Առաջարկում եմ պարբերություններից չխոսել. Փաշինյանը՝ Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթղթի մասին

Արդյո՞ք Հայաստանի համար ընդունելի է մի փաստաթուղթ, որտեղ կլինի հետևյալ ձևակերպումը՝ ԼՂ հայերի անվտանգություն և իրավունքներ, որը կհամապատասխանի Ադրբեջանի սահմանադրությանը. վերջերս ընդդիմադիր դաշտից տարածվեց մի փաստաթուղթ, որը ըստ տարածողի՝ բանակցվող փաստաթղթերից է: Այս հարցադրմանն ի պատասխան՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հետևյալն ասաց.

«Նախ ես կցանկանայի, որ մենք միշտ թերահավատությամբ վերաբերվեինք այն արտահոսքերին, որոնք վերաբերվում են կոնֆիդենցիալության ոլորտին: Մեր վիճակն էլ պետք է հասկանաք, և այդպիսի դեպքեր եղել են, որ շատ դեպքերում կարող են ինչ-որ մի A4 թղթի վրա գրված թուղթ հրապարակել և ասել՝ սա է, և շատ դեպքերում կառավարությունը կարող է սահմանափակված լինել այդ թղթերի վերաբերյալ տեղեկություններին արձագանքելուց, որովհետև ստիպված պետք է լինես նաև հետագայում ինչ-որ այլ մանրամասներ բացահայտել՝ դա հիմնավորելու համար, իսկ այդ մանրամասների բացահայտումն արտաքին հարաբերությունների ոլորտում խնդիրներ է առաջացնում:

Եկեք՝ արձանագրենք փաստեր, որոնք կարող են ձեր բարձրացրած հարցի պատասխանը տալ կամ առնվազն օգնել դրան: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Ինչո՞ւ ենք մենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև, եթե մենք չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն էլ չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը: Այլ խնդիր է, որ երբ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքը փորձում է այլ դռնով կամ այլ խողովակով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելուն ուղղված գործողություններ իրականացնել:

Ինչ վերաբերում է ԼՂ-ին, մեր այն հրապարակային դիրքորոշումները, որ մենք արտահայտել ենք, այդ դիրքորոշումները շարունակում են մնալ նույնը, որ ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը պետք է հասցեագրվի և հարցի առաջնային շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը, և այդ հարցը միջազգային մեխանիզմներով պետք է դիտարկվի Բաքու-Ստեփանակերտ հարթության  մեջ»:

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այդ ձևակերպումները տալիս են բոլոր հնարավորությունները՝ հասցեագրելու ՀՀ ազգային շահերը և ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքի հարցերը. «Հիմա ճիշտ չի լինի քննարկել պարբերություններ, որովհետև որևէ փաստաթուղթ մի պարբերությունից բաղկացած չէ, որովհետև կարող է լինել պարբերություն, որ մեզ թվա, թե նշանակում է սա, բայց մեկ ուրիշ տեղ գրված մի այլ պարբերություն 180 աստիճանով պտտի այդ պարբերության իմաստը:

Իմիջիայլոց, մենք դա տեսել ենք ԼՂ հարցի բանակցային ողջ գործընթացում: Ես դրա մասին խոսելու առիթներ ունեցել եմ, թե ինչպես էր նախատեսում հասցեագրել օրինակ՝ ԼՂ կարգավիճակի հարցը, թե ինչ բառեր են օգտագործվել… Իմ առաջարկն այն է, որ մենք պարբերությունից չխոսենք, խոսենք սկզբունքներից»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս