Բաժիններ՝

«Փակ շուկա»-ի վերանորոգված գետնանցման առաստաղին և պատերին խոնավության հետքեր են. Քաղաքացիները դժգոհում են, քաղաքապետարանը՝ արձագանքում

Հիմնանորոգումից հետո փետրվարի 16-ին շահագործման հանձնվեց «Փակ շուկա»-ի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը: Նախագծի իրականացման համար նախորդ տարի համայնքային բյուջեից շուրջ 50 մլն դրամ էր հատկացվել:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 1970-ականներին շահագործման հանձնված կառույցը տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում է եղել, և մաշված ու կոտրված սալիկները վտանգավոր էին դարձել հետիոտնի համար, տարիներ շարունակ տարածքում նաև աղբ է կուտակվել:

Բացումից որոշ ժամանակ անց՝ փետրվարի 23-ին, քաղաքացիները սոցիալական ցանցերում լուսանկարներ հրապարակեցին՝ ահազանգելով, որ նոր վերանորոգված անցումում արդեն խնդիրներ են առաջացել, առաստաղին և պատերին խոնավության հետքեր են։

«Կարծում եմ, որ մենք էլ ենք մեղավոր այս անորակ աշխատանքը մեզ որպես մեծ նվաճում ներկայացնելու մեջ։ Մենք այս «կուտը» ուտում ենք՝ չմտածելով, որ հենց մեր հարկերով են կատարվում այս ցածրորակ վերանորոգումները, որոնք առնվազն մեկ-երկու տարուց նոր գումարներ են պահանջելու մեր գրպանից»,- Ֆեյսբուքում գրել է Սեդա Տեր-Մինասյանը:

Կարդացեք նաև

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունից խնդրի հետ կապված 168.am-ի հետ զրույցում պարզաբանեցին. «Ստորգետնյա հետիոտնային անցման առաստաղն ունի ջրահեռացման խնդիր, որը ոչ նախագծով, ոչ էլ իր բնույթով ստորգետնյա հետիոտնային անցման մաս չէ: Այնուամենայնիվ, առաջիկայում Մաշտոցի պողոտայի վերգետնյա անցման հատվածը քանդվելու է, ջրամեկուսացվելու և ասֆալտապատվելու է»:

Նշեցին նաև, որ նախնական նախագծով նախատեսված էր ուղղակի բարեկարգում, վերատեղադրում և դրանով ավարտ: Սակայն իրականացվել է ամբողջական նախագծի փոփոխություն, որոշվել, որ Մաշտոցի պողոտայում առկա բոլոր ստորգետնյա հետիոտնային անցումներն ունենան նույն տեսքը: Դրանից ելնելով՝ ամբողջությամբ պրեսգրանիտով փոխել են հատակը, հենապատերը, աստիճանների ամբողջ հարթակը պատել են բազալտով, երկկողմանի պատերն էլ՝ տրավերտինով:

Տեսանյութեր

Լրահոս