«Ազատելով Ռուբեն Վարդանյանին՝ Արայիկ Հարությունյանը մի քանի խնդիր լուծեց». Մետաքսե Հակոբյան

Այսօր մեկնարկած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջին նիստը ընդդիմադիր երեք խմբակցությունները բոյկոտել էին։ Խորհրդարանում Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը հայտարարել էր https://168.am/2023/02/23/1837284.html , որ 3 ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն ապահովելու իրենց մասնակցությունը նիստին:

Նիստից ժամեր անց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց նախորդ տարվա նոյեմբերի 4-ին Պետնախարարի պաշտոնը ստանձնած Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելու մասին։

Ինչո՞ւ Արցախի ԱԺ ընդդիմությունը չմնաց և չմասնակցեց նիստին, որտեղ ուներ հնարավորություն հարց ուղղելու Արայիկ Հարությունյանին, ինչո՞ւ պաշտոնանկ արվեց Ռուբեն Վարդանյանը, և արդյո՞ք ժողովուրդը ոտքի կկանգնի։

168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ի պատասխան այս հարցերի՝ նախ ասաց, որ Արցախն այսօր ապրում է իր պատմության ամենածանրագույն ժամանակահատվածը։ Դրան զուգահեռ՝ մամուլում շրջանառվում են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի թեզերը, որի վառ ապացույցը երեկ հրապարակված փաստաթուղթն է։

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ այդ ամենը որևէ մեկի համար գաղնիք չէր, քանի որ ՀՀ իշխանությունն այս ամբողջ ժամանակահատվածում խոսում է միայն հայ բնակչության իրավունքների մասին։ Եվ այս ամբողջ համատեքստում առնվազն տարօրինակ է Արցախի ԱԺ-ի այսօրվա դրսևորած վարքագիծը։ Այնպիսի տպավորություն է, որ կարծես ոչինչ չի եղել, և ԱԺ-ում պլանային կարգով քննարկում են ընդամենը պլանային հարցեր։ Սա այն դեպքում, երբ Արցախի ու Հայաստանի շուրջ կրքերը բավականին թեժացած են։ Էլ չեմ խոսում ներքաղաքական ծանր իրավիճակի մասին, որը տիրում է Արցախում։

Երեկ Արցախի խորհրդարանական ընդդիմությունը տարածեց նաև հայտարարություն, որտեղ կարևորել էր պայքարի գաղափարը և դրանից շեղվելու անթույլատրելիությունը։ Հետևաբար՝ նման օրակարգով քննարկումները, որոնք տեղի են ունենում ԱԺ-ում, դրանք ընդհանրապես համահունչ չեն օրվա հրամայականին, սրանով պայմանավորված՝ մենք ԱԺ նիստին չմասնակցեցինք»,- պարզաբանեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ նրա, ԱԺ օրակարգով այսօր կեսօրից հետո նախատեսվում էր նաև Կառավարության հետ հարցուպատասխան, և ի զարմանս իրենց՝ եկել էր նաև Արայիկ Հարությունյանը, ինչը բացառիկ երևույթ էր։

«Չեմ կարծում, որ այսօրվա մեր այնտեղ հարցեր տալը կարող էր ինչ-որ բան բացահայտել, քանի որ նման ղեկավար կա նաև Հայաստանում։ Իհարկե, մենք կարող էինք Արայիկ Հարությունյանին ուղղել բավականին լուրջ քաղաքական հարցեր, բայց արդյունքում կստանայինք միայն մանիպուլացնող, շեղող կամ էլ սուտ պատասխաններ, նման փաստեր բազմիցս ունեցել ենք։ Այս պարագայում, երբ Արցախի նախագահը խախտեց միասնականության պայմանավորվածությունը և շեղվեց օրակարգից՝ մեր ու իշխանության օրակարգը չի կարող նույնը լինել։ Մեր օրակարգը նույնն է մնացել, իսկ իրենցն այն է, որ գնան զիջումների, կատարեն Ադրբեջանի պահանջները և առավել վտանգեն Արցախը»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունն ինչու չի պահանջում Արցախի իշխանության հրաժարականը, Մետաքսե Հակոբյանը բացահայտեց՝ հրաժարականը պահանջում են, գուցե այդ ամենը չի երևում, սակայն մեկ տարբերությամբ, որ չենք ցանկանում այնպես անել, ինչպես արեց ՀՀ ներկայիս իշխանությունը 2018 թվականին, այլ խոսքով՝ չեն ցանկանում վերցնել Հայաստանի իշխանությունը զավթածների պահվածքը։

«Դրա համար մենք օրինական գործընթաց ենք սկսել, բազմիցս հորդորել ենք, պահանջել, որպեսզի նախագահն ինքնակամ հեռանա, այս պահանջը և՛ ժողովուրդն է դրել, և՛ քաղաքական ուժերը։

Ռուբեն Վարդանյանին հեռացնելով, արդյունքում՝ կատարվեց Ադրբեջանի պահանջը, անկախ այն հանգամանքից, թե նա ինչ բացատրություն կտա նրա ազատմանը։ Ակնհայտ է, որ ինքը կատարել է Ադրբեջանի պահանջը։ Մյուս կողմից՝ սա Արայիկ Հարությունյանի գործելաոճն է, ամեն դեպքում պատերազմից հետո այս ամենը նրան բնորոշ է։ Նրա շուրջ եղած դժգհությունների վերաբերյալ նա ամեն անգամ ինչ-որ «ցնցող» գործողություններ է կատարում՝ ազատումներ, նշանակումներ և այլն, այդպիսով իրենից հեռացնելով բոլոր կրքերը՝ ցույց տալով, թե բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Նա դրանով կարողանում է ժամանակ շահել և ապահովագրել իր անձը։ Ազատելով Ռուբեն Վարդանյանին՝ Արայիկ Հարությունյանը մի քանի խնդիր լուծեց իր անձի համար։ Նախ, կատարեց Ադրբեջանի պահանջը՝ դրանով փաստելով, որ Արցախի նախագահը ՀՀ իշխանության հետ համատեղ լծված է Արցախ-Ադրբեջան համակեցության գործընթացի իրականացմանը, այսինքն՝ ինտեգրացիան կատարվում է հենց Արցախի նախագահի ձեռքով»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս