Մինչև 4-5 տարեկան երեխաները կարող են լացի ժամանակ շունչը պահել, կապտել․ ե՞րբ պետք է անհանգստանալ

«Կապտությունը լինում է երկու տեսակի․ կենտրոնական և ծայրամասային։ Ծայրամասային ցիանոզի կամ կապտության դեպքում մենք տեսնում ենք, որ բերանի շուրջ կամ աչքերի տակ լինում է կապույտ երանգավորմամբ։ Բայց այս երեխաների մոտ, երբ չափում ենք սատուրացիան, տեսնում ենք, որ նորմայի մեջ է։ Հաճախ դիտվում է նորածինների, փոքր տարիքի երեխաների մոտ, քանի որ երակներն ավելի մակերեսային են տեղակայված, մաշկը բարակ է»,- ասաց մանկական սրտաբան Հասմիկ Մինասյանը՝ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում «Պացիենտի դպրոց» դասընթացի ժամանակ «Կապտություն: Ե՞րբ է սիրտը մեղավոր» թեմայով դասախոսության ընթացքում։

Նրա փոխանցմամբ՝ ծնվելուց հետո առաջին տասը րոպեում կարող   է նորածինն ունենալ կենտրոնական կապտություն, որն անցողիկ բնույթ է կրում։

«Կենտրոնական կապտություն կարող  է առաջանալ շնչառական, նյարդաբանական, ինֆեկցիոն պատճառներով։ Երբ երեխային թթվածին ենք տալիս, ու սատուրացիան բարձրանում է 99-100 տոկոս, ապա կարելի է ասել, սրտի արատի գաղափարը դուրս է գալիս, որովհետև սրտային կապտության դեպքում ինչքան էլ թթվածին տանք՝ սատուրացիան բարձրանում է, բայց երբևէ չի անցնում 95 տոկոսը։ Լացի պայմաններում շատ հաճախ երեխաները շունչը պահում են, որը կարող  է մինչև մեկ րոպե տևել։ Աստիճանաբար երեխան կապտում է և կարող է ուշագնաց լինել։ 1-2 րոպեից իր գույնը վերականգնվում է։ Ու, եթե այդ նոպայից դուրս ունենք սատուրացիայի բարձր թվեր, ապա շունչը պահելը ոչ մի կերպ չի ասոցացվում սրտի արատի հետ։ Այս դեպքում խորհուրդ է տրվում շատ չխառնվել․ մինչև 4-5 տարեկանը երեխաները կարող են լացի ժամանակ շունչը պահել, կապտել։ Սա մտածված չեն անում, և հատկապես մեծ երեխաների դեպքում պետք չէ բարկանալ, այլ ընդհակառակը, պետք է հանգստացնել, որ սկսի շնչել, և այդ կապտությունն անցնի»,- պարզաբանեց մանկական սրտաբանը՝ հավելելով, որ շունչը պահող երեխային պետք չէ ուղղորդել սրտաբանի մոտ, եթե սատուրացիան այս նոպայից դուրս իր սահմաններում է։

Կարդացեք նաև

Հասմիկ Մինասյանը նշեց, որ սրտի արատները հաճախ հանդիպող բնածին դեֆեկտներն են։ «110 նորածնից մեկն ունի սրտի արատ։ Բոլոր արատների մեջ 15 տոկոսը կազմում են կապույտ արատները։ Շունչը պահելու նոպայից ամբողջովին տարբերվում է հևոց-ցիանոտիկ նոպան։ Բնորոշ է կապտության նոպան, որը հաճախ առաջանում է լացի, բարձր ջերմության, աղիները գործելու ճիգերի պայմաններում։

Երեխան լացում է, լինում է շատ գրգռված ու ոչ մի կերպ չի հանգստանում։ Առաջին քայլը, որ ծնողը պետք է անի, ոտքերը դեպի որովայնը սեղմելն է․ ապա մոտեցնել պատուհանին՝ մաքուր օդի համար։ Եթե չի հանգստանում երեխան, ապա պետք է արագ տեղափոխել մոտակա հիվանդանոց։ Մի փոքր տարիքով մեծ երեխաների դեպքում ծնողները կարող են նկատել, որ խաղում է, մեկ էլ կքանստում է․ այստեղ անգիտակցորեն, բայց արյան հոսքը դեպի սիրտ ավելացնելու գաղափարն է։ Ծնողները պետք է ուշադիր լինեն բալիկի վարքագծին, քանի որ փոքր բաները կարող են հուշել նոպայի մասին, որը կարող է և վտանգավոր լինել»,- ընդգծեց մանկական սրտաբանը։

Հասմիկ Մինասյանը հորդորեց ծնողներին ուշադիր լինել անգամ փոքր գանգատի դեպքում։

«Կարևոր է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը հաճախ ստուգելը։ Ոշադիր պետք է լինել երեխայի գանգատներին, վարքագծին։ Գլխացավը կարող  է լինել թթվածնի ցածր լինելու առաջին գանգատներից մեկը։ Երեխան կարող է շփոթված, ցրված լինել, անընդհատ լացել, շուտ հոգնել, վատ ուտել․ սրանք կապտության նշաններից են»,- եզրափակեց մանկական սրտաբանը։

Տեսանյութեր

Լրահոս