Ում շահերն են սպասարկում
Տարին մեկնարկել է դրամի ամրապնդմամբ։ Դրամը վերսկսել է ամրապնդվել՝ ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի ու ռուսական ռուբլու նկատմամբ։
Դա նշանակում է, որ այս արժույթների շուկաներում հայկական ապրանքների մրցունակությունը գնալով նվազում է։
Տեղական արտադրողները, որոնք իրենց ապրանքներն արտահանում են այդ շուկաներ, կորուստներ են ունենում դրամի ամրապնդման ու տարադրամի փոխարժեքի նվազման հետևանքով։ Այդ կորուստները նոր չեն սկսվել, սկսվել են անցած տարվա սկզբից, սակայն դրամի շարունակվող ամրապնդմանն ու տարադրամի էժանացմանը զուգընթաց՝ գնալով ավելանում են։
Տեղական արտադրողները նույն քանակությամբ արտադրանքը արտահանելու ժամանակ հիմա ավելի քիչ դրամ են ստանում, քան ստանում էին նախկինում։ Նրանց եկամուտները նվազում են, իսկ ծախսերն ավելանում՝ գնաճի հետևանքով։
«Հիմա դրամի կուրսը մոտ 20-30 տոկոսով ավելին է, քան 2022-ի սկզբին էր: Ոլորտում բոլորն էլ արտահանող կազմակերպություններ են, շատ ծանր դրության մեջ են հայտնվել: Կազմակերպությունների ծախսերը դրամային են, իսկ հասույթը՝ դոլարով: Եվ այսօր ոլորտի արտահանող շատ կազմակերպություններ վնասով են աշխատում»,- անդրադառնալով դրամի ամրապնդման հետևանքներին՝ օրերս հայտարարեց Հայաստանի հանքագործների միության նախագահը։
Հանքարդյունաբերությունն այն հիմնական ոլորտներից մեկն է, որը տուժում է դրամի ամրապնդումից։ Սակայն միայն հանքարդյունաբերությունը չէ, որ այդ վիճակում է հայտնվել։
Արտահանման շուկաներում գործող տեղական արտադրության առանձնահատկությունն այն է, որ եկամուտները ձևավորվում են տարադրամով, իսկ ծախսերը, այդ թվում՝ հարկային պարտավորությունների հետ կապված ծախսերը, իրականացվում են դրամով։ Երբ տարադրամը էժանանում է, դրամով արտահայտված նրանց հասույթները կրճատվում են, թուլանում է տեղական արտադրանքի մրցունակությունը։ Տեղական արտադրողը կորուստներ է կրում, երբեմն էլ հարկադրված աշխատում է վնասով՝ շուկան չկորցնելու համար։
Բայց դա չի կարող երկար շարունակվել։ Ինչ-որ պահից նա ստիպված է լինում կրճատել կամ դադարեցնել արտադրությունը։
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի արժութային շուկայում, ի վնաս տեղական արտադրության է։ Տեղական արտադրողները, և հատկապես արտադրող-արտահանողները տուժում են, ներմուծողները՝ շահում։
Որքան արժևորվում է ազգային արժույթը, այնքան ներմուծումն ավելի շահավետ է դառնում՝ տեղական արտադրության նկատմամբ։ Ներմուծման էժանացումը նաև ներքին շուկայում թուլացնում է տեղական արտադրության մրցունակությունը։ Ներմուծողները գնային առավելություններ են ստանում նույն ապրանքների տեղական արտադրողների նկատմամբ։
Թվում է, թե ամեն ինչ շատ պարզ է, ու դա պետք է ստիպեր իշխանություններին՝ քայլեր անել տեղական արտադրողին ֆինանսական շուկայում ստեղծված այս իրավիճակի հետևանքով առաջացող կորուստներից պաշտպանելու համար։ Կորուստներ, որոնք մեկ տարվա կտրվածքով՝ արդեն անցնում են 20 տոկոսից։ Շատերի համար սա կարող է կործանարար լինել։ Առանց այդ էլ տեղական արտադրությունը Հայաստանում շատ սահմանափակ է, ֆինանսական այս քաղաքականության հետևանքով շատերը կարող են կանգնել փակման վտանգի առաջ։ Բայց իշխանություններն այդպես էլ ոչինչ չեն անում տեղական արտադրողին տարադրամի արժեզրկման հետևանքով առաջացած այս հսկայական ճնշումից պաշտպանելու, ինչ որ կերպ օժանդակելու համար։ Հույսը դրել են դրսից եկած պատահական գործոնների արդյունքում տնտեսության մի շարք ոլորտներում ձևավորվող աճերի վրա։ Չեն մտածում, որ այդ գործոնները մի օր վերանալու են, ու ներքին տնտեսությունը կանգնելու է շատ ավելի ծանր խնդիրների առաջ։
Փորձում են տպավորություն ստեղծել, որ ազգային արժույթի ամրապնդումից ներքին տնտեսությունն այնքան էլ չի տուժել, ու որպես հիմնավորում՝ բերում են արտահանման ցուցանիշները, որոնք բարձր տեմպերով աճել են։ Բայց թաքցնում են, թե այդ աճերի մեջ ինչպիսի դեր ունեն վերարտահանումները։
Էժան տարադրամը լայն հնարավորություն է տվել այլ երկրներից տարբեր տեսակի ապրանքներ ներմուծել Հայաստան ու վերարտահանել։ Տպավորություն է, որ անգամ ազգային արժույթի ամրապնդման պայմաններում արտահանումը մեծ տեմպերով ավելանում է, բայց իրականում դա ոչ թե ներքին արտադրության, այլ կրկին ներմուծման հաշվին է։
Այն իրավիճակը, որը կա ֆինանսական շուկայում, բոլոր առումներով ներմուծման օգտին է, ինչը տեսնում ենք նաև արտաքին առևտրի ցուցանիշներում՝ լինի դա ներմուծման թե արտահանման տեսքով։ Երկու դեպքում էլ աճերը կապված են տարադրամի էժանացման հետ, ինչը շահավետ է դարձնում ներմուծումը։
Մինչև ե՞րբ է շարունակվելու այս արատավոր քաղաքականությունը, հայտնի չէ։ Իշխանություններին միայն մի բան է հետաքրքրում, ինչպե՞ս անել, որպեսզի տնտեսական աճի պլպլան ցուցանիշներ ունենան։ Իսկ թե ինչ կա թաքնված դրանց տակ, ինչ հետևանքներ կարող են լինել հետագայում, քիչ է հետաքրքրում։
Այս իրավիճակը, որը կա Հայաստանի արժութային շուկայում, ոչ մի կերպ չի բխում տեղական արտադրության շահերից։ Դրամը շարունակում է ամրապնդվել՝ խորացնելով տեղական արտադրողների կորուստները։
Վերջին օրերին արժութային շուկայում սկսված պրոցեսները կրկին ամրապնդել են դրամը։
Դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում տատանվում է 387-390 դրամի սահմաններում։
Դրամն ամրապնդվել է նաև եվրոյի և ռուբլու նկատմամբ։ Եվրոյի գնման ու վաճառքի գները 408-415 դրամ են։ Ռուբլու փոխարժեքը 5 դրամի շրջակայքում է։
Փոխարժեքի շուկայում դիտարկվող այս երևույթը ոչ մի լավ բան չի խոստանում ներքին տնտեսությանն ու հատկապես արտահանման ոլորտում գործող տեղական արտադրողներին։ Նրանք դրամի ամրապնդման հետ հաշվում են վնասները։
Որքան երկար շարունակվի այս պրոցեսը, այնքան վատ տեղական արտադրողների համար։ Սա տանում է ներմուծումից Հայաստանի սպառողական շուկայի կախվածության մեծացման ու տեղական եղած խիստ սահմանափակ արտադրական հզորությունների աստիճանական դուրսմղման։
Առանց դրա էլ վերջին տարիներին Հայաստանում իրականացված տնտեսական քաղաքականությունը բերել է նրան, որ տնտեսության արտադրական հատվածը գտնվում է չափից դուրս պասիվ վիճակում։ Նոր արտադրություններ կամ արտադրական ձեռնարկություններ գրեթե չեն ստեղծվում։
Փողը, որը կախված է մնացել բանկերում, չի վերածվում արտադրական կապիտալի, որովհետև մարդիկ մեծ ռիսկ են տեսնում դրանում։ Փոխարենը՝ նախընտրում են ներմուծումներ ու վերարտահանումներ անել, որովհետև դրա ռիսկերը շատ ավելի քիչ են, իսկ օգուտները՝ ավելի շատ։
Ֆինանսական այսպիսի քաղաքականությամբ թուլացնում են տնտեսության արտադրական հատվածը՝ զրկելով արտաքին ու ներքին շուկաներում մրցակցելու նվազագույն հնարավորություններից։ Տեղական արտադրողները տուժում են, փոխարենը՝ շահում են ներմուծողները։ Նրանք, ովքեր այդքան շահագրգռված են նաև հայ-թուրքական սահմանի բացմամբ և Թուրքիայի հետ առևտրի իրականացմամբ։ Առևտուր, որը լինելու է գերազանցապես թուրքական ներմուծումների հաշվին և կրկին ի վնաս տեղական արտադրության։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ