Տեսանյութեր

Լրահոս