Բաժիններ՝

Կանանց աշխարհի առաջնությունը մեզ համար մի փուլ է Եվրոպական խաղերին նախապատրաստվելու համար. Ռաֆայել Մեհրաբյան

Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանին վերջին մարզումներն է անցկացնում աշխարհի առաջնությունից առաջ:

«Սա մեր վերջնական ուսումնամարզական հավաքն է աշխարհի առաջնությունից առաջ: Մեր պլանավորածի 80 տոկոսն ի կատար ենք ածել: Մինչև մրցումների մեկնարկն էլ այլ ծրագրով ենք մարզվելու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:

Ազգային ընտրանին արդեն երրորդ հավաքն է անցկացնում ընթացիկ տարում: Մարզիչը շեշտեց, որ դեռևս պետք չէ ակնկալել, որ մարզիկները գերազանց մարզավիճակում կլինեն, բայց յուրաքանչյուր օր նրանք բարձրացնում են իրենց տեխնիկատակտիկական վարպետությունը:

«Բոլորը տրամադրված են լավ մասնակցելու աշխարհի այս առաջնությանը, սակայն ինձ համար առավել կարևոր տեղ ունեն Եվրոպական խաղերը, որը Փարիզի Օլիմպիական խաղերի քվոտա է տալիս: Աշխարհի առաջնությունը մեզ համար մի փուլ է Եվրոպական խաղերին նախապատրաստվելու համար»,-ասաց մասնագետը:

Մեհրաբյանի խոսքով` մարզչական շտաբի համար առաջնահերթը Եվրոպական խաղերն են և դրանց նախապատրաստական շրջանը:

Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կկայանա մարտի 15-26-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս