Հայկական օրակարգի գարշանքն ու թշվառությունը
Հայաստանի ներկայիս խորը քաղաքական ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դարձել է հանրային-քաղաքական կյանքում գործնականում միակ օրակարգ թելադրող սուբյեկտը։
Քաղաքական կյանքի մյուս դերակատարները՝ կուսակցությունները, հանրային, քաղաքացիական խմբերը, մամուլը, փորձագետները, բոլորը վաղուց զբաղված են միայն իշխանության թելադրած օրակարգը սպասարկելով։ Դա կարող է դրսևորվել հակադարձմամբ, քննադատությամբ, հայհոյանքով, անարգանքով, բայց միևնույն է՝ քաղաքական օրակարգի մեխանիզմն ու տրամաբանությունը դրանից չի փոխվում և մնում է իշխանության թելադրանքի ու մնացյալի սպասարկման տիրույթում։ Այս իրավիճակը քաղաքականությամբ զբաղվող բոլոր խմբերի ու անհատների հավաքական ձախողումն է կամ պարտությունը, քանի որ առնվազն 44-օրյա պատերազմին հաջորդած երկար ժամանակահատվածում երկրում քաղաքական օրակարգի թելադրողը ֆորմալ ընդդիմադիրներն ու ընդդիմադիր տրամադրություններ ունեցող բազմաթիվ ոչ ֆորմալ խմբերն էին, իսկ իշխանությունը հանդես էր գալիս այդ օրակարգը սպասարկողի, լավագույն դեպքում՝ արձագանքողի դերում։
Քաղաքական օրակարգի աստիճանական մենաշնորհացումը Նիկոլ Փաշինյանը սկսեց 2021թ․ արտահերթ ընտրություններից հետո և այսօր արդեն գրեթե կատարելապես վայելում է այդ կարգավիճակը։ Նաև դա է այսօրվա հայկական իրականության ու քաղաքական դիսկուրսի անբովանդակության, ճղճիմության ու նաև թշնամամետության պատճառը։ Քաղաքական օրակարգ թելադրող ցանկացած սուբյեկտ դա անում է իր մակարդակի կամ դրա բացակայության, իր բարոյականության կամ այլասերվածության և իր կոլաբորացիոնիզմին համապատասխան։ Իսկ քանի որ քաղաքականության մյուս սուբյեկտների կողմից օրակարգը գրեթե չի լցվում, դատարկությունը լրացվում է ամենայն անհեթեթությամբ ու անորակությամբ, ինչը, իհարկե, պակաս վտանգավոր է, քան նույն այդ օրակարգ լցվող թշնամասպասարկությունը։
Բայց կրկին, քանի որ օրակարգ ձևավորելու ֆորմալ և ոչ ֆորմալ միջոցներ ունեցողներն ամենատարբեր պատճառներով դա չեն անում, առանձին վերցրած մի «պերաժկու» կամ դրան հաջորդող «հակապերաժկու» ցուցք զբաղեցնում է քաղաքականացված հանրույթին ճիշտ այն ժամանակ, երբ ժամանակին Արցախն ազատագրած մի նախկին «կամանդույուշի» օրակարգը թունավորում է այն Ադրբեջանին հանձնելու նպատակով տարածվող՝ Արցախում ադրբեջանական ներդրումների մասին ցնդաբանությամբ։
Այս իշխանությունը շարունակելու է նման օրակարգ ձևավորել այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել այդ օրակարգի գեներացման մեխանիզմը և քաղաքական ու մերձքաղաքական ասպարեզներում չեն հայտնվել սուբյեկտներ, որոնց ներկայացրած բովանդակությունն այլընտրանք կդառնա հավաքական «պերաժկիներին» ու մարդկանց կստիպի մտածել, իշխանությանն էլ՝ առնվազն հակադարձել կամ դրան համապատասխանեցնել սեփական գործողությունները։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է հանրությանը զբաղեցնել ամենատարբեր տեսարաններով՝ վայելելով անգամ հայհոյանքներ արժեցող, բայց իր համար այդքան կարևոր՝ օրակարգ թելադրողի կարգավիճակը։
Հարություն Ավետիսյան