«ՀՀ իշխանությունը զավթած թուրքական վարչախումբը բանակցում է Արցախն Ադրբեջանին հանձնելու ուղղությամբ». Էդգար Էլբակյան
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ փետրվարի 22-ին կայացած համատեղ ասուլիսում հայտնել էր, որ Մյունխենում Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպմանն ադրբեջանական կողմը հավաստիացրել է, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև:
«Եվ տևական ժամանակ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը խուսանավում է այս խոսակցության մեջ ներգրավվելուց: Եվ Մյունխենում, ի դեպ, ոչ միայն պանելային քննարկմանը, այլ նաև Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում մենք ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը, հավաստիացումն այն մասին, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա»,- ասել էր Ա. Միրզոյանը:
Այս հայտարարությունից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց, այնուհետև հրապարակեց մի փաստաթուղթ՝ «խաղաղության պայմանագրի» բանակցությունները մեկնարկելու տարրերի վերաբերյալ, որը, ըստ Արմեն Աշոտյանի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները դրա լրամշակված տարբերակի շուրջ Մյունխենում համաձայնության են եկել։
Նշենք, որ հրապարակված փաստաթուղթը բաղկացած է 5 կետից, փաստաթղթի 2-րդ կետում մասնավորապես նշված է, որ՝ համաձայնագիրը կպարունակի հոդված Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որը կհամապատասխանի Ադրբեջանի Սահմանադրությանն ու նրա միջազգային պարտավորություններին։
Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիևի մյունխենյան հանդիպմանը, ապա փորձագիտական շրջանակների գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպմանը որևէ խոսք չասաց Ադրբեջանի ահաբեկչության վերաբերյալ, որն այսօր իրականացնում է Արցախի նկատմամբ։
Ի՞նչ սպասել այն փաստաթղթից, որը հրապարակեց Արմեն Աշոտյանը, ի՞նչ է այդ ամենը նշանակում, և առհասարակ՝ Նիկոլ Փաշինյանը կարողացա՞վ Մյունխենի հարթակն օգտագործել ու միջազգային հանրությանը ցույց տալ Ադրբեջանի ագրեսիան՝ արցախահայության նկատմամբ։
168.am–ի հետ զրույցում պատասխանելով այս հարցերին՝ «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը նախ անդրադարձավ Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո ընդամենը վարչապետ է, այսինքն՝ իրական հայկական շահերի հետ որևէ կապ չունի։
«Մենք տեսանք, որ նույնիսկ անցած տարվա սեպտեմբերյան պատերազմը, որն այս իշխանության օրոք 4-րդ տանուլ տված պատերազմն էր, Ադրբեջանը կարողացավ միջազգային հանրության առաջ արդարացնել՝ որսալով այն հակառուսական վիճակը, որն այսօր կա արևմտյան աշխարհում։
Իրենք մտան այդ ալիքի մեջ ու ասացին՝ գիտեք, Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, մենք մտահոգություն ունենք, որ հայերը ռուսների հետ ուզում են հարձակվել մեզ վրա, դրա համար կանխարգելիչ հարված ենք հասցրել։ Այսինքն՝ բացահայտագույն ագրեսիան, բացահայտ պատերազմը, որ ամբողջ աշխարհն է իրականում հասկանում, որ Ադրբեջանն է արել այն տարածքների դեմ, որոնք այս իշխանություններն ասում են, մեր անձեռնմխելի, սուվերեն, ինքնիշխան տարածքներ են։ Այսինքն՝ կարծել, թե իրենք ինչ-որ կապ ունեն հայկական շահի հետ և այդ շահը պետք է պաշտպանեն՝ անիմաստ է։
Ուզում եմ հիշեցնել, որ իրենց շարքերում կան մարդիկ, որոնք կոչված են բաց տեքստով հնչեցնելու այն մտքերը, որոնք իրենք ուզում են քողարկված ասել։ Նրանք բացահայտ ասում են, որ՝ այո՛, պետք է հանձնել Ղարաբաղը, իբր մնացածը փրկելու համար, և այո՛, պետք չէ 120.000 հոգու համար աղմուկ բարձրացնել, ի՞նչ շահերի պաշտպանության մասին է խոսքը»,- նկատեց Էդգար Էլբակյանը։
Նրա բնորոշմամբ, անվերջ կարելի է տեղում դոփել ու նույն բանն ասել, փոխարենը պետք է էությունը ֆիքսել, իսկ էությունն այն է, որ նույնիսկ նախորդ տարվա ամռանը բրյուսելյան առաջին հանդիպման ժամանակ դեռ հիշատակվում էր Ղարաբաղի «էթնիկ փոքրամասնություն» ձևակերպումը, ինչը միանշանակ հակահայկական ձևակերպում էր։
«Նախքան այս, 26 տարի շարունակ, իսկ ավելի կոնկրետ՝ Երկրորդ և Երրորդ նախագահների իշխանության ժամանակ դա ավելի բյուրեղացավ. հստակ գործ ունեինք «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտության հետ, և ժողովուրդը միջազգային իրավական տերմին է, ինքնորոշման սուբյեկտն է։ Այսինքն՝ միանշանակ բրյուսելյան ձևակերպումը վատն էր, բայց հետո եղան վատ ձևակերպումներ, հետո՝ առհասարակ չձևակերպումներ, այսինքն՝ թղթեր էին ստորագրում, բայց Ղարաբաղի մասին ոչինչ չէր լինում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Ամեն Աշոտյանի կողմից հրապարակած փաստաթղթին, Էդգար Էլբակյանը նկատեց՝ այդ ամենը ոչ թե հայկական կողմն է արել, այլ Հայաստանի իշխանությունը զավթած թուրքական վարչախումբը։
«Ըստ այդմ՝ իրենք բանակցում են Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու, Արցախն Ադրբեջանին հանձնելու ուղղությամբ. այս հարցն այլ պատասխան չունի»,- շեշտեց քաղաքագետը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում