Փաշինյանի ռազմական մանիպուլյացիաների և ռազմական տարրական գիտելիքներ չունենալու մասին

Մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ ռազմական թեմաների շուրջ մանիպուլյացիաների է դիմել, իսկ 2020 թվականի պատերազմում պարտությունը գցել բանակի կամ ռազմական ղեկավարության «գրպանը»: Այդ հայտարարություններից առանձնացրել ենք մի քանիսը:

120 մլն դոլար՝ կիրառման համար ֆիզիկապես ոչ պատրաստ ՍՈՒ 30-ների համար

«Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկը ձեզ ասե՞լ է, որ իրենք զենքի պակաս են ունեցել: Կատարյալ սուտ է, որ 2018-ից հետո… օգնություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, կարո՞ղ է՝ ձրի զենք նկատի ունեն: Եթե ձրի զենք, մենք ձրի զենք… չասեմ՝ ձրի զենքը ինչ է: Հայաստանը 2018-2020 թվականներին ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ 10 տարիներն իրար հետ վերցրած: Սա ապացուցված վիճակագրություն է»,- ասուլիսում հայտարարել է Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այն պնդմանը, թե 2018թ. հետո Հայաստանը որևէ ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել, և, որ 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործվել է զինամթերքի 50 տոկոսը, ավելին, պատերազմի ժամանակ մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել:

Այնուհետ Փաշինյանը շարունակել է, թե ՍՈՒ 30-ները չեն օգտագործվել, որովհետև դրանք ձեռքբերված են եղել այդ պահին ոչ վաղ անցյալում և ֆիզիկապես պատրաստ չեն եղել կիրառման:

Կարդացեք նաև

«Իսկ մնացած մեր զինանոցում, ՊԲ զինանոցում եղած զենք չկար, որ չի կիրառվել»,-ընդգծել է Փաշինյանը:

Նախ՝ ի գիտություն Փաշինյանի՝ նշենք, որ զենքը և զինամթերքը տարբեր բաներ են: Զինամթերքը փամփուշտն է, արկը, ականը, ռումբերը և այլն:

Երկրորդ՝ մատչելի, շուկայականից ցածր գներով, կամ, ինչպես Փաշինյանն է ասում՝ ձրի, սպառազինություն Հայաստանը ձեռք է բերել ՀԱՊԿ շրջանակում: Այսինքն, ռուսական ռազմական դաշինքից կարողացել է օգուտ քաղել, ինչը Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար կարողանալ անել նախքան պատերազմը և դրանից հետո, բայց չի կարողացել: Նիկոլ Փաշինյանն ինքն է բազմիցս հայտարարել, որ անգամ մեծ գումարներով չի կարողացել հայկական բանակի համար սպառազինություն գնել, և զենքի կարիքը դեռ ակտուալ է:

Երրորդ՝ 2015 թվականից ստորագրվել են գործարանային նոր սպառազինության գնման պայմանագրեր: Այսինքն, Հայաստանը վճարում է սեփական միջոցներից, կամ վարկ է վերցնում, և այս դեպքում գնվում է այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է ՀՀ զինված ուժերին, և որքան որ պետք է: Մասնավորապես, 2015թ. հունիսի 26-ին Երևանում ստորագրվել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի համանման հայ-ռուսական համաձայնագիրը:

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2016թ. զեկույցում նշվում է, որ 200 մլն ԱՄՆ դոլար վարկով Հայաստանը Ռուսաստանից գնելու է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 6 միավոր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ:

Զեկույցում նշվում էր նաև, որ 2016 թվականին Հայաստանը ստանալու է նաև 2015 թվականին Ռուսաստանից պատվիրված «Տիգր» զրահամեքենաներ և «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ և այլն:

Ավելին, 2015-ի վերջին Հայաստանում կային «Իսկանդերներ», որոնք ցուցադրվել են 2016թ. շքերթին, իսկ դրանց շուրջ բանակցություններն ընթացքի մեջ էին 2015 թվականից, երբ նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք ռուսական վարկով 200 միլիոն ԱՄՆ դոլարի սպառազինության մատակարարման մասին համաձայնագիր էր ստորագրվել, որը հետագայում ընդլայնվել էր:

«Кавказский узел» պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ պնդում է, որ Փաշինյանը մարդկանց մոլորեցնելու համար մանիպուլյացիայի է դիմում, ստում է՝ հատկապես սպառազինության վրա ծախսված միջոցների առումով: Մասնավորապես, միայն С-300-ի շուկայական արժեքը 250 մլն դոլար է, «Իսկանդերներն» էլ ավելի թանկ են և չունեն շուկայական արժեք:

168.am-ը մանրամասն անդրադարձել էր նախկին իշխանությունների օրոք ռազմական վարկերին և գնումներին, ուստի հիմա չենք խորանա այդ թեմայի մեջ:

Ինչ վերաբերում է Փաշինյանի ակնարկին, թե «ձրի զենքը» որակյալ կամ պիտանի չի եղել, ապա հիշեցնենք, որ իր իշխանության օրոք Հորդանանից ձեռք բերված «Օսա-ԱԿ»-ները, որոնց, տարբեր տեղեկությունների համաձայն, ՀՀ ՊՆ-ն 35 սարքավորման համար վճարել է 27 մլն դոլար, կիրառման համար պիտանի է եղել միայն ՀՀ-ում համապատասխան մասնագետների կողմից դրանց արդիականացումից հետո:

Չորրորդ, ինչ վերաբերում է ՍՈւ-30-ներին, ապա Փաշինյանը մոռացել է նշել, որ 2019թ. Ռուսաստանից Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչների առաջին խմբաքանակ գնվել է՝ առանց հրթիռների, և, որ պետք է բերվեին 8-12 կործանիչներ, սակայն բերվել է 4-ը:

Այդ ժամանակ մասնագետները նշել էին, որ Սու-30ՍՄ մեկ կործանիչի արժեքը կարող է տատանվել 25-50 մլն դոլարի սահմաններում՝ չհաշված ինքնաթիռի շահագործման համար անհրաժեշտ լրացուցիչ գույքի, անձնակազմի (պատրաստման և աշխատավարձի) և այլ ծախսեր։

Ըստ SIPRI-ի՝ 2019 թվականին Հայաստանը շուրջ 120 մլն դոլար է վճարել 4 հատ ՍՈՒ-30 կործանիչ ինքնաթիռների համար:

Ի դեպ, Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Սու-30 կործանիչներն իրենց նշանակության և մարտական հնարավորությունների սահմանափակ ծավալով կիրառվել են: Իսկ ավելի ուշ Փաշինյանը հարցին՝ ինչո՞ւ հիմա չեն կիրառվում մեր Սու-երը, արդյո՞ք կարիքը չկա, պատասխանել էր՝ ամեն ինչ չէ, որ այս պահին կիրառվում է, քանի որ արդյունավետության հարց կա։

«Մյուս կողմից, չեմ կարծում, թե քաղաքական իշխանությունը պիտի զանգի և ասի՝ սրանով կամ նրանով կրակեք»,- շեշտել է նա՝ չբացառելով դեպքերը, երբ պետական միջոցներով ձեռք բերված սպառազինությունը կարող է կիրառելի չլինել:

Այսինքն, շուրջ 120 միլիոն դոլարը գցել են ջուրը, և դեռ Փաշինյանը խոսում է, որ աննախադեպ ֆինանսական միջոցներ է ծախսել սպառազինության վրա:

Պատերազմում պարտության նոր պատճառ. բանակում գործել է 5-րդ շարասյուն

«Հիմա, եթե ընդդիմություն-իշխանություն գնահատականն այն է, որ այդ պատերազմը կարող էր այդ ելքը չունենար, լավ, ի՞նչն է պատճառը, որ տեղի ունեցավ այն, ինչը տեղի ունեցավ: Ես հիմա մի բան եմ ասելու, որը շատ մեծ աղմուկ է առաջացնելու: Եվ դա իմ այս պահի գնահատականն է՝ հիմնված փաստերի վրա: Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում: Եթե ուշադիր նայեք, դուք ինքներդ այդ փաստերը կտեսնեք: Կարծում եմ, որ այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, ինչքան տարօրինակ է թվացել»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Փաշինյանը և հավելել, որ այսօրվա դրությամբ ՀՀ զինված ուժերի 50-ից ավելի նախկին զինծառայող, այդ թվում՝ սպաներ, բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ։

«Այսօր մենք կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ այլ հոդվածներով։ Օրինակ՝ հողեր հանձնելու մեղադրանքով մեզ մոտ բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ, մեզ մոտ բարձրաստիճան զինվորական կա, որը մեղադրվում է Շուշիի գործում, և երբ դատարանը որոշեց կալանավորել այդ գործով, զարմանալի բան տեղի ունեցավ ինձ համար։ Ամենատարբեր մարդիկ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից դատաիրավական համակարգին այլ ձևերով միջնորդություններ են ներկայացնում, որ այսինչ մարդուն կամ մարդկանց կալանքից ազատեն։ Իմ ռեակցիան այդ ամեն ինչին հետևյալն է ժողովուրդ ջան, դուք չէի՞ք ասում, որ պետք է բացահայտվի, պարզաբանվի, թե ով ինչ է արել, ի՞նչ է տեղի ունեցել ռազմի դաշտում, թե Շուշին ո՞նց է ընկել, ո՞վ է տվել Շուշին։ Բա հիմա ինչո՞ւ եք բոլորդ, որ 2020-2021 թվականներին այդ նույն սրերն էիք ճոճում, հիմա ուզում եք այդ գործերը փակվեն, չգնան առաջ, ազատվեն մարդիկ։ Ինչի՞ համար։ Որ ասեք՝ դավաճան վարչապետը Շուշին հանձնե՞ց, էս հանձնե՞ց, էն հանձնե՞ց: Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այդ ամեն ինչի խորքային նպատակն իրականում դա է եղել։ Եթե դա լիներ քաղաքական իշխանության դեմ հնարավոր գործողություն, դեռ ոչինչ, բայց դա պետության և պետականության դեմ է, Հայաստանի անկախության դեմ է այդ ամեն ինչը»,- հավելել է Փաշինյանը:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը կրկնել է Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հնչեցված միտքը:

«Եվ ես չափազանց կարևոր եմ համարում, որ գտնենք այն պատասխանը, թե ինչու այդպես չեղավ, ինչու այլ ելք չեղավ: Նույնիսկ եղած սուղ հնարավորությունների պայմաններում ինչո՞ւ այդպես դասավորվեց ամեն ինչ: Արդյո՞ք ինչ-որ ուժեր կային, որոնք շահագրգռված էին պատերազմի այդ ելքով, ոչ միայն շահագրգռված էին, այլ նաև ուզում էին այդպես լինի, որպեսզի Հայաստանում քաղաքական պրոցեսներ հարուցեն, և իշխանափոխություն տեղի ունենա: Ես պնդում չեմ անում: Բայց ուզում եմ ասել, որ հիմա փաստեր են ի հայտ գալիս, և այս հարցն ինձ մոտ գնալով ավելի ուժեղանում է: 2020-2021 թթ. փորձ էին անում տպավորություն ստեղծել, թե իշխանությունը և վարչապետն անձամբ ուզում են պատերազմի հանգամանքները կոծկել: Ոչ, հակառակը, իշխանությունը շահագրգռված է, որ ճշմարտությունը բացահայտվի: Հիմա, երբ արդեն կոնկրետ գործողություններ են լինում, այդ նույն մարդիկ ասում են, թե իշխանությունն ուզում է գցել բանակի վրա: Ի՞նչն ենք ուզում գցել բանակի վրա. ուզում ենք հասկանալ, թե որտեղ ինչ է տեղի ունեցել, որովհետև հանգամանքներ են ի հայտ գալիս, որ ես չեմ հասկանում: Հրամանատարներից հրամաններ են եղել, որ ես չեմ կարողանում հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես»:

Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը պահանջող ՀՀ ԶՈՒ հայտարարությունից հետո խոստովանել էր. «Օնիկ Գասպարյանին պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ»:

Չնայած նրան, որ մեկ այլ առիթով հայտարարել էր. «Հուլիսյան մարտերի ժամանակ ԱԱԾն ինձ ասաց, որ Օնիկ Գասպարյանն ինչոր դրվագ ինձ սխալ է զեկուցել»: Բայց ինքը ԱԱԾ-ին, այսինքն, այդ ժամանակ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին չի հավատացել, այլ հավատացել է Օնիկ Գասպարյանին:

Ի դեպ, հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեսիջ էր հղել ԳՇ նախկին պետին:

«Մի պայմաններում, երբ մենք գիտեինք, որ մենք ունենք ուժեղ բանակ, ունենք հուսալի դաշնակիցներ, և այդպես շարունակ, երբ պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ գործել: Չեմ ուզում ոչ մի հնարավոր մեղադրանք շեղել, դա հասկացանք, այդ ամենը կա, գոյություն ունի օբյեկտիվորեն, ես ասում եմ՝ եկեք՝ ավելի խորը դիտենք»,- ասել էր Փաշինյանը:

Փաշինյանը մոռացել է գեներալ Արայիկ Հարությունյանի հետ իր զրույցը

«Մի օրինակ բերեմ․ 2021 թվականի մայիսի 10-ին կառավարության հրաժարականը վերջնականապես ուժի մեջ է մտնում և արձանագրվում է, որ առաջիկայում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժում է իրականացնում Սոթք-Խոզնավար հատվածում։ Մենք այսօր բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ ունենք այդ թեմայով կալանավորված։ Կալանավորված է մի բանի համար, որ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Ինչի՞ չի կատարել, մինչև հիմա չկա բացատրություն: Ես ինձ համար ունեմ բացատրություն, թե ինչի չի կատարել, բայց ապացույց չունեմ»,- Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հիշել է 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանին:

Նա մեղադրվում է Գեղարքունիքի ուղղությամբ 2021 թվականի մայիսի ադրբեջանական առաջխաղացումների համար:

Այդ ժամանակ գեներալ Հարությունյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, և այս տարածքները նրա պատասխանատվության գոտում էին:

Նշենք, որ այս դեպքից հետո, 2021-ի օգոստոսի 9-ին նա նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, որից ազատվել էր այս տարվա փետրվարին:

Ի դեպ, գեներալ Արայիկ Հարությունյանը թեև ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարության տակ, սակայն նա Նիկոլ Փաշինյանի հանդեպ համակրանք ուներ։

Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ նույնիսկ արտահայտվել էր, թե սխալվել է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ իր ստորագրությունը դնելով:

Հավելենք, որ 2021 թվականի Ադրբեջանի կողմից մայիսյան առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս:

Դավիթ Տոնոյանի և մյուսների նկատմամբ մեղադրանքն անհիմն չէ՞

Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը, ըստ էության, անուղղակի ձևով հիշել է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և՝ ոչ միայն:

«Մեղադրյալի կարգավիճակ ունեն իմ կողմից կամ իմ առաջարկությամբ նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ»,- շեշտել է նա՝ հավելելով, որ որևէ մեկի դեմ գործ սարքել հնարավոր չի:

Սա՝ այն դեպքում, երբ հրթիռների գործով անցնող բոլոր ՊՆ և ԳՇ նախկին պաշտոնյաները պնդում են, որ գործը կարված է, իշխանությունն ինքն էլ հրաժարվում է հրթիռների փորձաքննությունից, և գործը տեղում դոփում է՝ մոտ մեկ տարի լինելով դատարանում:

168.amգրել էր չհիմնավորված ռազմական գործերի մասին՝ հրթիռների գործից՝ մինչև պլատաների գործ:

Փաշինյանը շարունակում է ռազմական կամ պետական գաղտնիք պարունակող տվյալներ հայտնել

«Հայաստանում անխոցելի տարածք չկա, եթե մենք չունենք հակահրթիռային և ՀՕՊ հուսալի համակարգ: Այստեղ էլ հարց կա»,-  հայտարարել է Փաշինյանը:«Պետական գաղտնիքի մասին» օրենքը սահմանում է ռազմական բնագավառի գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկությունները, դրանք են՝

Զինված ուժերի և այլ զորքերի ռազմավարական, օպերատիվ և մարտավարական բնույթի պլանների և ծրագրերի,

ըստ ռազմական գործողությունների ձևերի զորքերի` ներառյալ աշխարհազորի և տարածքային պաշտպանու­թյան, Հայաստանի Հանրապետության տա­րածքի օպերատիվ սարքավորման (կահա­վորման),

գործողությունների նախա­պատ­րաստման և վարման, զորքերի ծավալման (այդ թվում` զորահավաքային),

նրանց մարտունակության, մարտական հերթապա­հության կրման ձևերի ու եղանակների,

ղեկավարման համակարգի փոխդա­սավորության,

գործունեության հաջորդակա­նության,

համակարգի հասանելիության,

ամբողջա­կանության, համակողմանի ապահով­ման վերաբերյալ տեղեկությունը և գաղտնիության դեմ ուղղված սպառ­նա­լիքները չեզոքացնելու միջոցառումները:

Այսինքն, Փաշինյանը գաղտնազերծել է ԶՈՒ մարտական պատրաստվածության, զինվածության աստիճանը:

168.amմի ամբողջ շարք է նվիրել Փաշինյանի՝ գաղտնիության էլեմենտներ կամ ռազմական գաղտնիք պարունակող հայտարարություններին:

Ի դեպ, այս համատեքստում Փաշինյանը հարցրել է՝ 2018-ին ՀՀ-ն ի՞նչ ՀՕՊ համակարգ է ունեցել: Ի գիտություն՝ ևս մեկ անգամ հիշեցնենք Ս-300-ի մասին։

Ասենք՝ բանակում չծառայած և ռազմական գործից հեռու անձի դեպքում այսօրինակ ձևակերպումները բացարձակ զարմանալի չեն և չպետք է լինեն: Եվ այս անձը երկիր է ղեկավարում, իսկ գեներալները՝ նրան պատվի առնում…

Տեսանյութեր

Լրահոս