«Արցախի էներգետիկ ճգնաժամի հարցը քաղաքական լուծում է պահանջում, տնտեսագիտական լուծումներով չի կարգավորվի». Արմեն Եղիազարյան

Արդեն 87-րդ օրն է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Այս օրերի ընթացքում Ադրբեջանը «բնապահպանների» միջոցով հումանիտար աղետ է ստեղծել Արցախում՝ փակելով Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը մշտապես կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ թիրախավորելով դաշտերում աշխատող մարդկանց։ Իսկ մարտի 5-ին էլ դիվերսիա էր իրականացրել, որի արդյունքում զոհվել են 3 հայ ոստիկաններ։

Ադրբեջանն այս ամենին զուգահեռ՝ նաև անջատում է Արցախին մատակարարվող գազն ու էլեկտրաէներգիան։ Վերջերս էլ փաստեր էին հրապարակվել, որ Ադրբեջանը խողովակի վրա փական է դրել՝ գողանալով Արցախին մատակարարվող գազը։

Ի՞նչ ռեսուրսներ ունի հայկական կողմն այս խնդիրը լուծելու համար, ի՞նչ անհրաժեշտ քայլեր պետք է իրականացնի։

168.am-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը պատասխանելով այս հարցերին, նախ ասաց, որ եղած հնարավորությունները շատ սահմանափակ են ոչ միայն՝ էներգետիկ, այլև՝ գրեթե բոլոր ոլորտներում։

Կարդացեք նաև

«Այս ամենը Արցախին մեծ կախվածության մեջ է դրել Ադրբեջանից։ Եթե Ադրբեջանը գազն ու էլեկտրաէներգիան չանջատի, ապա Արցախն այդ առումով ինքնաբավ է, որևէ ճգնաժամ էլ չի լինի։ Արցախը մեծ քանակությամբ էներգիա սպառող չէ, հետևաբար՝ եթե չլինի թշնամու գործոնը, հարցը միանգամայն հանգիստ կարգավորվող է։ Այս հարցը քաղաքական է, քաղաքական լուծում է պահանջում, տնտեսագիտական լուծումներով չի կարգավորվի»,- շեշտեց Արմեն Եղիազարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե Արցախը տրվի ադրբեջանական ճնշումներին և սկսի օգտվել նրա կողմից մատակարարվող էներգիայից, ապա մեծ կախվածության մեջ է հայտնվելու նրանից։ Նման քայլ անելուց առաջ Արցախը բոլոր ռիսկերը պետք է հաշվի առնի և ունենա հստակ երաշխիքներ։

Հարցին՝ Բերձորը նախորդ տարվա օգոստոսին հանձնելուց առաջ արդյոք պատկան մարմինների մոտ չկա՞ր այն գիտակցումը, որ նման էներգետիկ ճգնաժամի առջև են կանգնելու, Արմեն Եղիազարյանը պատասխանեց.

«Սա հետպատերազմյան իրականություն է, որի մասին չեն մտածում, երբ ուզում են խաղաղության հասնել, խնդիրները հետո են գալիս։ Այսինքն՝ չեմ կարող ասել՝ այդ մասին մտածո՞ւմ էին, թե՞ ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս