«Ադրբեջանին առաջարկներ ենք անում, մեծ մասը ջնջած հետ է ուղարկում և օգտագործում է սպառնալիքի լեզուն». Նիկոլ Փաշինյան
«Ադրբեջանն ասում է՝ դե, պատերազմում հաղթել եմ, էս ինչ բանակցություններ են, 5 սկզբունքներս ուղարկել եմ՝ ստորագրեք: Եթե 2023-ին չստորագրեք, լայնածավալ հարձակում եմ սկսելու,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիտարկմամբ,- Մեր լրագրողները հարցնում են՝ հիմա եթե այսպես է իրավիճակը, հնարավո՞ր է՝ գնաք և ստորագրեք թղթեր, որոնք կապիտուլյացիա են Հայաստանի համար: Ես ասում եմ՝ ոչ. մենք պատրաստ ենք գնալ որոշակի լուծումների, այո, պատասխանատվություն վերցնել»:
Նա ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ այժմ նաև միջազգային հանրության դիրքորոշում է ձևավորվում, որի վրա դեռ պետք է աշխատել, որպեսզի ամրանա:
«Երբ նրանց ներկայացնում ենք այդ իրավիճակը, որ, ըստ էության, մենք Ադրբեջանին առաջարկներ ենք ուղարկում, ինքն այդ առաջարկների մեծ մասը ջնջած հետ է ուղարկում: Երբ մենք այս խնդիրը ներկայացնում ենք մեր միջազգային գործընկերներին, մենք իրենց մոտ զգում ենք այսպիսի ռեակցիա՝ իրենք ասում են, որ դա խաղաղություն չի, որովհետև այն, ինչ առաջարկվում է, տևական խաղաղություն ու կայունություն չի բերի. ընդհակառակը՝ ճգնաժամերի կբերի: Մենք պատրաստ ենք գնալ լուծումների, որոնք թեկուզ մեր երազածը չեն, բայց կբերեն տևական, երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:
Ապա հավելեց՝ Ադրբեջանը՝ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ՝ հիմա բանակցային պրոցեսում օգտագործում է սպառնալիքի լեզուն:
«Իր բանակցային դիրքը որն էր պատերազմից առաջ՝ տվեք ինձ այն, ինչ ուզում եմ ստանալ պատերազմով, այլապես ես դա կստանամ պատերազմով: Ու դա շատ ծանր ընտրություն էր: երբ ես ԱԺ-ում հայտարարություն արեցի՝ հնարավոր էր խուսափել…, դրա մասին էր խոսքը. կարո՞ղ է՝ այն ժամանակ ճիշտ էր՝ այն, ինչ Ադրբեջանը ստացավ պատերազմով, տայինք առանց պատերազմի և խուսափեինք զոհերից: Բայց երաշխիք չկար, որ ինքն այդտեղ կկանգներ, հիմա էլ չկա երաշխիք: Որովհետև մենք տեսնում ենք, որ այդ խաղաղության պայմանագրի տեքստի մեջ Ադրբեջանը դնում է ականներ, որ նույնիսկ դրա ստորագրելուց հետո շարունակի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Սա է ֆունդամենտալ պրոբլեմը»,- մանրամասնեց նա:
Դիտարկմանը, որ գուցե խնդիրն այն է, որ խաղաղությունը պարտադրում են, վարչապետն արձագանքեց. «Ես այլ կերպ կձևակերպեի. խաղաղությունը պետք է վաստակել: Որովհետև մեր նախորդ փորձը ցույց տվեց, որ պարտադրել էլ չի լինում. 1994-ին հակառակ իրավիճակն է եղել, բայց մենք չենք կարողացել այդ խաղաղությունը պարտադրել, իսկ պարտադրելն այն կլիներ, որ Ադրբեջանը ստորագրեր այն, ինչը մենք ուզում էինք:
Հիմա էլ Ադրբեջանն է մտածում, որ կարող է պարտադրել խաղաղություն. մենք ասում ենք, որ երկուստեք պարտադրելու տրամաբանությանը կողմ չենք, մենք համարում ենք, որ խաղաղությունն ընդհանուր ձեռքբերում պետք է լինի տարածաշրջանի համար»:
Հարցին էլ, թե որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմակայել մեծ էսկալացիային՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմում հայկական կողմի միայնակ պայքարը, Փաշինյանը պատասխանեց. «Այդ հարցին հնարավոր է պատասխանել՝ բոլոր հնարավոր գործոնները հաշվի առնելով, իսկ այդ գործոնները հնարավոր չէ հաշվի առնել, որովհետև շատ անկայուն վիճակ է: Բայց մեկ բան պարզ է՝ մենք ամեն ինչ կանենք, որ չլինի էսկալացիա, և հնարավոր հարձակման դեպքում ամեն ինչ կանենք մեր հայրենիքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում