«Միայն Արցախի ինքնիշխանության միջազգային ճանաչումը կարող է երաշխիք լինել, որ Սումգայիթի և հետագա բոլոր ցեղասպան ակտերն Արցախում չեն կրկնվի». Մարինա Գրիգորյան

1988 թվականին փետրվարի 27-29-ը ընկած ժամանակահատվածում Սումգայիթում տեղի ունեցավ հայերի կոտորածը։ Ականատեսների վկայությամբ՝ նախապես ճշտելով հայերի բնակարանների հասցեները, արդբեջանցիները շատերին էին խոշտանգել, նվաստացրել ու հետո  սպանել հենց իրենց տներում՝ թույլ չտալով հեռանալ։

«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար, փորձագետ Մարինա Գրիգորյանը երկար տարիներ ուսումնասիրել է թեման, խոսել ականատեսների հետ: Անդրադարձել է  սումգայիթյան ջարդերը չդատապարտելու հարցին ու դրա հետևանքներին:

168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այսօր ծանոթացել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ցավակցությանը՝ ուղղված սումգայիթյան ջարդերի զոհերի հարազատներին, և  իր հիշելով՝ երբեք նման բան չի եղել։ ԱՄՆ դեսպանատունը ևս ցավակցություններ է հայտնել։

«Տվյալ պարագայում Արևմուտքն աշխարհաքաղաքական շահեր է հետապնդում մեր տարածաշրջանում։

Կարդացեք նաև

Ինչո՞ւ սումգայիթյան ջարդերը չդատապարտվեցին այն ժամանակ, պետք է ասեմ, որ տարբեր կազմակերպությունների կողմից այն ժամանակ ինչ-որ հիշատակումներ եղան, նույնիսկ ԱՄՆ Սենատը 1989 թվականին բանաձևով հիշատակում արեց, Եվրոպական դատարանի կողմից կային հիշատակումներ, բայց որևէ տեղին դատապարտում չեղավ։ Այս ամենի պատճառը շատ պարզ է, Սովետական Միությունում, նույնիսկ Հայաստանում լավ չէին տեսնում, թե ինչ էր տեղի ունենում Սումգայիթում, Սովետական Միությունն անում էր ամեն ինչ, որպեսզի թաքցնի տեղի ունեցածի մանրամասները, որ աշխարհը չիմանա այդ ամենի մասին։ Որոշակի հրապարակումներ եղան, որից հետո որոշակի դատապարտումներ արեցին, սակայն Սումգայիթի ցեղասպանությունն այդպես էլ չդարձավ միջազգային հանրության լայն քննարկման առարկան։ Այստեղ, կարծում եմ, որ առաջին հերթին մեղքը հենց Հայաստանինն է։

Հիշեցնեմ, որ հենց 1988 թվականի ամռանը, ջարդերից անմիջապես հետո Սովետական Հայաստանի գերագույն խորհուրդն ընդունեց մի բանաձև, որտեղ Սումգայիթի դեպքերը որակվում էր՝ որպես ցեղասպանություն և 1915 թվականի Հայոց ցեղասպանության շարունակություն։ Մինչդեռ անկախ Հայաստանի խորհրդարանն այդպես էլ Սումգայիթում կատարվածը չճանաչեց որպես ցեղասպանություն և չդատապարտեց»,- նշեց Մարինա Գրիգորյանը։

Ըստ նրա, մինչև այսօր Հայաստանը չունի որևէ բանաձև, որտեղ նշվի, որ Սումգայիթյան ջարդերը եղել են ցեղասպանություն, ավելին՝ մինչև այժմ այդ ջարդերի զոհերը, նրանց բարեկամները չեն ստացել որևէ կարգավիճակ։ Միջազգային մամուլում էլ որևէ հիշատակում չկա Սումգայիթի մասին, մինչդեռ տեսնում են, թե ինչեր է հայտարարում Ադրբեջանը ամբողջ աշխարհով մեկ Խոջալուի դեպքերի վերաբերյալ։

«Պետք է ասեմ, որ սա Հայաստանի, առաջին հերթին, տեղեկատվական քաղաքականության վրիպումն էր։ Եթե մինչև 2018 թվականը Տեղեկատվության և հանրային կապերի ՊՈԱԿ-ը մեծ աշխատանք էր տանում Սումգայիթի և այլ ջարդերի մասին տեղեկատվությունը տարածելու, գրքեր ու բրոշյուրներ կազմելու համար, ապա 2018 թվականից հետո տեղեկատվական դաշտում ՀՀ իշխանությունը լիովին պաշտպանում է թուրքական և ադրբեջանական շահերը։ Այն աշխատանքը, որը մենք տանում էինք մինչև 2018 թվականը, այդ աշխատանքն այսօր չի տարվում, տեսնում ենք, որ միջազգային մամուլում, կարծիքներում Սումգայիթը բացարձակապես ներկա չէ, դրա մասին որևէ մեկը չի գրում ու չի բարձրաձայնում, չի պահանջում դատապարտում ու պատիժ»,- շեշտեց Մարինա Գրիգորյանը։

Հարցին՝ այսօր 120 հազար արցախահայեր գտնվում են ադրբեջանական շրջափակման մեջ, ո՞րն է երաշխիքը, որ Սումգայիթի, հետագայում դրան հաջորդած՝ Գանձակի, Բաքվի ջարդերի կրկնությունը չի լինի, Մարինա Գրիգորյանը պատասխանեց՝ որևէ երաշխիք չկա։

«Սումգայիթյան ջարդերի անպատիժ թողնելը բերեց նրան, որ հետագայում այդ դեպքերը կրկնվեցին ամբողջ Ադրբեջանում, այսինքն՝ Կիրովաբադում, Բաքվում, հետո արդեն՝ Մարաղայում, 2004 թվականին Բուդապեշտում, 2016 թվականին, այնուհետև 2020 թվական, երբ մենք տեսանք, որ հայերին, այդ թվում՝ խաղաղ բնակիչներին սպանում էին նույն եղանակով, ինչպես Սումգայիթում՝ այսինքն՝ մարդկանց գլուխը կտրում էին, հրկիզում և այլն։ Ես չեմ պատկերացում՝ նորմալ մարդն ինչպե՞ս կարող է խոսել Ադրբեջանի հետ խաղաղության մասին, ի՞նչ երաշխիքներով։ 2020 թականի պատերազմի ժամանակ կրկնվեցին սումգայիթյան ջարդերի և՛ մեթոդները, և նպատակները՝ հայ ժողովրդին ցեղասպանելու և էթնիկ զտումներ կատարելու՝ արդեն Արցախում, այդպիսով Արցախը դարձնելով երկրորդ Նախիջևան։

Միայն Արցախի անկախությունը, ինքնիշխանության միջազգային ճանաչումը կարող է երաշխիք լինել, որ Սումգայիթի և հետագա բոլոր ցեղասպան ակտերն Արցախում չեն կրկնվի»,- եզրափակեց Մարինա Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս