Կալանավայրերում աղմուկ է հասունանում. պատասխանատուն ԲԴԽ-ն է, Շիրակում դատարանի շենք կա, դատարան չկա. փաստաբաններ
Այսօր Փաստաբանների պալատում տված ասուլիսի ընթացքում Շիրակի մարզի փաստաբաններն իրենց բողոքը ներկայացրեցին առ այն, որ մարզի քրեական, քաղաքացիական, վարչական դատարանների դատավորները պարբերաբար փոխվում են՝ ինքնահոսի թողնելով դատական գործերը:
Ըստ նրանց՝ դատավորների հաճախակի փոփոխությունների պատճառով Շիրակի մարզի դատարանները պարալիզացվում են, արդյունքում՝ դատարանների վերջին մեկ տարվա աշխատանքը գրեթե 70% անարդյունավետ է եղել: Ստեղծված իրավիճակում տուժում են քաղաքացիները, նսեմացվում է նրանց վերաբերմունքը արդարադատության նկատմամբ, չեն գործում իրավական պաշտպանություն ապահովելու մեխանիզմները։
«Շիրակի մարզում գործ ունենք մերժված արդարադատության հետ: Քաղաքացիները տարիներ շարունակ չեն կարողանում հասնել որևէ ելքի դատավորների հաճախակի տեղափոխության պատճառով: Վերջին տարիներին Շիրակի մարզում 13-14 դատավորների տեղափոխություն է եղել, այսինքն՝ ողջ կազմի: Ամենաերկար պաշտոնավարումը դատավորի մեկ տարի է»,- ասաց շիրակցի փաստաբան Արթուր Հայրապետյանը:
Ըստ նրա՝ սրա արդյունքում գործ ունենք քաղաքացիների իրավունքների զանգվածային խախտման հետ, և չի գործում քաղաքացիների դատական պաշտպանությունը:
«Խնդիրը չլուծվելու դեպքում Շիրակի մարզի փաստաբանները պատրաստ են դիմել ծայրահեղ միջոցի՝ զանգվածային գործադուլի: Միգուցե Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հասկանա խնդրի էությունը»,- ասաց նա:
Փաստաբան Հայկ Հարությունյանն էլ նշեց՝ այս իրավիճակում, քաղաքացիներից բացի, ավելի շատ պետությունն է տուժում:
«Եթե հաշվենք՝ մի դատավորի վրա ամսական ինչքան գումար է ծախսվում, 3 միլիոնից ավել է՝ ներառյալ բոլոր ծախսերը: 4 դատավորի դեպքում՝ ամիսը գալիս է 12 միլիոն, տարվա ընթացքում՝ 100 միլիոն դրամ: Ուղղակի անիմաստ այսքան գումար է ծախսվում ԲԴԽ անդամների անիմաստ որոշումների արդյունքում»,- ասաց նա:
Փաստաբան Արթուր Հակոբյանն էլ ասաց՝ Շիրակի մարզում ժամերն այնքան արագ չեն փոխվում, որքան դատավորները:
«Որևէ փաստաբան իր վստահորդին մոտավոր ժամկետ չի կարող ասել, թե երբ այն ավարտին կհասցվի: Արդյունքում՝ մարդիկ չեն ցանկանում համագործակցել փաստաբանների հետ»,- նշեց փաստաբանը:
Փաստաբան Թամարա Յայլոյանն էլ նշեց՝ իր վարույթում գործ կա, երբ անձը դիմել է խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, և երբ վերջինս իմացավ, որ էլի դատավոր է փոխվել, մեր պաշտպանյալն ասաց, որ հացադուլ կհայտարարի:
«Պաշտպանյալ էլ ունեմ, որ ասում է՝ էնքան նստեցի, պատժիս ժամկետը լրացավ: Բայց չէ՞ որ ես արդարացվելու հույս ունեի…»,- իր պաշտպանյալի խախտված իրավունքների մասին խոսեց փաստաբանը:
Ըստ նրա՝ գործերն այնքան են ձգձգվում, որ, օրինակ, քաղաքացիական վարույթների ժամանակ պատասխանողները մահանում են:
«Կան ալիմենտի գործեր, ամուսնալուծության հարցեր, երբ կինը արդեն այլ մարդու հետ է ապրում, հղի է, սակայն նախկին ամուսնու հետ ամուսնալուծության հարցը դեռ չի լուծվել»,- ասաց Թամարա Յայլոյանը:
Նրա խոսքով՝ կալանավայրերում մեծ աղմուկ է հասունանում, և թեպետ դեռ իրենց հաջողվում է իրենց պաշտպանյալներին զսպել, բայց այս կերպ շարունակվելու դեպքում վստահաբար այլևս չեն կարողանալու կասեցնել այն:
Փաստաբանները նշեցին՝ իրենց խնդիրը դատավորների հետ չէ, այլ պետության: Պետությունը պետք է ապահովի մարդկանց արդար դատաքննության իրավունքը:
Փաստաբաններն առաջարկեցին՝ Շիրակի մարզում դատավոր նշանակել անձանց, ովքեր պատրաստ են առնվազն 3 տարի աշխատել Շիրակի մարզում:
Նրանց խոսքով՝ որպես տեղափոխման պաշտոնական վարկած՝ նշվում է Երևանում դատավորների համալրման խնդիրը, սակայն իրենք ունեն դեպք, երբ դատավորը նշանակվել է Շիրակի մարզում, մեկ օր անց հայտնվել է Արմավիրի մարզի դատարանում:
Փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասաց՝ 5-6 ամիս է՝ խնդրում են, որ ԲԴԽ-ն իրենց հետ հանդիպում կազմակերպի, հարցը քննարկեն, սակայն արձագանք չկա: Ըստ նրանց՝ այդ խնդրով ԲԴԽ-ին դիմել է նաև Փաստաբանների պալատը:
«Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ քրեական և քաղաքացիական դատարանների բոլոր դատավորներին միանգամից տեղափոխեն: Շիրակի մարզում կա դատարանի շենք, բայց չկա դատարան: Մարզից դատավոր չեք նշանակում, վախենում եք կոռուպցիոն կապերից, հասկացանք: Դրսից եք բերում, գոնե թողեք՝ երկար աշխատեն»,- ասաց Արամայիս Հայրապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: