Որևէ մեկի դեմ գործ սարքել հնարավոր չի. Փաշինյանն իր թիմի կոռուպցիոն գործարքների մասին
«2018թ. ընտրություններում մենք Երևանում ստանձնել ենք պարտավորություններ: Ավելին, ես 2017թ. Երևանի ավագանու ընտրություններում եղել եմ «Ելք» դաշինքի թեկնածու, և մեր նախընտրական ծրագիրն այդ ժամանակվանից ուժի մեջ է, և երբ մենք հաղթել ենք Երևանի քաղաքապետի ընտրություններում, այդ պահից սկսած իրագործում ենք մեր նախընտրական ծրագրերը, խոստումները, այն, ինչ տվել ենք Երևանի բնակիչներին: Կարծում եմ՝ բավականին հաջող ենք կատարում այդ խոստումները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ 2018թ. մինչ օրս Երևանում շրջանառությունից դուրս է բերվել 1000 հուսահատության ԳԱԶԵԼ. «Այսօրվա դրությամբ 1000-ից ավել մահվան վերելակներ փոխարինվել են լրիվ նոր վերելակներով: Դա եղել է 2017թ. իմ՝ որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթները: Դուք ասում եք՝ Տիգրան Ավինյանի քարոզարշավ, կներեք, Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են, և մեր քաղաքական թիմն է այդ պարտավորությունը ստանձնել: Եթե համարում եք, որ նոր ավտոբուսների ձեռքբերումը կոռուպցիա է, վերելակների փոխելը կոռուպցիա է, նոր աղբատար համակարգի ստեղծումը կոռուպցիա է, փողոցների լուսավորությունը, ճանապարհների ասֆալտապատումը կոռուպցիա է, դա ուրիշ խնդիր է: Միշտ էլ գնումների և այլ ոլորտներում ռիսկեր կան, և այդ ռիսկերը մենք էլ ենք բացահայտում, դուք էլ եք բացահայտում: Կարևորն այն է, որ ոչ մի բան անարձագանք չի մնում: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի ընտրություններին, այս պահին ես ոչ մի տեղեկություն չեմ կարող ասել, որովհետև նման որոշում չունենք»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կոռուպցիոն բացահայտումները շատացել են, ինչն ըստ նրա՝ նշանակում է, որ կոռուպցիան շատացել է. «2018, թե 2019թ. արդեն, ցավոք սրտի, մեր քաղաքական թիմի անդամ կար կալանավորված՝ կոռուպցիոն մեղադրանքով: Ես սա ցավով եմ ասում, այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն իմ կողմից կամ իմ առաջարկությամբ նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ: Սա վկայում է այն մասին, որ մեր քաղաքական դիրքորոշումը, մեր պայքարը կոռուպցիայի դեմ լինելու է անկոմպրոմիս: Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, որովհետև եթե համակարգային կոռուպցիա լիներ, այդ բացահայտումները չէին լինի: Այդ համակարգային կոռուպցիան պետք է նշանակեր, որ ես դրանից փայ ունեմ: Եկեք՝ պայմանավորվենք, որ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել, մենք խոսում ենք տեսական իրավիճակների մասին, որոնք դեռ դատարանում կքննվեն, կհիմնավորվեն, չնայած՝ իմ համոզմունքն այն է, որ այսօր իրավական համակարգում պատասխանատվությունն այնքան մեծ է, որ որևէ մեկն իր վրա չի վերցնի հորինված գործ ստեղծել, հարուցել:
Բացի պատասխանատվությունը, ես չգիտեմ՝ դուք ինչ տպավորություն ունեք, այս շենքում լինելու ամենամեծ թերությունը դա է, որ երբեմն հնարավոր չի լինում կամ շատ դժվար է լինում կյանքին նայել դրսի հայացքից, բայց այսօր ՀՀ-ում որևէ մեկի դեմ գործ սարքել հնարավոր չէ՝ բազմաթիվ պատճառներով: Այդ բազմաթիվ պատճառներից մեկը նաև նա է, որ նախ՝ մեր իշխանությունն իսկապես առաջնորդվում է արժեքներով, ինչքանով հաջող, ինչքանով անհաջող, դա երկրորդ խնդիրն է, բայց որ գլոբալ առումով առաջնորդվում է արժեքներով, դա ակնհայտ է: Այսօր իրավապահ համակարգը ղեկավարում են և աշխատում են մարդիկ, ովքեր այնքան սկզբունքային են, որ նրանց գործունեության պայմաններում որևէ մեկի վրա կամ որևէ առիթով գործ սարքել հնարավոր չէ: Նախ՝ այդ հրահանգը չի լինի, երկրորդ՝ հրահանգը լինի էլ՝ կատարողը չի լինի: Բայց, մյուս կողմից էլ, երբ մենք ասում ենք, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, դա նշանակում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ»:
Մանրամասները՝ տեսանյութում