Այս իշխանությունները կայծակնային արագությամբ դարձան բիզնեսմեն, օլիգարխ, խփեցին բոլոր ռեկորդները… Կարեն Քոչարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Խաղաղության պայմանագիրը, առաջին հայացքից, այս իշխանությունների իդեա ֆիքսն է, ամեն տարի ասում են՝ մինչև տարվա վերջ կստորագրենք, իրականում ժամանակ են ձգում, որովհետև ոչինչ չեն կարողանում անել, ընկել են իրենց իսկ թակարդը: Նախընտրական ծրագրով Արցախի մասին խոստումներ են տվել, բայց հիմա դրա մասին ընդհանրապես չեն խոսում. իրենց դրել են հայտնի կենդանու տեղ: Մարդիկ էլ հոգնել են ասելուց, որ խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու:
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեռ ադրբեջանցիների հետ առաջին հանդիպման ժամանակ շատ լավ գիտեր «ինտեգրացիայի» մասին, դեռ այն ժամանակ ադրբեջանական մամուլը շրջանառել էր Բաքվի «ինտեգրացիա» ձևակերպումը, բայց այս իշխանությունները սղացրեցին: Երեկ Արցախի նախագահն իր հայտարարությամբ բացեց օվերտոնի պատուհանը՝ ասելով՝ իրենք ուզում են պայքարել, կգա նոր իշխանություն, և այլն… փորձում է փրկել իր կաշին: Ինքը վաղուց մեծ հաճույքով փախած կլիներ Արցախից, բայց պրոբլեմը Արայիկ Հարությունյանը չէ:
  • Պրոբլեմն այն էլիտաներն ու քաղաքական ուժերն են, որոնք հնարավորություն տվեցին Արայիկ Հարությունյանին գալ իշխանության: Իսկ նա բիզնեսմեն է, իշխանություններին սերտաճած օլիգարխ, որի համար, ինչպես շատ բիզնեսմենների համար, գոյություն ունի բիզնես և ոչ հայրենիք:
  • Այն, ինչ Արցախի պետնախարարի պաշտոնից պաշտոնանկությունից հետո ասաց Ռուբեն Վարդանյանը, ինձ համար ընդունելի չէ, բայց մարդկայնորեն հասկանալի է, դա գալիս է նրա քաղաքական անփորձությունից: Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը հասկացել է, որ սխալվել է, և հիմա ուղղում է սխալները:
  • ՀՀ այս իշխանություններն արագ դարձան բիզնեսմեն, օլիգարխ, նախկիններին բոլոր հնարավոր մեղքերի համար մեղադրելով՝ կայծակնային արագությամբ խփեցին նախկինների բոլոր ռեկորդները…

  • Այս իշխանությունների ցինիզմը հասել է նրան, որ բանի տեղ չեն դնում մամուլի՝ փաստերով հիմնավորված ոչ մի հրապարակում: Բանը հասել է նրան, որ Ալեն Սիմոնյանը միջազգային հետաքննող լրագրողների միության անդամ «Հետք» պարբերականին անվանում է «դեղին մամուլ»…
  • Ժողովրդի մեջ տարածելը, թե նախկիններն են հանձնել Արցախը, դա արդեն պարզապես կլոունադա է…
  • Դեռ վաղուց, նախկին իշխանությունների օրոք պատասխանատու անձանց զգուշացնում էի, որ մեդիայի որակն իջեցրել են շրիշակի մակարդակից էլ ցածր՝ սերիալներ ցուցադրելով: Ստացան այն, ինչ ցանել էին, այս իշխանություններն էլ լիովին վայելում են ցանածը, բայց դա չի նշանակում, որ նույնը չեն անում:
  • Այս իշխանություններին մինչև 2018 թվականը տեխնոլոգիական խորհուրդներ տվել են դրսի մասնագետները, բայց հիմա, կարծում եմ՝ Փաշինյանն ինքը լիովին տիրապետում է այդ գործիքներին, խոսում է իր ընտրազանգվածին հասկանալի լեզվով: Այն ժամանակ, կարծում եմ, նրանց խորհուրդ են տվել ՝ «հանում եք կաշառակերությունը, բայց թողնում եք կոռուպցիան՝ ատկատներ, 1 անձից գնումներ…»:
  • «Պերաշկի օպերացիա» լուսանկարային շոուի, պրիմիտիվ գործողությունների և խոսքի միջոցով Փաշինյանն ուզում էր ցույց տալ՝ «ես ձեզանից մեկն եմ՝ փողոցում պերաշկի եմ ուտում, ատամներս չեմ սարքում… Ինքը շատ լավ գիտի արտաքին խաղացողների վրա դրա բացասական ազդեցության մասին՝ իրեն որպես կլոուն են նայում, միևնույն ժամանակ շատ լավ գիտի, որ դրական ազդեցություն է թողնում իր ընտրազանգվածի վրա, և հենց նրանց վրա էլ աշխատում է, թեև մինչև հիմա աշխատող այդ ռեսուրսն արդեն մաշվել է և ազդում է այդ զանգվածի միայն փոքր հատվածի վրա:
  • Իշխանությունները վստահաբար տեղյակ են նաև իրենց ցածր վարկանիշի մասին ոչ հրապարակային սոցիոլոգիական տվյալներից, ինչն էլ այսօր անհանգստացնում է նրանց:
  • Հավատացեք, բոլոր մտածող, ինտելեկտուալ մարդիկ վաղուց հասկացել են՝ ով են այս իշխանությունները, երկիրն ինչի մեջ են սրանք ներքաշել, ժողովրդին ինչ աղետի առջև են կանգնեցրել:
  • Մարզային երիտասարդության մոտ բավականին լուրջ ընդդիմադիր հատված կա:

  • ՔՊ-ի ներսում բոլորն իրար հետ խնդիրներ ունեն… Տիգրան Ավինյանը վաղուցվանից ՔՊ-ի համար խորթ է՝ ի տարբերություն ոմանց՝ նրա ատամները երբեք փչացած չեն եղել, փաբերում պարտքով գարեջուր չի խմել…
  • Իշխանություններին պաշտպանող, հատկապես սորոսական հատվածը ևս անհամեմատ նվազել է:
  • Ընդդիմությունը Փաշինյանին թողել է իր ընտրազանգվածի հետ մեն-մենակ՝ один на один
  • Իմ կարծիքով, ԱԺ ընդդիմադիր ուժերը ճիշտ կանեն՝ մանդատները վայր դնեն, ընդհանրապես դելեգիտիմացնեն ԱԺ-ն, որը դարձել է ՍՄԿԿ խորհրդարան՝ դե յուրե լեգիտիմ, դե ֆակտո ՍՄԿԿ:
  • ԱԺ-ն այսօր մեկ անձի խորհրդարան է, իսկ իշխող ՔՊ-ն՝ մեկ անձի կուսակցություն: Եթե ոչ հիմա, ապա մոտ ապագայում իշխանության շանսերն ընտրություններում զրոյանալու են:
  • Եթե Փաշինյանը որոշի Աննա Հակոբյանին առաջադրել քաղաքապետի թեկնածու, Ադրբեջանի հետ իդեալական համընկնում կլինի: Մինչև հիմա Ադրբեջանից միայն դրանով էր տարբերվում:
  • Հասարակության հետ պետք է աշխատել ոչ թե վիրտուալ դաշտում, այլ ռեալ կյանքում՝ շփվեն յուրաքանչյուր մարդու հետ հողի վրա, ներկայացնեն ու բացատրեն ստեղծված իրական վիճակը՝ընդունելով նախկինում արված սխալները, որովհետև մարզերում մեծահասակներից շատ-շատերն իրական տեղեկատվություն չեն ստանում, Հանրային հեռուստաընկերություն՝ Հ1 են դիտում, որն իրականությունը չի ներկայացնում, իշխանության քարոզչությամբ է զբաղված:

Տեսանյութեր

Լրահոս