
Ստեփանակերտից Երևան տեղափոխված պացիենտի վիճակը միջին ծանրության է

Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» դեկտեմբերի 19-ին, Կարմիր խաչի ուղեկցությամբ ծանր վիճակում Հայաստան տեղափոխած հիվանդը հոսպիտալացվել է «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնում։
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ 62-ամյա տղամարդու վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, կայուն, ստանում է համապատասխան բուժում և պատրաստվում է աորտակորոնար շունտավորման:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները», 9 օր է, ինչ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին էլ չեն կարողանում տեղափոխել Երևան, որպեսզի համապատասխան բուժօգնություն ցուցաբերվի: