Մարտի 16-20-ը Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը. Կլինեն բազմաթիվ պրեմիերաներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարտի 16-20-ը Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից։
2023 թ․ փառատոնի ծրագրերը հագեցած են պրեմիերաներով։ Փառատոնի բացման համերգին` մարտի 16-ին, առաջին անգամ Հայաստանում կհնչի Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը, Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն դաշնամուրի և նվագախմբի համար։ Փառատոնի բացման համերգին կհնչի Ժիրայր Շահրիմանյանի Առաջին սիմֆոնիան, որը ստեղծվել է կոմպոզիտորի և նվագախմբի համագործակցության արդյունքում, և որը կոմպոզիտորը նվիրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։
Ապրիլի 17-ի համերգի ընթացքում կհնչեն Արամ Սաթյանի Թավջութակի կոնցերտը, Դավիթ Սաքոյանի Պասակալիա և ֆուգա թիվ 2 ստեղծագործությունը սիմֆոնիկ նվագախմբի համար, ինչպես նաև Ջիվան Տեր-Թադևոսյանի 5-րդ սիմֆոնիան՝ «Պագանինի», որը նվիրված է Դմիտրի Շոստակովիչին։
Ապրիլի 20-ի համերգին երաժշտասերները կունկնդրեն Սուրեն Զաքարյանի «Մոնոգրաֆիան» թավջութակի և կամերային նվագախմբի համար, Տիգրան Մանսուրյանի Թավջութակի թիվ 1 կոնցերտը՝ նվիրված Դմիտրի Շոստակովիչի հիշատակին և հատվածներ Գրիգոր Եղիազարյանի «Սևան» բալետից։
Փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Արտեմյանը, թավջութակահար Դավիթ Եժովը։ Փառատոնի փակման համերգին ելույթ կունենա անվանի թավջութակահար Լևոն Մուրադյանը, որի կատարմամբ կհնչի Տիգրան Մանսուրյանի Թավջութակի առաջին կոնցերտը և Սուրեն Զաքարյանի «Մոնոգրաֆիան» թավջութակի և նվագախմբի համար։
Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի համերգները կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն և հանրահայտ Անտալ Դորատի դիրիժորների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Ռեմի Դյուրուն:
Փառատոնի բոլոր համերգները ձայնագրվում և տեսագրվում են ժամանակակից բարձրակարգ սարքավորումների միջոցով և հետարտադրական ընթացքից հետո տեղադրվում է նվագախմբի սոցիալական էջերում, նվագախմբի կայքում, ինչպես նաև հանրահայտ միջազգային թվային հարթակներում։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հայաստանյան մշակութային կյանքի նշանակալի իրադարձություններից է և 2010 թվականին հիմնադրվելուց ի վեր անշեղորեն հետևում է հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի, ավանդույթների պահպանման, ճանաչման և ընդլայնման իր առաքելությանը:
Փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, պարտիտուրների և նվագաբաժինների թվայնացումն ու պահպանումը: Հայտնի է, որ հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների պարտիտուրներ դեռևս մնում են հեղինակների անձնական կամ այլ արխիվներում և հաճախ գտնվում են անմխիթար վիճակում՝ հասանելի չլինելով ստեղծագործությունների համերգային ներկայացման համար:
Փառատոնի ողջ ընթացքում թվայնացվել են հայ կոմպոզիտորների ավելի քան 100 մեծակտավ ստեղծագործություններ. ձայնագրվել են 250-ից ավելի երաժշտական երկեր, իրականացվել են 180-ից ավելի պրեմիերաներ՝ ներգրավելով Հայաստանում գործող երգչախմբերին, նվագախմբերին և կամերային համույթներին, ինչպես նաև բազմաթիվ անհատ կատարողների, այդ թվում՝ տաղանդավոր երիտասարդ երաժիշտների։ Անցած տարիների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ժամանակակից ձայնագրման տեխնոլոգիաների կիրառմամբ ձայնագրել է հայ կոմպոզիտորների ավելի քան 15 մեծակտավ ստեղծագործություններ, որոնք ամենամյա պարբերականությամբ թողարկվում են նվագախմբի սեփական «Armsymphony Records» ձայնապիտակի վրա։
Փառատոնի ընթացքում հնչած հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները նաև տեղ են գտնում հայտնի մեդիա հարթակներում, ինչպիսիք են Mezzo TV-ն, Medici TV-ն և այլն։
Փառատոնը հնարավորություն է ստեղծում մեծանուն կոմպոզիտորների երաժշտական ժառանգության կողքին ներկայացնելու նաև երիտասարդ և նորահայտ կոմպոզիտորների ստեղծագործություններ: