
Բարի են աղոթքները՝ պահեցողություններով

Մեր ժամանակակից սերունդը պահեցողություն ասելով, երբեմն, հասկանում է միայն կենդանական ծագումով ուտելիքներից հրաժարում:
Ըստ Աստվածաշնչի, պահեցողությունը տրտմության, ինքնազրկումի մի շրջան է, որն ուղեկցվում է հոգևոր ուրախությամբ ու պայքարով:
Սակայն, երբ հոգևոր ինչ-ինչ կարևոր խորհուրդներ և հավատալիքներ, օրինակ՝ աղոթքը, ապաշխարությունը, Հաղորդությունը ոմանց մոտ կորցնում են իրենց իրական իմաստը, դա դեռևս չի նշանակում, որ դրանք կորցնում են նաև իրենց կարևորությունը և արժեքը:
Գարեգին Ա Կաթողիկոսը այսպես է բացատրում Մեծ Պահքի իմաստը․ «Մեծ Պահքի քառասնօրյա շրջանը միայն որոշ տեսակի կերակուրներից հրաժարվելու շրջան չէ, այլ ներքին հոգեկան վերափոխության, ինքնաարդարացումի, ինքնասրբագրման, ինքնաբյուրեղացման մի սքանչելի առիթ: Բոլոր շարականները, աղոթքները մեր Եկեղեցում մարդուն ուղղում են դեպի իր ներքին աշխարհը: Մենք առհասարակ մեր սովորական կյանքում բացվում ենք դեպի ուրիշը, դեպի արտաքին աշխարհը: Քիչ անգամ առիթ ենք ունենում մենք մեզ հետ զրույցի նստելու»:
Պահքի ներկա ձևին, այսինքն՝ համադամ կերակուրներից և մսեղենից հրաժարվելու սովորությանը, առաջին անգամ հանդիպում ենք Դանիելի մարգարեական գրքում, ուր ասված է. «Այդ օրերին ես՝ Դանիելս, երեք շաբաթ սուգի մեջ էի: Լավ հաց չկերա, միս և գինի չմտավ իմ բերանը, յուղով չօծվեցի, մինչև որ վերջացան երեք շաբաթները» (Դան. 10։2-3):
Սակայն, Ս․ Գրքում մենք տեսնում ենք, որ պահքի անբաժան մասը նաև աղոթքն է․ «Բարի են աղոթքները՝ պահեցողություններով» (Տոբիթ 12:8)։ Ուստի, պահեցողության այս շրջանը պետք է լինի յուրաքանչյուրիս համար նորովի ապրելու, մաքրվելու և Աստծո հետ ունեցած անհաշտությունները վերանայելու շրջան։