«Ալիևը շտապում է. Նիկոլի վարկանիշը հասել է իր պատմական մինիմումին». Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված անվտանգային հարցերը շարունակում են մտահոգիչ մնալ. որևէ դրական հեռանկար չեն ուղեգծում։
«Նախօրեին Արցախում տեղի ունեցավ ադրբեջանական դիվերսիա, որը խստագույնս դատապարտելի է և ի ցույց է դնում Ադրբեջան պետության ահաբեկչական բնույթը, Ալիևի ոչ թե խաղաղության, այլ Արցախը գրավելու օրակարգը, պանթուրքիզմի պլանները՝ վերացնել հայկական գործոնը տարածաշրջանում, և Հայաստանի իշխանությունների նիկոլիստական ռեժիմի ֆիասկոն է հերթական»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա, Ալիևն ակտիվացել է, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան գիտակցում են, որ ի դեմս Փաշինյանի և նրա վարչակարգի՝ ունեն մեծ նվեր, և փորձում են Հայաստանից ու Արցախից վերցնել հնարավորինս ավելի շատ, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ամբողջը։
«Ֆուտբոլային լեզվով ասեմ՝ դա խաղ է մի դարպասի վրա, որի դարպասապահը Փաշինյանն է, որը խաղում է հակառակորդ թիմի կողմից։
Հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ համաձայնության է եկել Արցախը հանձնելու համար, սա չեն ներքում ո՛չ Նիկոլը, ո՛չ ՔՊ-ականները։ Սրա մասին խոսել է նաև Լավրովը, ով ասել է, երբ հոկտեմբերի 30-ին Փաշինյանն ու Ալիևը եկան Սոչի, արդեն համաձայնություն էին ձեռք բերել Ալմա Աթայի հռչակագրով։ Սա դավաճանական ակտ է և շարունակությունն է այն բոլոր գործընթացների, որոնք Նիկոլ Փաշինյանը սկսել էր 2018 թվականին»,- հավելեց նա։
Նա հիշեցրեց, որ երբ վերջերս Մյունխենում Ալիևը մեղադրանքներ էր հնչեցնում հայ ժողովրդի հասցեին, Նիկոլ Փաշինյանը լռում էր և դրանց որևէ կերպ չանդրադարձավ։ Մյունխենում նա ևս չխոսեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։
«Մյունխենին հաջորդեց Փաշինյանի Գերմանիա կատարած այցը, որտեղ նա փոխանակ խոսեր Արցախի ինքնորոշման իրավունքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հիմնարար երեք սկզբունքների մասին, խոսում էր Ղարաբաղի հայերի, նրա իրավունքների մասին։ Կներեք, Ստամբուլի հայերն էլ իրավունք ունեն, Երուսաղեմում էլ հայերն իրավունք ունեն, բոլոր տեղերում էլ ունեն։ Նիկոլն ինչի մասին խոսում է, իր ամբողջ թիմով ու ԱԽՔ-ով, սա ավելի քիչ է, քան 1988 թվականին ԼՂԻՄ-ի կարգավիճակն էր։ 1988 թվականին հայ ժողովուրդը միահամուռ կանգնել ու պայքարել է հանուն Արցախի ազատության, բայց այսօր Նիկոլ Փաշինյանի առաջարկածը հազարապատիկ ավելի ցածր է կարգավիճակի առումով, քան 1988 թվականին մենք ունեինք։
Ալիևը շատ պարզ պատճառով է շտապում, նա հասկանում է, որ ժամանակն ի վնաս իրեն է աշխատելու, հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է իր պատմական մինիմումին, և 2024 թվականին այլևս Նիկոլի իշխանություն չի լինելու»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում