«ՀՀ իշխանությանը կխնդրեի առհասարակ չխոսել… Այնպես են խոսում մեր հողերի մասին, որ իսկի թուրքն էլ դրանց մասին այդպես չի խոսում». Գրետա Արզումանյան

Արցախի Հանրապետության պետական համալսարանի Պատմության և իրավունքի ֆակուլտետի իրավունքի աբիոնի վարիչի պաշտոնակատար, վաստակավոր իրավաբան Գրետա Արզումանյանի խոսքով՝ Արցախի ինքնորոշման հարցը, ինքնուրույն պետականության հաստատման՝ անխոցելի է իրավական, պատմական, միջազգային իրավունքի, ազգային և նույնիսկ հոգևոր առումով։

«Բոլոր առումներով Արցախի ինքնորոշման հարցն անխոցելի է։ Թեպետ ես չգիտեմ՝ ինչ-ինչ քաղաքական շահերից ելնելով՝ չի ստացվել այդ իրավունքը ճանաչել, բայց մենք հույս ունեինք, որ մեր հարցն անխոցելի լինելով՝ պիտի որ իրականանար։

Ինքներս մեր մեջ խոսելով՝ ասում էինք՝ մեր հարցը լուծված-պրծած է, որովհետև ծաղկուն երկիր ունեինք, մնում էր միայն ճանաչման հարց, այդ հարցի լուծմանն էլ, գիտեինք, որ բանակցությունների միջոցով կհասնեինք։ Բայց այսօր բավական չէ՝ Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, դեռ մի բան էլ սխալ է խոսում մեր մասին։ Այդ ի՞նչ խոսակցություններ են, թե Արցախի հարցը չլուծվող հարց է, զրո հավանականություն ունի և այլն։ Անհարմար է, որ մենք նման բան ենք լսում հենց հայից»,- 168.am հետ զրույցում ասաց Գրետա Արզումանյանը՝ անդրադառնալով Արցախի ինքնորոշման հարցին և դրա վերաբերյալ ՀՀ իշխանությունների լռությանը։

Ըստ նրա, նմանօրինակ խոսակցություններն արցախահայությունը վատ է ընդունում, մասնավորապես՝ ինտելիգենցիան։

Կարդացեք նաև

«1988 թվականի Արցախյան շարժումը երբ սկսվեց, ինձ հետ աշխատող թուրք դատավորները, դատախազներն ասում էին՝ ոչինչ, դուք իրար ուտելու եք, մենք էլ զարմանում էինք, թե ինչ են ասում։ Բայց արի ու տես, որ կարողացան ազգին այն աստիճան պառակտել, որ այս օրին ենք, եթե չեն կարողանում օգնել, գոնե չվնասեն։ Հրապարակայնորեն մեր շահին հակասող հայտարարություններ են անում, վաղն այդ հայտարարությունների տակից դուրս չենք կարողանալու գանք, գոնե մի հույս թողնեն։ Սովորական քաղաքացիները կարող են նման հայտարարություն անել, բայց երբ երկրի ղեկավարն է նման բանում անում՝ անհասկանալի է, և այդ ամենը վաղը մեր դեմ են օգտագործելու։

Ես ՀՀ իշխանությանը կխնդրեի առհասարակ չխոսել. օրերս ՀՀ ԱԺ-ում իշխող կուսակցության կարծիքն էր արտահայտում պատգամավոր Գուրգեն Արսենյան կոչվածը, բա ամոթ չի՞, մենք Հայաստանի թիկունքն են պահում։ Ամոթ է, ամոթ, պատմականորեն մենք միշտ մեջք մեջքի տված իրար պահել ենք՝ որպես մեկ ազգ, բայց այսօր ինչ ասես՝ լսում ենք. «Ղարաբաղի թուրքեր», «նախկին թալանչիներ» և այլն։ Մեղքն էլ չափ ունի, սրանց մեղքը չափ չունի, մի կոռուպցիոն դեպքն ուռճացրել, մեծացրել ու ստից բաներ են խոսում։ Բայց այդ ամենից առաջ պետականությունն էր, սահմանն էր, այդ կոռուպցիան ու այլ հարցեր ընթացքում կարգավորվում էին՝ Արցախում էլ, Հայաստանում էլ, իսկ ով չէր ցանկանում տեսնել՝ կույր էր»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ միշտ էլ մտածել են, որ կարևորը պետություն ունենալն էր, մնացած թերությունները երկրի ներսում կշտկեին, բայց երբ սահման չկա, պետականությունը վտանգված է, որևէ բան էլ չի կարգավորվի։

«Ցավալին այն է, որ ՔՊ-ական ամբողջ թևն այդպես է մտածում, որ 120 հազար արցախահայերի կզոհեն՝ 3 մլն հայի պահելու համար, խնդրում եմ, թող չխոսեն, ախր ճիշտ էլ չեն խոսում։ Այնպես են խոսում մեր հողերի մասին, որ իսկի թուրքն էլ դրանց մասին այդպես չի խոսում։ Թող լռեն ու չբարդացնեն առանց այն էլ դժվարին մեր վիճակը»,- եզրափակեց  Գրետա Արզումանյանը։

Տեսանյութեր

Լրահոս