Որո՞նք են երեխաների մոտ սրտային անբավարարության նշանները
«Սրտային անբավարարության ժամանակ սիրտն ի վիճակի չէ ապահովել օրգանիզմի պահանջներին համապատասխան արյուն։ Պատճառները շատ տարբեր են․ լինում են բնածին և ձեռքբերովի»,- Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում «Պացիենտի դպրոց» դասընթացի ժամանակ ասաց մանկական սրտաբան Թամարա Ղազարյանը։
Նրա փոխանցմամբ՝ սրտային անբավարարության զարգացման հանգեցնում են սրտի բնածին հետևյալ արատները․ միջփորոքային միջնապատի դեֆեկտը, բաց զարկերակային ծորանը, ամբողջական նախասիրտ փորոքային հաղորդակցությունը, և հազվադեպ միջնախասրտային միջնապատի դեֆեկտը, ընդհանուր զարկերակացողունը, մագիստրալ անոթների տրանսպոզիցիան, թոքային անոթների անոմալ վերադարձը և աորտայի կրիտիկական կոարկտացիան։
«Միջփորոքային միջնապատի դեֆեկտն ամենահաճախ հանդիպող սրտի բնածին արատներից է՝ մոտ 30 տոկոս։ Ըստ տեղակայման՝ լինում է թաղանթային հատվածում (70 տոկոս), մկանային (30 տոկոս)։ Կլինիկական արահայտվածությունն արդեն կախված է դեֆեկտի չափսից․ փոքր դեֆեկտները հիմնականում ինքնուրույն փակվելու հակում ունեն և հազվադեպ են առաջաացնում սրտային անբավարարություն։ Հիմնականում մեծ դեֆեկտների դեպքում կատարվում է բաց վիրահատություն և ցանկալի է՝ մինչև մեկ տարեկանը։ Շատ հաճախ սրտային անբավարարություն առաջացնում է ամբողջական նախասիրտ-փորոքային հաղորդակցությունը։ Բնածին արատների մեջ հանդիպում է 2-3 տոկոս դեպքերում։ Մոտ 50 տոկոս դեպքերում զուգակցված է լինում Դաունի համախտանիշի հետ»,- մանրամասնեց մանկական սրտաբանը։
Ձեռքբերովի սրտային արատներից է, օրինակ, միոկարդիտը, և Թամարա Ղազարյանի փոխանցմամբ՝ դա սրտամկանի բորբոքային հիվանդություն է։ Լինում է ինֆեկցիոն ծագման և ոչ ինֆեկցիոն ծագման։
«Սրտային անբավարարության զարգացման կարող են բերել ռևմատիկ փականային հիվանդությունները, անեմիան, էնդոկրին մետաբոլիկ խանգարումները, քիմիոթերապիան։ Կան որոշակի առիթմիաներ, որոնք նույնպես կարող են բերել սրտային անբավարարության զարգացման։ Հատկապես նորածինների մոտ դա վերփորոքային պարոքսիզմալ հաճախասրտությունն է, երբ սրտի զարկերը 200 և ավելի են լինում։ Փականային անբավարարությունները ևս, որոնք լինում են ձեռքբերովի և բնածին, հաճախ բերում են սրտային անբավարարության զարգացման։ Սրտային անբավարարության ամենավառ նշանը քաշի վատ ավելացումն է։ Մայրիկները հաճախ գանգատվում են քաշի վատ ավելացումից, երեխայի վատ աճից, վատ ուտելուց։ Ինչո՞ւ է լինում քաշի վատ ավելացում․ որովհետև երեխայի մոտ երբ առկա են լինում սրտային անբավարարության նշաններ, շուտ է հոգնում, մեծ քանակությամբ էներգետիկ ծախս է անհրաժեշտ լինում, ուտելու ժամանակը երկարում է, ուտելուց շատ հաճախ հոգնում է, քրտնում, դրա պատճառով ունենում ենք քաշի վատ ավելացում։ Մյուս տիպիկ նշաններից է առատ քրտնարտադրությունը․ այստեղ նշեմ, որ քրտնարտադրություն կարող է լինել ցանկացած երեխայի մոտ, բայց սրտային անբավարարությամբ երեխայի մոտ քրտնարտադրությունը կարող է լինել նույնիսկ հանգիստ պայմաններում»,- նշեց մանկական սրտաբանը՝ հավելելով, որ մյուսը կրկնվող թոքաբորբերն են, քանի որ սրտային անբավարարության պատճառով մեծ քանակությամբ արյան հոսք է լինում դեպի թոքեր։
«Իհարկե, շնչառական ինֆեկցիաներ կարող են լինել նաև առողջ երեխաների մոտ, սակայն, եթե հաճախ են կրկնվում, ուրեմն բարձր է սրտային անբավարարության, սրտային արատի ռիսկը։ Մյուսը հևոցն է և հաճախասրտությունը։ Թոքերում արյունալցման հետևանքով կարճանում է շնչառությունը, դժվարանում և հետագայում առաջանում է հևոց։ Մյուս նշանը սրտի զարկերի հաճախականությունն է։ Նշեմ, որ սովորաբար երեխաների մոտ սրտի զարկերի հաճախականությունն ավելի շատ է լինում, քան մեծահասակաների մոտ։ Օրինակ, նորածնային շրջանում 120-160 զարկը հանգստի պայմաններում նորմալ է համարվում։ Մյուս նշանը հոգնածությունն է, լյարդի մեծացումը, այտուցները, որոնք լինում են աչքերի շուրջ և գոտկային շրջանում»,- եզրափակեց մանկական սրտաբանը։