Բաժիններ՝

«Պրոֆ արտ» ստուդիայի սաները շուրջ մեկ ամիս ԱՄՆ-ում ներկայացրել են հայկական մշակույթը

«Պրոֆ արտ» պարային ստուդիայի սաները հունվարի 18-ից փետրվարի 16-ը շրջել են ԱՄՆ-ի 25 նահանգում՝ միջազգային մշակութային փոխանակման ծրագրի շրջանակում ներկայացնելով հայկական երգն ու պարը, երաժշտությունն ու հայոց պատմությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ստուդիայի գեղարվեստական ղեկավար Տիգրան Մնոյանն ասաց՝ քանի որ չեն սահամանփակվել միայն պարարվեստը տեղացիներին ներկայացնելով՝ հանդես են եկել «Արմ ֆոլկ» անունով: Պարողներից բացի ԱՄՆ են մեկնել ժողովրդական երգիչ Հայկ Ավետիսյանն ու քանոնահարուհի Քրիստինե Ենգոյանը:

«RCF-ի (Rotary Children’s Fund) հրավերով ենք մեկնել ԱՄՆ: RCF-ը մշակութային բնույթ ունի: Այն ղեկավարում է Վիտալի Բեզրոդնովը: Նրանք մեր ստուդիայի հետ են կապվել «Հայկական ազգային Դելփյան կոմիտե»-ի միջոցով, որը ղեկավարում է Ալեքսան Զաքյանը: RCF-ի ներկայացուցիչները նոյեմբերին եկել են Հայաստան ու ծանոթացել բազմաթիվ խմբերի գործունեությանը: Հյուրընկալվել են նաև «Պրոֆ արտ» ստուդիայում և հենց մեզ են առաջարկել մեկնել ԱՄՆ»,-պատմում է Մնոյանը:

Հայաստանի պատվիրակությունը եղել է ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում, քոլեջներում, համալսարաններում և RCF ակումբներում: «Ոչ միայն ցուցադրել ենք մեր ազգային երգը, պարն ու երաժշտությունը, այլև խոսել ենք հայոց պատմությունից: Տեղեկացրել ենք, որ հայերն առաջին ազգն են, որ քրիստոնեությունն ընդունել են որպես պաշտոնական կրոն: Պատմել ենք, որ ծանր պատմական անցյալ ենք ունեցել, ասել, որ մինչ օրս մեր երկրի առաջ մի շարք խնդիրներ են ծառացած, անդրադարձել ենք Արցախի շրջափակմանն ու Հայոց ցեղասպանության հանրայնացմանը»,-նշում է Մնոյանը:

«Պրոֆ արտ»-ի ներկայացուցիչներն անցկացրել են վարպետության դասեր, տեղացիներին սովորեցրել են հայկական քոչարի, ծանոթացրել են հայկական դուդուկին, դհոլին, զուռնային, պատմել են դրանց մասին, երգել շարականներ, ազգային երգեր:

Տիգրան Մնոյանի խոսքով՝ ստուդիայի անդամները մեկ ամսվա ընթացքում ապրել են հյուրընկալող ընտանիքներում: Նրանք ժամանակ են գտել այցելելու նահանգների տեսարժան վայրեր, թանգարաններ, մշակութային այլ հաստատություններ:

Ըստ Տիգրան Մնոյանի, իրենց աջակցել են նաև մասնավոր կառույցները: Նա հույս ունի, որ նման նախաձեռնություններն առաջիկայում կարող են հետաքրքրել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, քանի որ իրենք այս ձևով օտարերկրացիներին պատմում են Հայաստանի մասին: «Մեզ շատերն էին մոտենում ու վստահեցնում, որ անպայման կայցելեն Հայաստան»,-եզրափակում է Տիգրան Մնոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս