Աղետ, աղետ մինչև վերջ  

Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի փոխնախագահի քվոտայից։ Պաշտոնական այս տեղեկատվության հետ որևէ մեկնաբանություն, բացատրություն, պարզաբանում չի ներկայացվել։ Կարելի է ենթադրել, որ եթե որևէ հիմնավորում էլ ներկայացվեր, այն լինելու էր մոտավորապես «ՀԱՊԿ-ին հասնում ա» տրամաբանության մեջ։

Հայաստանը, այսպիսով, շարունակում է ՀԱՊԿ-ին ուղղված դեմարշը, որի վերջին՝ եզրափակիչ արարը սկսվել է նախորդ տարվա նոյեմբերին Երևանում կայացած կազմակերպության գագաթաժողովում։ Մինչև ո՞ւր կհասնի այդ դեմարշը, արդյո՞ք այն կհանգեցնի ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրսբերմանը, անդամակցության սառեցմանը կամ մեկ այլ կարգավիճակով հարաբերությունների խզմանը. այս պահին դժվար է ասել։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը, ինչպես որևէ այլ բնագավառում, այնպես էլ արտաքին քաղաքականության հարցերում չունեն որևէ ռազմավարություն, հայեցակարգ, ծրագիր և առաջնորդվում են առավելապես այսրոպեական, մակերեսային դրդապատճառներով, էմոցիաներով ու ռացիոնալությունից հեռու այլ մոտիվներով։

Մյուս կողմից, սակայն, այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ինչպես նրա կատարած ցանկացած քայլ, վտանգավոր, չափազանց վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար։ Նիկոլ Փաշինյանը գործնականում քանդում է այն անվտանգային համակարգի ճարտարապետությունը, որում գտնվում էր և դեռևս իներցիայով գտնվում է Հայաստանը։ Դա հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և որպես դրա հետևանք՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության վրա հիմնված ճարտարապետություն էր։

Արդյունավե՞տ է, արդյոք, այդ ճարտարապետությունը, կենսունա՞կ է արդյոք դրա վրա հիմնված անվտանգային համակարգը։ Միանշանակ՝ ոչ։ Բայց նման դեպքերում խելամտությամբ առաջնորդվողը լայն իմաստով ունի երկու տարբերակ՝ կա՛մ փորձել լուծել այն խնդիրները, որոնք անարդյունավետ են դարձնում այդ անվտանգային համակարգը, կամ՝ դրա անհնարին լինելու դեպքում՝ դրանից դուրս գալու մասին մտածել բացառապես առարկայական այլընտրանքի առկայության դեպքում։ Նիկոլ Փաշինյանը չի գնացել այս երկու ճանապարհներից որևէ մեկով։  

Կարդացեք նաև

Նա ոչ միայն չի փորձել հարթել հայ-ռուսական հարաբերություններում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գոյություն ունեցող խնդիրները, այլ խորացրել է դրանք կարողացածի չափով՝ այդ հարաբերությունների մակարդակը հասցնելով պատմական մինիմումի։ Եվ դա, ի դեպ, սկսել է Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող համակարգի՝ նույն ՀԱՊԿ-ի վարկաբեկմամբ՝ շինծու քրեական գործ հարուցելով այդ կառույցի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից հրաժարվելու քայլն այդ նույն քաղաքականության շարունակությունն է։

Այս գործելաոճը հարաբերականորեն կարող էր արդարացված լինել միայն այն դեպքում, երբ Հայաստանն ունենար անվտանգային այլընտրանքային համակարգի մաս կազմելու իրական, առարկայական, ոչ հռչակագրային հնարավորություն։ Այսպիսի հնարավորություն Հայաստանը չունի, իսկ այն, ինչ Նիկոլ Փաշինյանի համար երևակվում է՝ որպես անվտանգային այլընտրանքային համակարգ, անցնում է Թուրքիայով։

Այսպիսով, նա հետևողականորեն ոչնչացնում է վատ, անարդյունավետ գործող, բայց այդուհանդերձ անվտանգային համակարգը՝ դրա փոխարեն ունենալով միայն արևմտյան պաշտոնյաներից սիրառատ ու գորովագին հայտարարություններ ստանալու հեռանկար, գումարած՝ 100 կիսազինված ԵՄ դիտորդ։ Նիկոլ Փաշինյանը հերթական աղետն է մոտեցնում Հայաստանին, որը վրա է հասնելու կամ հենց Ռուսաստանի, կամ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից՝ Ռուսաստանի լռությամբ/քաջալերմամբ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս