«Միջազգային հանրությունը մեզ չի շտապեցնում կնքել այնպիսի «խաղաղության պայմանագիր», որին հաջորդելու է Ադրբեջանի նոր ագրեսիան»
Արցախյան շարժման 35-րդ ամյակին նվիրված «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ընթացքում հնչած գաղափարները, քննարկված թեզերն այսօր համաժողովի կազմակերպիչներն ամփոփեցին համատեղ հայտարարությամբ:
«Իսկապես անհնա՞ր է այժմ ինչ-որ բան ձեռնարկելն Արցախի ճանաչման ուղղությամբ, իսկապես պարտադրվա՞ծ ենք զիջել Արցախն Ադրբեջանին, այլևս որևէ բան անելու կարողություն չունե՞նք. սրանք թեզեր են, որոնցով գործող իշխանությունները սիստեմատիկ կերպով, աճպարարությամբ կերակրում են մեր հասարակությանը՝ նախապատրաստելով հանձնվողականություն: Մեր համաժողովի նպատակն ակադեմիական հիմքերով այս թեզերի ջախջախումն էր»,- համաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսում նշեց «Համախմբում» նախաձեռնության համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը:
Նա հավելեց՝ համաժողովի թեզերն ուղղված են սոցիալական տարբեր սեգմենտների և հասցեատերերի, բայց առաջին հերթին՝ հայ ժողովրդին, «որովհետև ՀՀ գործող իշխանությունների կողմից հենց հայ ժողովրդի շրջանում է հասունացվում հանձնվողականության, պատվողականության թեզը»:
Համաժողովի համատեղ հայտարարությունն ընթերցեց «Համախմբում» շարժման անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
Հայտարարությամբ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի համակազմակերպիչները մասնավորապես արձանագրում են. «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին՝ ԱՀ-ն կայացած պետություն է: Պատմականորեն ԼՂ-ն հազարամյակներ եղել է հայկական տարածք, իսկ 1918-20 թթ., երբ Ադրբեջանն առաջին անգամ իր նկրտումներն է ցուցաբերել ԼՂ տարածքների նկատմամբ, միջազգային բոլոր զեկույցներում այն աներկբա ճանաչվել է՝ որպես հայերով բնակեցված տարածք: Եվ միայն խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ ներքին վարչատարածքային բաժանմամբ, բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին՝ նույնիսկ այդ պայմաններում ունենալով ինքնավար մարզի կարգավիճակ:
Արցախի անկախացման հիմքում ընկած խորհրդային օրենքները համապատասխանել են միջազգային իրավունքի նորմերին՝ ընձեռելով ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունք: Արցախի անկախացման փաստական հիմքեր եղել են ոչ միայն Արցախի էթնիկ, տարածքային, սոցիալ-մշակութային, տնտեսական, պատմական ինքնուրույնությունը, այլև նրա ժողովրդի՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանությանը չենթարկվելու գոյաբանական անհրաժեշտությունը:
Միջազգային հանրությունը երբեք չի արտահայտել իրավաքաղաքական դիրքորոշում առ այն, որ Արցախը պետք է ներառվի Ադրբեջանի կազմում, իսկ 2007 թ.-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագաների կողմից առաջարկվել է և 2009 թվականին Հայաստանի և Ադրբեջանի կողմից որպես բանակցային հիմք են ընդունվել Մադրիդյան սկզբունքները, որոնցով «տարածքային ամբողջականության» սկզբունքի հետ միասին՝ որպես բանակցային հիմք՝ հաստատվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Արցախի Հանրապետության կայացման միջազգային իրավական հիմքերն, այսպիսով, անառարկելի են, և նրանից որևէ նահանջ անթույլատրելի է:
Արցախի հարցը հայության գոյութենական խնդիրների փաթեթից դուրս դիտարկելն անթույլատրելի է: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, առավելևս՝ դա իրավաբանական ինչ-որ փաստաթղթով ամրագրելը, ինքնորոշման իրավունքի պայքարից հրաժարվելը ոչ թե կերաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականությունը և ՀՀ բնակչության ֆիզիկական անվտանգությունը, այլև ճիշտ հակառակը՝ կդառնա ՀՀ պետականության կործանման, հայ ժողովրդի ցեղասպանման գործընթացին անշրջելիություն հաղորդող հերթական ողբերգական հանգրվանը, քանզի Ադրբեջանը չի թաքցնում իր ցեղասպան նկրտումները ոչ միայն Արցախի, այլև՝ ՀՀ նկատմամբ»:
Համաժողովի կազմակերպիչները նաև շեշտում են՝ ամենևին սպառված չեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման քաղաքական և դիվանագիտական մեխանիզմներն ու հնարավորությունները:
«Իրավաքաղաքական տեսանկյունից սնանկ են իշխանական քարոզչամեքենայի կողմից սփռվող այն պնդումները, թե իբր անկախությունից ի վեր՝ դեռևս 1991 թ.-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրով, ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը վերջինիս կազմում: Նույնկերպ կեղծ ու անհիմն են պնդումները, թե միջազգային հանրությունն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. միջազգային հանրությունը մեզ չի շտապեցնում Ադրբեջանի հետ կնքել այնպիսի «խաղաղության պայմանագիր», որին հաջորդելու է Ադրբեջանի նոր ագրեսիան, աննկարագրելի ծավալի ռեպարացիաները, որոնց գինը պետք է վճարի ողջ հայ ժողովուրդը և որոնց արդյունքը դառնալու է ՀՀ ինքնիշխանության կորուստն ու փաստացի կործանումը:
ՄԽ համանախագահ պետությունները թեև ունեն աշխարհաքաղաքական լուրջ տարաձայնություններ, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում մինչ օրս էլ պահպանում են միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված հավասարակշռված դիրքորոշում: Եվ համանախագահ բոլոր պետություններն էլ 44-օրյա պատերազմից հետո հստակ դիրքորոշում են հայտնել առ այն, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ:
Բերձորի միջանցքի շրջափակման վերաբերյալ բազմաթիվ պետությունների և միջազգային կառույցների հայտարարությունները ևս ապացուցում են՝ միջազգային հանրության համար ընկալելի է, որ Արցախի ինքնորոշումն ամենևին էլ անջատողականության հարց չէ. այն տարբերվում է տարբեր քաղաքակիրթ երկրներում ժամանակ առ ժամանակ ծագող ազգային ինքնորոշման իրավունքի իրացման նախաձեռնություններից. սա ֆիզիկական գոյատևման, Ցեղասպանությունը կանխելու միակ իրատեսական փրկության ուղին է:
Միջազգային դերակատարների համար ընկալելի կլինեն նաև ՀՀ-ի կողմից ներկայացվող բոլոր այն բանակցային նախապայմանները՝ օրինակ, Շուշիի, Հադրութի, Արցախի Հանրապետության այլ տարածքների դեօկուպացիան, փախստականների վերադարձ, միջնորդային առկա ձևաչափի վերականգնում կամ նոր ձևաչափի ստեղծում, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարում և այլն, որոնք կչեզոքացնեն բանակցային գործընթացը նոր կապիտուլյացիոն ակտով դադարեցնելու՝ Ադրբեջանի նկրտումները: ՀՀ-ն նաև հնարավորություն ունի միջազգային դատական ատյաններում բազմաթիվ գործերով Ադրբեջանին պատասխանատվության կանչել՝ դրանով էլ ավելի ամրապնդելու սեփական բանակցային դիրքերը:
Հայկական սփյուռքն էլ այսօր ունի չիրացված լոբբինգային մեծ հնարավորություններ, սակայն ՀՀ գործող իշխանությունների ուղեգիծը հակասում է նաև սփյուռքահայ կառույցների գործունեության տրամաբանությանը և զրկում նրանց անհրաժեշտ արդյունավետությունից, ինչպես նաև խզում առաջացնում օտարերկրյա դիվանագիտական որոշումների ընդունման կենտրոններում միասնական հայկական դիրքորոշումն ընկալելու հարցում»,- շեշտվում է հայտարարության մեջ:
Համաժողովի կազմակերպիչները հիշեցնում են նաև՝ ՀՀ-ի հետ վերամիավորվելու հեռանկարով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն աջակցելը ՀՀ իշխանությունների սահմանադրական պարտականությունն է և բխում է Հայաստանի Անկախության հռչակագրից ու Սահմանադրությունից, իսկ այս պարտականությունից հրաժարվելը դավաճանություն է հայ ժողովրդի կենսական շահերի նկատմամբ, որը հանգեցնելու է իրավական և քաղաքական պատասխանատվության:
«Genesis Armenia» ուղեղային կենտրոնի հիմնադրամի տնօրեն, դոցենտ Աբրահամ Գասպարյանը նկատեց, որ համաժողովը լավ հնարավորություն էր՝ ի մի բերել Արցախի միջազգային ճանաչման վերաբերյալ քաղաքական ու իրավական բոլոր կարևորագույն թեզերը:
«Որևէ միջազգային ատյանում, քաղաքական պլատֆորմում մեր պահանջատիրական ասելիքը, անձնաթուղթը պետք է ունենա այս խոշոր վերնագիրը՝ «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում» և «Արցախը կայացած պետություն է»,- իր խոսքում նշեց Աբրահամ Գասպարյանը, ապա անդրադառնալով բանակցային գործընթացի առկա խնդիրներին՝ հիշեցրեց,- Հայաստանն ու Ադրբեջանը Մինսկյան միջազգայնորեն ճանաչված միակ մանդատակիր կառույցի հովանոցի տակ բանակցել են տարբեր սկզբունքների ու բանաձևերի շուրջ՝ բացառությամբ Ալմա Աթայի այդ պայմանագրի, որով ազդարարվում է ԱՊՀ-ի ստեղծումը:
Ոչ մի իշխանությունն ՀՀ-ում երբեք ու երբեք գզրոցներից այդ համաձայնագրի անգամ հիշատակում չի արել, թեև տարբեր դիվանագիտական փաստաթղթերի զեղումներ ցույց են տալիս, որ 2015-16 թթ.-ից ադրբեջանական շրջանակները միշտ շահագրգռված են եղել ՀՀ-ում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների միջոցով քարոզչական դաշտ նետել այդ փաստաթուղթը:
Այն ընդունվել է 1991 թվականի դեկտեմբերին, Ադրբեջանն ընդունել է 1992 թվականին, Հայաստանը վավերացրել է 1992 թվականին՝ հստակ վերապահումով, ինչի մասին ՀՀ գործող իշխանությունը և իրեն սպասարկող քաղաքական և քարոզչական հարճերը միտումնավոր անտեսում են:
ՀՀ Գերագույն խորհուրդը 1992 թ. հունիսի իր հայտնի որոշմամբ և նաև՝ հուլիսի 8-ի որոշմամբ ընդունել է հստակ բանաձև՝ ՀՀ-ն չի կարող կնքել որևէ պայմանագիր, փաստաթուղթ, որտեղ նշված կլինի, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Սրանք այն կարևոր թեզերն են, որոնք միտումնավոր դուրս են թողնվում դաշտից, և գործող իշխանությունները մոլորեցնում են»:
Արցախի հարցը փակված լինելու մասին իշխանական տարբեր շրջանակների հայտարարություններին ի պատասխան՝ ուղեղային կենտրոնի հիմնադիրը հորդորեց իշխանություններին ցույց տալ որևէ պետություն կամ միջկառավարական ու միջպետական ազդեցիկ որևէ կազմակերպություն, որը չի դատապարտել և կոչ չի արել Բերձորի միջանցքի վերաբացման անհրաժեշտությունը:
«Սա խոսում է այն մասին, որ Արցախի հարցը փակված չէ, և միջազգային հանրությունը Արցախի հարցը, Բերձորի միջանցքի փակ լինելու հարցը չի դիտարկում Ադրբեջանի ներքին խնդիր»,- պարզաբանեց նա:
Խոսելով Արցախի միջազգային ճանաչման հարցում հայկական սփյուռքի դերակատարման մասին՝ Աբրահամ Գասպարյանը ցավով արձանագրեց, որ վերջին 4 տարվա ընթացքում հայկական Սփյուռքի ներսում ստեղծվել են ջրբաժաններ, և դրա գլխավոր մեղավորը ՀՀ գործող իշխանության վարած քաղաքական կուրսն է:
«Նախկինում՝ բոլոր ժամանակներում, անկախ ՀՀ-ում գործող իշխանության հանդեպ ունեցած վերաբերմունքից, կար երկու առանցքային թեմա՝ անվտանգային և արտաքին քաղաքական, որի շուրջ Սփյուռքահայ կազմակերպությունները, կուսակցությունները, եկեղեցին՝ իր թեմերով, ունեին ընդհանուր կոնսենսուս. առաջինը՝ Հայկական պահանջատիրության փաթեթն էր, որին ՀՀ-ն չէր խոչընդոտում, և երկրորդը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը»,- նշեց նա: