Լաչինի միջանցքը, անշուշտ, մի օր բացվելու է և վերականգնվելու է ոչ միայն քաղաքացիների, այլև բեռների տեղաշարժը։ Բայց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում և Ադրբեջանի մաս, ինչին հաջորդեց Հակարիի կամրջի երկկողմանի փակումն ու ադրբեջանական անցակետի տեղադրումը, այն գործելու է բոլորովին այլ ռեժիմով։
Հասնելով Ռուբեն Վարդանյանի հեռացմանը՝ Ադրբեջանը դե ֆակտո արձանագրելու է Արցախի ներքին կյանքին, պետական կյանքի կազմակերպմանը մասնակցելու իր իրավունքը, Արցախը արտաքին շրջափակման ենթարկելով՝ ստանալու է նաև Լեռնային Ղարաբաղի ներքաղաքական կյանքում որոշում կայացնելու մանդատ, այսինքն՝ Արցախը վերցնելու է նաև ներսից։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ճիշտ է համարում, որ Արցախում ներքին քննարկումների արդյունքում բոլորը ճիշտ եզրահանգման են եկել, որ այսօր գերակա խնդիր կա, և հանուն այդ գերակա խնդրի՝ բոլոր մնացած հարցերը պետք է ստորադասվեն։