Արցախը՝ Ադրբեջանին ներսից հանձնվելու սպառնալիքի առաջ
Լաչինի միջանցքը փակել են ադրբեջանցի կեղծ «բնապահպանները», ճանապարհի գործունեությունը չեն կարողանում կամ չեն ցանկանում ապահովել ռուս խաղաղապահները, Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում այն բացելու ուղղությամբ, պարզապես փորձում են «հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը»։
Գոնե առաջին հայացքից ստեղծված իրավիճակի կողմերը տեսանելի են՝ Արցախ, Ադրբեջան, Ռուսաստան և Հայաստան։ Բայց զուտ ճանապարհի փակմանը զուգահեռ և որպես հենց այդ փակման նպատակ՝ ակտիվ ներքաղաքական գործընթացներ են տեղի ունենում Արցախի ներսում։ Եթե հակիրճ, Արցախի էլիտայի մի մասը, նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, փորձում է ազատվել նրա իսկ կողմից նշանակված պետախարար Ռուբեն Վարդանյանից։ Ըստ տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանի դեմ գործընթացները տանում է ուղիղ Նիկոլ Փաշինյանի հրահանգով:
Ընդ որում, Ռուբեն Վարդանյանի դեմ արշավը ավելի ակտիվացավ և ըստ էության եզրափակիչ փուլ մտավ Մյունխենում Իլհամ Ալիևի հայտնի հայտարարությունից հետո, որը ոչ այլ ինչ էր, քան պահանջ՝ ազատվել Ռուբեն Վարդանյանից։
Հիմա, ահա, Արցախի էլիտայի մի մասն ամեն կերպ լծված է այդ պահանջն ի կատար ածելուն, արդեն իսկ շրջանառվում է անգամ նոր պետնախարարի անուն, որը հասցրել է անհեթեթ մեկաբանություններ տալ մամուլին՝ իրեն առաջարկված պաշտոնի կապակցությամբ։
Իսկ Հայաստանի քաղաքական իշխանության ներկայացուցիչներն արդեն ուղիղ տեքստով հայտարարում են, որ Ռուբեն Վարդանյանի ազատումը գրեթե կայացած փաստ է, և այլընտրանքը «Զանգեզուրում միջանցք տալն է»։
Չնայած բազմաթիվ առանձնահատկություններին, բազմաշերտ իրողություններին, ունենք իրավիճակ, որում Արցախի պետնախարարի դեմ պայքարում է Ադրբեջանը՝ ի դեմս Ալիևի, Հայաստանի գործող իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի և ՔՊ-ականների, մերձիշխանական քարոզչությունը և արդեն բացահայտ՝ նաև Արցախի վերնախավի մի մասը։
Եվ հիմա, փաստորեն, ամեն պահի սպասվում է քայլ, որը, առանց այլևայլությունների, համարվելու է Ադրբեջանի հերթական հաղթանակը։ Հաղթանակ, որի «կերտմանը», Ալիևից բացի, լծված են նաև Հայաստանի իշխանությունները, մերձիշխանական խաժամուժը և Արցախի էլիտայի մի մասը։ Եթե դա տեղի ունենա, և Ռուբեն Վարդանյանն ազատվի պաշտոնից (թե ինչ ձևակերպմամբ՝ էական չէ), դա առանց չափազանցության նշանակելու է Արցախի արդեն իսկ վերացող սուբյեկտայնության վերջին փշրանքի ոչնչացում՝ բառի ամենաուղիղ իմաստով։
Եվ խնդիրը տվյալ դեպքում ամենևին Ռուբեն Վարդանյանի անձը չէ, այլ երևույթը։ Նույնը միարժեքորեն արձանագրելի կլիներ, եթե Ադրբեջանի պահանջը վերաբերեր Արայիկ Հարությունյանին կամ Արցախի որևէ պաշտոնյայի։
Հասնելով Ռուբեն Վարդանյանի հեռացմանը՝ Ադրբեջանը դե ֆակտո արձանագրելու է Արցախի ներքին կյանքին, պետական կյանքի կազմակերպմանը մասնակցելու իր իրավունքը, Արցախը արտաքին շրջափակման ենթարկելով՝ ստանալու է նաև Լեռնային Ղարաբաղի ներքաղաքական կյանքում որոշում կայացնելու մանդատ, այսինքն՝ Արցախը վերցնելու է նաև ներսից։
Եվ կրկին՝ այս դեպքում Ռուբեն Վարդանյանի անձը երկրորդական է, նույնը վերաբերելի է Արցախի ցանկացած այլ պաշտոնյայի։ Պարզապես, իրերի բերումով, Ռուբեն Վարդանյանը դարձել է այն խորհրդանիշը, պայմանականորեն ասած՝ վերջին մոհիկանը, որի հեռացումը նշանակելու է Արցախի սուբյեկտայնության փաստացի վերացում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ռուբեն Վարդանյանի հեռացումը լուրջ հաղթաթուղթ է դառնալու Ալիևի ձեռքում, որը նա կարողանալու է օգտագործել՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության մեջ։ Ներքին լսարանի համար նա այդպիսով արձանագրելու է հերթական հաղթանակը (ներկայացնելով, որ կարողանում է ազդել Արցախի պաշտոնյաների նշանակման ու ազատման վրա), իսկ արտաքին լսարանին ցույց է տալու, որ Արցախն արդեն հաշվի է նստում իր կարծիքի հետ։ Ընդ որում, պատահական չէ, որ Ալիևն անընդհատ շեշտում է Ռուբեն Վարդանյանի՝ «Ռուսաստանից ներմուծված լինելու», «Ռուսաստանի մարդը լինելու» հանգամանքը։ Հասնելով Վարդանյանի հեռացմանը՝ Ալիևն Ադրբեջանի ներսում դա ներկայացնելու է՝ որպես իր ամենակարողության հերթական դրսևորում (կարողացավ հեռացնել «Պուտինի մարդուն»), իսկ արդեն Արևմուտքին դա հրամցնելու է՝ որպես Արցախում Ռուսաստանի ազդեցության թուլացմանն ուղղված իր ներդրում։
Սա՝ ի պատասխան հայկական որոշ շրջանակներում միամտաբար կամ միտումնավոր տարածվող այն անհեթեթ թեզի, թե Ալիևը՝ խոսելով Վարդանյանի դեմ՝ բարձրացնում է վերջինիս վարկանիշը։
Այսպիսով, այսօր կամ վաղը (փետրվարի 23-ին Արայիկ Հարությունյանը հանդես է գալու ուղերձով) Արցախը բառի ամենաուղիղ իմաստով ջրբաժանային որոշում է կայացնելու։ Ռուբեն Վարդանյանի հեռացումը պետնախարարի պաշտոնից նշանակելու է Արցախի հանձնում Ադրբեջանին նաև ներսից, և դրան մասնակցելու են նաև Արցախի գործող իշխանությունները՝ դառնալով ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև Ալիևի կամակատարները։
Ի դեպ, այս հարցում վճռորոշ կարող է լինել նաև Արցախի հասարակության դիրքորոշումը։ Այս ակնհայտ իրողությունները հաշվի առնելով, արցախցիներն իրենք կարող են որևէ ձևաչափով բողոքի կամ աջակցության ակցիաներ իրականացնել՝ ցույց տալով, որ, ի տարբերություն ամենատարբեր թելերով Հայաստանի ու գուցե արդեն ոչ միայն Հայաստանի իշխանությունների հետ կապված Արցախի քաղաքական էլիտայի, իրենք պատրաստ են պաշտպանել Արցախի ինքնիշխանության վերջին բեկորները։
Հարություն Ավետիսյան