Տեմպն ընկել է, չնայած բարենպաստ իրավիճակին

Հայտնի պատճառներով, այս տարվա սկզբին Հայաստանը բոլորովին այլ տնտեսական իրավիճակում է գտնվում, քան գտնվում էր անցած տարվա սկզբին։

Անցած տարվա հունվարին ռուս-ուկրաինական հակամարտությունը դեռևս չէր վերածվել ռազմական առճակատման, ինչի շնորհիվ, ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, Հայաստանի տնտեսությունն աճի մեծ խթաններ ստացավ։ Այդ խթանների արդյունքում էլ գրանցվեց 12,6 տոկոս տնտեսական աճ։

Այս տարվա համար կառավարությունն աճի նույնպիսի բարձր ակնկալիքներ չունի. պլանավորել է ապահովել 7 տոկոս տնտեսական աճ։

Հիշեցնենք, որ արտաքին բարենպաստ միջավայրի պարագայում, նախկինում հայտարարում էին 9 տոկոս աճի պարտավորության մասին։ Արտաքին միջավայրն այս պահին միանգամայն բարենպաստ է դասավորված Հայաստանի տնտեսության համար, սակայն այս տարվա համար 9 տոկոս աճի մասին այլևս չեն խոսում։

Պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է այս տարվա առաջին ամսվա ցուցանիշները, որոնց համաձայն, տնտեսական ակտիվությունը կազմել է 10,5 տոկոս։

Թվում է, թե գործ ունենք բավական բարձր ակտիվության հետ։ Բայց ակտիվության աճի տեմպն անհամեմատ ավելի ցածր է, քան անցած տարվա հունվարին էր։

Անցած տարվա հունվարին տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել էր 15,4 տոկոս։ Այս տարի կազմել է 10,5 տոկոս։ Այն պարագայում, երբ այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա առկա է ռուս-ուկրաինական հակամարտության ու դրա արդյունքում Հայաստանի տնտեսության ստացած խթանների ազդեցությունը, որոնք չկային անցած տարի։ Ու չնայած դրան, անցած տարի տնտեսական ակտիվության աճի տեմպը շատ ավելի բարձր էր, քան այս տարի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարվա բազային էֆեկտը տնտեսական ակտիվության ցուցանիշների վրա սկսելու է երևալ հիմնականում երկրորդ եռամսյակից, ենթադրվում է, որ դրան զուգահեռ՝ իջնելու են նաև ակտիվության ցուցանիշները։ Բայց այդ մասին ավելի ուշ կխոսենք։

Մինչ այդ արձանագրենք, որ այս տարվա սկզբին ևս մեր տնտեսության ակտիվության հիմնական բաղադրիչը եղել են առևտուրն ու ծառայությունները։

Պաշտոնական տվյալներով, ներքին առևտուրը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 17,7 տոկոսով։

Ծառայությունների աճը նույնիսկ ավելի բարձր է. գրեթե 26 տոկոս։

Երկու դեպքում էլ գործ ունենք արտաքին գործոնների ազդեցության հետ։

Արտաքին գործոններով պայմանավորված՝ նպաստավոր դիրքն առավել ակնհայտ է արտաքին առևտրի պարագայում։ Հունվարին արտաքին առևտրի շրջանառությունն ավելացել է գրեթե 94 տոկոսով։ Ավելի մեծ տեմպերով աճել է արտահանումը, չնայած պակաս բարձր չի եղել նաև ներմուծման աճը։

Արտահանումը, ըստ պաշտոնական վիճակագրության, ավելացել է 2,3 անգամով, ներմուծումը՝ 72,5 տոկոսով։

Ներմուծման ու արտահանման այս աճերը կապված են իրար հետ և բխում են մեկը մյուսից։ Դրանք պայմանավորված են հիմնականում երրորդ երկրներից տարբեր ապրանքների ներմուծմամբ և ռուսական շուկա արտահանմամբ։

Սա է Հայաստանի արտահանումների և ներմուծումների նման աճերի պատճառը։

Դրանցում առկա է նաև դոլարի փոխարժեքի նվազման ազդեցությունը։

Նախորդ տարվա հունվարին դոլարի միջին փոխարժեքը 482 դրամ էր, այս տարվա հունվարին եղել է 395 դրամ։

Դոլարի էժանացումն արհեստականորեն մեծացրել է ամերիկյան արժույթով հաշվարկվող Հայաստանի արտաքին առևտրի աճի ցուցանիշները։

Դրամով արտահայտված աճի տեմպն ավելի ցածր է։

Անցած տարվա հունվարին Հայաստանից արտահանումը կազմել էր 120 մլրդ դրամ, ինչը համարժեք էր 249 մլն դոլարի։ Այս տարվա հունվարին կազմել է 226 մլրդ դրամ, ինչը համարժեք է եղել 572 մլն դոլարի։

Դոլարով արտահայտված արտահանումն ավելացել է 130 տոկոսով, դրամով արտահայտված՝ 88 տոկոսով։

Նույնը նաև ներմուծման պարագայում է. դոլարով ներմուծումն ավելացել է 72,5 տոկոսով, դրամով՝ 43,7 տոկոսով։

Ակնհայտ է, որ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման աճի ցուցանիշներում բավական մեծ է փոխարժեքի ազդեցությունը։ Դա ո՛չ արտահանման, և ո՛չ էլ ներմուծման ծավալների հետ կապ չունի։

Ի տարբերություն արտաքին ու ներքին առևտրի, ինչպես նաև ծառայությունների բարձր աճերի, տնտեսության իրական հատվածը տարեսկզբին պասիվ է եղել։

Գյուղատնտեսության վերաբերյալ տվյալները, հաշվի առնելով, որ դրանք հրապարակվում են եռամսյա պարբերականությամբ, ավելի ուշ պարզ կլինեն, իսկ արդյունաբերությունը տարեսկզբին գրանցել է ընդամենը 1,4 տոկոս աճ։

Հատկանշական է, որ այսպիսի աճի պարագայում մեր արտահանումն անգամներով ավելացել է։ Դա մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե այն ինչի հաշվին է եղել։

Եթե արդյունաբերության մեջ դեռ որոշ աճ եղել է, ապա էներգետիկայում նույնիսկ այդ աճը չկա։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 1,5 տոկոսով կրճատվել են՝ անցած տարվա համեմատ։

Աճել է շինարարությունը, ավելի քան 12 տոկոսով։ Ենթադրվում է, որ դա եղել է հիմնականում բնակարանային շինարարության հաշվին։ Բնակարանային շինարարության ակտիվություն իսկապես նկատելի է։ Ամեն քայլափոխի շենքեր են կառուցվում, որոնց հիմնական խթանը դարձել է եկամտային հարկի վճարների վերադարձամբ՝ հիպոթեքային վարկավորումը։

Շինարարության այդ աճը գուցե գրավիչ է, բայց այն արդեն հասցրել է բավականաչափ ճնշել պետական բյուջեն։

Անցած տարվա տվյալներով, եկամտային հարկի վերադարձմամբ հիպոթեքային վարկերի սպասարկումը պետական բյուջեի վրա նստել է ավելի քան 36,5 մլրդ դրամով, ինչը համարժեք է 90-91 մլն դոլարի։ Այդքան գումար կառավարությունը տվել է՝ փակելու եկամտային հարկի վերադարձամբ հիպոթեքային վարկերի տոկոսները։ Թեև դա խթանել է բնակարանային շինարարությունը, այնուհանդերձ նաև մեծապես ավելացրել է պետական բյուջեի բեռը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս